Հայերեն   English   Русский  

«Թե ապրել կուզե գառը նորածին, պետք է իր ակռան սրե լռելյայն». ավարտվեց երկրորդ «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսը


  
դիտումներ: 1140

Մարտի 29-31-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ միջազգային ցուցահանդեսին այս տարի մասնակցում էր 30 ընկերություն՝ 14 երկրներից, այդ թվում Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Մասնակից ընկերությունները ներկայացնում էին իրենց նոր մշակումները, ինովացիոն լուծումները, որոնք կարող են կիրառական նշանակություն ունենալ զինված ուժերում:

Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում էր սպառազինությունների և գործնականում կիրառվող ռազմական տեխնիկայի ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ:

Քանի որ ներկայացված տեսականին բավականին մեծ էր ու բազմազան, անդրադառնանք հատկապես հայրենական արտադրության տեխնիկայի ու միջոցների մեզ համար առավել հետաքրքիր մշակումներին ու նորույթներին:

Այս առումով աչքի էր ընկնում հայկական KБX ընկերությունը, որը ցուցահանդեսում ներկայացնում էր կամիկաձե տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց նմանը, ըստ հեղնակների, չկա ամբողջ աշխարհում, հետախուզական, հարվածային անօդաչուներ, հետախուզա-հարվածային անօդաչու ուղղաթիռներ, «անօդաչու տանկ», հեռակառավարվող հրազենային համակարգ և այլն:

Ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրեց 4 տեսակի անօդաչու թռչող սարք, ընդ որում ցուցահանդեսի ամենամեծ ԱԷՍ-ը հենց այս ընկերության մշակումն էր:

«Այս անօդաչուն կարող է ծառայել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական նպատակներով, այստեղ ներկայացվածներից ամենամեծ արագություն ունեցողն է: Այս ԱԹՍ-ն կարող է զարգացնել 250-300 կմ/ժ արագություն: Սարքը կարող է թռչել 2,5-5 կմ բարձրությամբ, գործողության շառավիղը մինչև 300 կմ է: Այն կարող է տանել մինչև 10 կգ օգտակար բեռ՝ տեսախցիկ, արկեր կամ պայթուցիկ նյութ և կարող է օդում մնալ մինչև 1 ժամ»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԹՍ-ների ինժեներ Արմեն Միքայելյանը:

Ընկերության մյուս մարտական ԱԹՍ-ն 40 կմ շառավղով գործող, մի քանի կգ օգտակար բեռ տանող կամիկաձե-ԱԹՍ-ն է, որը թիրախն ընտրելուց հետո ավտոնոմ ռեժիմով հասնում է նրան ու պայթում. խոցումը հնարավոր չէ չեղարկել:

«ԱրմՀայԹեք-2018»

Ընկերությունը ներկայացնում էր նաև մարտական անօդաչու ուղղաթիռ, որը ավելի կարճ տարածություններում կիրառելու համար է, կարող է բարձրացնել մի քանի կիլոգրամ օգտակար բեռ, իսկ մինչև թիրախը խոցելը կատարում է հետախուզական աշխատանք:

Բայց КБХ ընկերության ներկայացրած մշակումներից առավել ուշագրավ էին անօդաչու տանկն ու «Scorpion C» ինքնավար գնդացրային հարթակը:

«Անօդաչու տանկ» կոչվող թրթուրավոր հարթակն իր վրա 300 կգ օգտակար բեռ տանելու հնարավորություն ունի: Թրթուրավոր ինքնագնաց այդ սարքի վրա կարելի է տեղադրել նաև հակատանկային ական, գնդացիր կամ ՀՕՊ միջոցներ: Այսինքն, եթե նրա վրա տեղադրված լինի հակատանկային ական, մոտենալով տանկին՝ կարող է ոչնչացնել այն, կամ եթե գնդացիր է, ապա զինվորի փոխարեն կարող է մարտի ժամանակ կրակ վարել: Այս սարքի միջոցով նաև հնարավոր է կրակի վարման ժամանակ անհրաժեշտ միջոցներ հասցնել բարդ մարտական իրադրության մեջ գտնվող զինվորներին՝ սկսած ռազմամթերքից մինչև դեղորայք և առաջին օգնության պարագաներ: Քաշը 150 կգ է և մինչև 40 կմ/ժ արագություն կարող է զարգացնել»,- «Անկախին» ներկայացրեց ընկերության բաժնետեր Արման Խաչատրյանը:

Ընկերության հաջորդ նորարարությունը մարտական դիրքերում օգտագործելու համար նախատեսված «Scorpion C» անունը կրող, գետնի մեջ թաղվող սարքավորում է: Օրինակ, երբ հակառակորդը հարձակվում է, օպերատորը կամ զինվորը հրաման է տալիս հեռակառավարման վահանակով, արկղը բացվում է, միջից դուրս է գալիս գնդացիրն ու կրակում է թիրախների ուղղությամբ՝ պաշտպանելով իր մարտական շառավղով նախատեսված տարածքը:

«Մեր ընկերության կարևորագույն ուղղություններից մեկը, որին 2014 թվականից մենք տարբեր կերպ անդրադառնում ենք, հրաձգային զինատեսակների ավտոմատացման համակարգերն են: Այս վերջին մոդիֆիկացիան՝ «Սկորպիոնը», նախատեսված է նրա համար, որ տեղադրման վայրում «թաքնված լինի» ու սպասի, մինչև կիրառման համար անհրաժեշտ պահը գա: Սպասման ռեժիմում «Սկորպիոնը» կարող է մնալ մինչև 4 ամիս: Այդ ընթացքում որ պահին որ պետք լինի, համակարգը գործում է, այն իր վրա ունի նշանոցային ու հեռաչափ համակարգեր, կատարում է իր առաքելությունն ու էլի վերադառնում նախկին դիրքին: Հիմնական միտքն այն է, որ այն հնարավոր լինի կառավարել ավելի հեռվից, շատ մատչելի գին ունենա, արդյունքներ ապահովող և հարմար լինի արագ ու հեշտ տեղափոխելու համար: Ընդհանուր քաշը հաշվարկված է այնպես, որ 4 զինվոր կարող են ձեռքով այն տեղափոխել անհրաժեշտ կետ»,- ներկայացրեց KБX ընկերության բաժնետեր Արման Խաչատրյանը:

Բոլորի ուշադրությունը սևեռվում էր նաև «Պրո Մակ» (Pro MAQ) ընկերության տաղավարում ներկայացրած ցուցանմուշներին: Այս ընկերությունը ներկայացնում է հայկական արտադրության նոր անօդաչու թռչող սարքերը՝ BEEB-1800, BEEB-3000, BEEB-3200, S-1 և HREESH ԱԹՍ-ները, որոնք բազմաֆունկցիոնալ են, հետախուզական, հետախուզական-հարվածային, հարվածային, հրետանու կրակի կառավարման նշանակություններ ունեն: Իհարկե, ուշադրության կենտրոնում երկար սպասված «Հրեշ» ԱԹՍ-ն էր: Այս անօդաչուն աշխատում է էլեկտրական իմպելլեր շարժիչով, հարձակողական մահապարտ ԱԹՍ է և նախատեսված է հակառակորդի թիրախները խոցելու համար։ «Բիբ»-երը հետախուզական-հարվածային են:

«ԱրմՀայԹեք-2018»

Բավականին հետաքրքիր էր նաև այս ընկերության ներկայացրած «S1» մոդելը, որը զուտ հետախուզական է, սակայն մշակողներն ավելացրել են ևս մեկ խիստ կարևոր գործառույթ: Օնլայն ռեժիմում այդ ԱԹՍ-ի նկարահանած տեսանյութի ցանկացած օբյեկտի վրա սեղմելիս այն միանգամից ցույց է տալիս օբյեկտի կորդինատները: Սա շատ կարևոր գործառույթ է հրետանու համար: Սրա կիրառմամբ հրամանատարը կարող է հենց իր մոտից բաց թողնել անօդաչուն ու առանց մարդկային ռեսուրսի ստանալ անհրաժեշտ օբյեկտի ճշգրիտ կորդինատները։

«Պրո Մակ» ընկերության անօդաչուների կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ փորձարկումները ցույց են տվել՝ հայկական այս հարվածային անօդաչուները տեսանելի չեն հակառակորդի ռադիոլոկացիոն համակարգերի համար, պաշտպանված են ՌԷՊ միջոցներից:

«Մեր անօդաչուները լոկատորների համար, այսպես ասած, հեշտ տեսանելի չեն, գերժամանակակից համակարգերով, միգուցե, բայց իրենց մանևրայնության ու արագության շնորհիվ կարող են հասնել թիրախին առանց խոցվելու: Եվ գլխավորը՝ բոլոր սարքերի թե՛ մեխանիկական, թե՛ էլեկտրոնային կառավարման բոլոր համակարգերը նախագծված են Հայաստանում: Բոլորն ավտոպիլոտ, նավիգացիոն կապի համակարգեր են: Այս անօդաչուներն ունեն բավականին պաշտպանված ռադիոկապի համակարգեր, որոնք ժամանակակից հակազդման միջոցների համար անհասանելի են դարձնում այս անօդաչուներին որսալը»,- բացատրեց ընկերության ինժեներ Դավիթ Գալոյանը:

Բացի այդ, ընկերությունը նախագծել է նավիգացիոն սեփական համակարգ, որը հնարավորություն կտա ավիացիային կատարելու առաջադրանքն անգամ GLONASS և GPS համակարգերի անջատվելու դեպքում: Այն նաև, ապահովում է կորդինատների որոշման մինչև 5 մետր ճշտություն: GPS և GLONASS համակարգերի խափանման դեպքում այն լիարժեք շարունակում է ապահովել սարքի աշխատանքը:

Ընկերությունը ստեղծել է նաև զինվորների և հրամանատարների համար ձայնային ու տեքստային կապի համակարգ, որը հնարավորություն է տալիս ձայնային կապ հաստատելու, տեքստային հաղորդագրություններ ուղարկելու, ինչպես նաև փոքր ծավալի քարտեզներ, ֆայլեր, կորդինատներ ուղարկելու և լիարժեք ապահովելու հաղորդակցությունը զինծառայողների միջև։ Դյուրակիր կապի այդ նոր համակարգը նույնպես պաշտպանված է ՌԷՊ միջոցներից` ռադիոճնշումից, ինֆորմացիայի գողացումից. լիովին կոդավորված կապ է, որը լսել կամ վերծանելն անհնար է:

Ուշադրություն գրավեց նաև ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական համալիրում մշակված ARMY-55 անօդաչու թռչող ինքնաթիռը, որը կատարում է ֆոտո- և տեսանկարահանում:

«Թռեքինգ համակարգով կարող է ֆիքսել հետաքրքրող օբյեկտը, և արդեն այդ օբյեկտը որ կողմ շարժվի կամ ինքնաթիռը որ կողմ շարժվի, ֆիքսված օբյեկտը միշտ գտնվում է տեսադաշտում: Ամբողջությամբ հայկական արտադրության է, առավելագույն հեռավորությունը 100 կմ է, աշխատանքային հեռավորությունը՝ 80 կմ, մաքսիմալ բարձրությունը 4500 մ, միջին արագությունը 130 կմ/ժ: Այս մոդելը կարող է օդում մնալ մինչև 3 ժամ: Շարժիչը բենզինային է»,- ներկայացրին նախագծող ընկերության ներկայացուցիչները:

Ցուցադրված էր նաև շարժական հենարանային սարքի վրա տեղադրված «Իգլա» զենիթահրթիռային համալիր: Իհարկե, հենարանային սարքը նորություն չէ, այն ցուցադրվում էր նաև «Ազգ-բանակ» ցուցահանդեսի շրջանակներում, բայց այս անգամ ներկայացվել էր ավելի մոդեռնացված:

«Զենիթային հրաձիգների համար մեր մասնագետների ստեղծած շրջուն հենարանային սարքն է: «Իգլան» հարմարացված է շրջուն հեներանային սարքի վրա, որը թույլ է տալիս հրաձիգին առավել երկար ժամանակով կատարել մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում արձակել հրթիռը: Այս անգամ նորամուծությունն այն է, որ «Իգլա» համակարգի վրա ավելացրել են ջերմատեսիլ նշանոցը, որը հայկական նոր արտադրանք է, թույլ է տալիս գիշերային կամ վատ տեսանելիության պայմաններում հայտնաբերել թիրախը, տեղում որոշել դրա կորդինատները, կատարել արձակում, նշանակակետի ոչնչացում»,- մեզ հետ զրույցում նշեց զենիթահրթիռային դասակի հրամանատար, լեյտենանտ Վահրամ Լոռեցյանը:

Չենք անդրադառնում ցուցահանդեսում ցուցադրված հայրենական ռազմարդյունաբերական համալիրի այլ մշակումներին՝ ՌԷՊ, ՀՕՊ համակարգերին, կրակի կառավարման համակարգերին, ինժեներա-սակրավորային միջոցներին ու պարագաներին, հրաձգային զինատեսակներին, օպտիկական և լազերային տեխնոլոգիաներով պատրաստված սարքերին, դիտարկման համակարգերին, տեսախցիկներին ու տեխնիկային, որոնց «ԱրմՀայԹեք-2016» ցուցահանդեսի շրջանակներում «Անկախն» անդրադարձել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: