Հայերեն   English   Русский  

​Նպատակը դպրոցում ռազմագիտությունը լավ դասավանդելն ու ռազմագիտության պատրաստված ուսուցիչներ ունենալն է


  
դիտումներ: 2385

Կրթության և գիտության նախարարությունն անցյալ շաբաթ հանրային քննարկման դրեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը, որը շատ բուռն արձագանքների արժանացավ:

Այս նախագծի ու դրանում տեղ գտած այն կետերի ու դրույթների մասին, որոնք հանրային բուռն քննարկումների առիթ են դարձել, «Անկախը» զրուցել է ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանի հետ:

- Պարո՛ն Պետրոսյան, մինչ ռազմավարության նախագծին անցնելն ուզում ենք իմանալ՝ որն էր նման ռազմավարության նախագիծ մշակելու առիթը կամ կարիքը, ի՞նչ խնդիրներ, մտահոգություններ կային, որոնք մինչ այժմ չեն կարգավորվել և այս նախագծով է փորձ արվում կարգավորել:

- Ռազմավարությունն ուղղված է ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների միասնական կազմակերպմանը, ինչպես նաև հայրենիքի պաշտպանությանը և ներքին ու արտաքին մարտահրավերներին պատրաստ քաղաքացիների ձևավորմանը: Նշեմ, որ հարցն այնքան էլ կարգավորելը չէ, քանի որ ոլորտում բավական շատ խնդիրներ կարգավորված են, պարզապես բազմիցս նշել ենք, որ ոլորտն արդիականացնելու խնդիր կա, և ռազմավարության մեջ նկատի ենք ունեցել հատկապես ԿԳՆ-ի կողմից իրականացվող կադրային քաղաքականությունը, կադրերի հետ տարվող աշխատանքը: Այսինքն՝ կոնկրետ ռազմագիտություն առարկայի ոլորտում կատարել որոշակի փոփոխություններ՝ կապված դասագրքերի հետ, կապված մեթոդական աշխատանքների և կադրերի հետ:

- Նախագծի հրապարակումից անմիջապես հետո կարծիքներ հնչեցին, որ նման ռազմավարությունները տանում են երկրի ռազմականացման, մենք ստեղծում ենք խիստ ռազմականացված պետություն ու հասարակություն, դրանով փորձ է արվում պատրաստել, այսպես ասած՝ «պատերազմի սերունդ»:

- Այդ պնդումներն ինձ հուշում են մի բան, որ ռազմավարությունն ընթերցողները լավ չեն հասկացել կամ էլ մինչև վերջ չեն ընթերցել այն: Դրանում որևէ կետ, տող գոյություն չունի, որը կտանի ռազմականացման կամ ռազմականացման խորացման: Նախ պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում ռազմականացում: «Պատերազմի սերունդ պատրաստել» հասկացողությունն էլ միանշանակ չէ: Եթե մենք իրականացնում ենք կրթություն, երեխաներին կրթում ու տալիս ենք որոշակի գիտելիքներ, դա դեռ չի նշանակում, որ մենք նրանց պատրաստում ենք պատերազմի: Այդ երեխան դպրոցն ավարտելուց հետո զորակոչվում է բանակ և այնտեղ ստանում խորը մասնագիտական գիտելիքներ, պատրաստվում է երկիրը պաշտպանելու: Իսկ այստեղ մեր խնդիրն այն է, որ կարողանանք այդ երեխաներին նվազագույն գիտելիքներ տալ ռազմագիտություն առարկայից, ոչ թե պատրաստել պատերազմի: Հանրակրթական դպրոցներում 8-12-րդ դասարաններում ուսումնասիրում են նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկան, մենք ավելի շատ ուզում ենք այդ առարկայի դասավանդումն արդիականացնել, ռազմագիտության ուսուցիչներին վերապատրաստել և այլն:

- Ռազմավարությունում գրվում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է իրականացվի դպրոցական ամբողջ ցիկլի ընթացքում, դրանից տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ դպրոցական ուսումնառության տարիքում, դեռ մի բան էլ հետդպրոցական տարիքում այդ առարկան են սովորելու:

- Նման բան գոյություն չունի, մենք պարզապես թարմացնում ենք ՆԶՊ առարկան դպրոցներում՝ 8-12 դասարանների շրջանակներում: Այսինքն՝ խոսքը վերաբերում է միայն այն ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են հանրակրթական ծրագրեր, ինչպես նաև քոլեջներին և ուսումնարաններին, որտեղ ևս ռազմագիտություն առարկան անցնում են, միայն այդ շրջանակներում: Խնդիրն այն է, որ պետք է ամրապնդվեն նաև միջառարկայական կապերը, որովհետև չենք կարծում, որ միայն զինղեկով կլրացվի բացը և այդ հսկայական աշխատանքը կկատարվի: Նաև նշեմ, որ 12-րդ դասարանի ծրագրերն ենք փոփոխում, քանի որ մինչև այժմ դասագիրք չի եղել, այլ նախկին ընթացքի կրկնությունն է եղել 12-րդ դասարանում: Հիմա նոր դասագիրք ենք մշակում ՊՆ-ի հետ համատեղ, որտեղ էլ ավելի շատ շեշտը կդրվի գործնական աշխատանքների վրա:

- Նախագծի մեկ այլ կետ, որ խիստ վրդովեցրել էր մարդկանց, օտար մշակույթներին հաղորդակից լինելը որպես բացասական գործոն նշելն էր: Ինչո՞ւ եք կարծում, որ օտար մշակույթներին հաղորդակից լինելը բացասաբար է անդրադառնում ռազմահայրենասիրական դաստիարակության վրա:

- Այդ կետի հետ կապված՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն մտահոգ քաղաքացիներին, որոնք այս մի քանի օրերի ընթացքում իրենց մտահոգությունները, դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացնում: Շատ ուրախ ենք, որ ստանում ենք առաջարկներ, որոնք էլ ավելի լավը կդարձնեն այս նախագիծը, այդ առաջարկները հաշվի ենք առել և կոնկրետ այդ կետը թյուրըմբռնումների պատճառով ընդհանրապես հանել ենք նախագծից, խմբագրվել է այդ կետը:

- Խնդրահարույց էր նաև «հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստ քաղաքացիների առկայությունը» ձևակերպումը: Մի՞թե հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստ քաղաքացիների առկայությունն այդքան լուրջ խնդիր է:

- Եթե անգամ նման մարդիկ չլինեն, մենք այդ աշխատանքները երբեք չպետք է թուլացնենք: Չպետք է անպայման ասենք, թե մենք նման բաց չունենք, հետևաբար չպետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանենք: Մենք ուղղակի ուզում ենք մեր պարտականությունը կատարել դպրոցում: Այսինքն՝ եթե անգամ այսօր այդ խնդիրը չունենք, դա ամենևին չի նշանակում, թե վաղը չենք ունենալու:

- Հիմնավորումների մեջ այնպիսի ձևակերպումները, ինչպիսիք են «դպրոցական երեխաների մոտ փողոցային արատավոր դրսևորումների աճը, փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումն ու համապատասխան վարքագծի դրսևորումը», ի՞նչ են նշանակում, ինչպե՞ս են նման երևույթները դրսևորվում դպրոցներում ու ինչպե՞ս եք պատրաստվում դրա դեմ պայքարել:

- Երբ խոսում ենք ընդհանրապես հանրակրթական դպրոցների կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին, ապա երեխաներն այնտեղ սովորում են մինչև ժամը 14-ը: Իսկ դրանից հետո նրանց մի մասը հաճախում է արտադպրոցական հիմնարկներ կամ պարապմունքների, բայց կա մի հատված, որ չի հաճախում արտադպրոցական հիմնարկներ: Այդ երեխաները որոշակի շփումներ ունեն դրսում: Այստեղ հիմնականում խոսքը դպրոցում գործող դաստիարակության գործընթացին է վերաբերում, դասապրոցեսը, դաստիարակությունն ու արտադպրոցական զբաղվածությունն ավելի ճիշտ կազմակերպելու, երեխաներին ավելի ճիշտ ուղղորդելու հարցերին: Խնդիրը հետևյալն է. մենք որքան շատ հնարավորություններ ունենանք երեխաներին արտադպրոցական հիմնարկներում կամ ինչ-որ այլ լրացուցիչ զբաղմունքով զբաղեցնելու, այնքան լավ, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կողմնորոշվել և՛ մասնագիտության ընտրության, և՛ իրենց ունակությունների զարգացման հարցում: Մի խոսքով, այս դրույթը ոչ թե վերաբերում է ինչ-որ հստակ երևույթի, այլ մենք դա դիտարկում ենք ընդհանուր դաստիարակության շրջանակներում, և ասում ենք, որ պետք է դրա վրա փորձենք ուշադրություն դարձնել, որ երեխան իր ժամանակը ճիշտ օգտագործի, գոնե արտադպրոցական հիմնարկներում:

- Նախագծում նշվում էր «թմրամոլություն, թունամոլություն, սեռական այլասերվածություն և նմանատիպ այլ բարքերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում ինչպես ռազմահայրենասիրական դաստիարակության, այնպես էլ հոգեբանական դաստիարակության իրականացման գործընթացին»: Իրո՞ք այդ ամենը՝ թմրամոլությունը, սեռական այլասերվածությունը և այլն, լուրջ խնդիրներ են դպրոցում:

- Այստեղ մենք նորից գալիս ենք տարըմբռնման: Մենք ոչ թե ասում ենք՝ դպրոցում գոյություն ունեն նման արատավոր բարքեր, ոչ թե ասում ենք՝ դպրոցն է դա, այլ մենք դա նշում ենք որպես միջավայրում գոյություն ունեցող մարտահրավեր: Եթե անգամ այսօր չկա, վաղը կարող է լինել, կարող է անցյալում է եղել, որն իր հետևանքներն է ունեցել: Այսինքն՝ դուք վերցնում եք ռազմավարությունն ու ասում՝ այս պահին այսինչ երևույթը կա կամ չկա: Ո՛չ, այնտեղ որևիցե ժամանակահատված նշված չէ, այլ դրանք մտավախություններ են, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ դրանք չեն դառնա մարտահրավեր: Այսինքն՝ մենք նշել ենք այդ հանգամանքները և դրանց հիման վրա ասում ենք, որ մեր մասնագետներին պետք է լավ մասնագիտական գիտելիքներ տանք, քանի որ ռազմագիտության ոլորտի մասնագետները հիմնականում ՊՆ ռեզերվից ենք վերցնում: Այդ մարդիկ մանկավարժական կրթություն քիչ են ունենում, և մեր խնդիրն է այդ մարդկանց ավելի շատ զինել մանկավարժական գիտելիքներով ու հմտություններով հետո նոր նրանց գործուղել դպրոցներ այս աշխատանքներն իրականացնելու: Մենք ունենք որոշակի մտավախություններ թե՛ ապագայի, թե՛ ներկայի կապակցությամբ, ոչ թե ասում ենք՝ այսօր՝ հենց այս պահին կան նման պրոբլեմներ: Ո՛չ: Ուղղակի ի մի ենք բերել մտավախությունները՝ հետագա աշխատանքները չթուլացնելու և նոր աշխատանքներ տանելու համար: Նպատակը ոչ թե հետևանքները վերացնելն է, այլ կանխարգելելը:

- Հանրության շրջանում տեսակետ կա, թե այս ամենի պատճառն այն է, որ մեր բանակը համալրման լուրջ խնդիր ունի, հետևաբար մենք ստիպված ենք բանակին միանգամից պատրաստված զինվոր տալ:

- Այս ամենի նպատակը մեր աշխատանքը որակյալ կատարելն է, և այս ռազմավարությունն ավելի շատ ուղղված է ռազմագիտության ուսուցչի պատրաստվածությանը, գիտելիքների հարստացմանը նպաստելուն: Եթե հետադարձ հայացք նետեք հենց անձամբ Ձեր դպրոցական տարիներին, միգուցե հիշեք, որ ռազմագիտություն առարկային մատների արանքով էին նայում, շատերն այդ առարկայի դասագիրքը երևի հազարից մեկ բացած լինեն, իսկ հետո բանակում հասկանում են, որ եթե դպրոցում ռազմագիտություն լավ սովորած լինեին՝ ծառայությունն ավելի հեշտ կլիներ: Իսկ մենք ուզում ենք, որ այսօրվա աշակերտական սեղանների մոտ նստած երեխաները նման խնդիր չունենան, նորմալ սովորեն այս առարկան և լավ ուսուցիչ ունենան: Մենք պատկերացնում ենք, որ զինվորական ղեկավարը պետք է լինի սպայի օրինակելի կերպար երեխաների համար: Ես այդպես եմ պատկերացնում: Այս փաստաթուղթը հենց նրա համար է կոչվում նախագիծ, նրա համար ենք դրել հանրային քննարկման, քանի որ ուզում ենք բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնել ու ավելի լավը դարձնել այն, որպեսզի երբ ընդունվի որպես ռազմավարություն, արդեն լինի որակական նոր, ավելի բարձր մակարդակի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: