Հայերեն   English   Русский  

​Դատաքննությունը և դատական նիստի կարգը


  
դիտումներ: 3855

Այս համարում կխոսենք դատաքննությանն առնչվող որոշ էական հարցերի, ինչպես նաև դատական նիստի վարման կարգի մասին։

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ դատարանները ծանրաբեռնված են և շատ հաճախ գործով նիստեր են նշանակվում անգամ մեկ տարի հետո։ Բանն այն է, որ դատարանները դատաքննություն իրականացնելու համար հստակ վերջնաժամկետով սահմանափակված չեն։ Օրենքը կաշկանդում է դատարաններին գործի քննությունը և վճիռ կայացնելը ողջամիտ ժամկետում իրականացնելու պարտականությամբ: Պարզ է, որ ողջամիտ ժամկետների որևէ հստակ չափանիշներ, այն էլ դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում, չկան։

Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով, սակայն շատ հաճախ մեկ գործով տեղի են ունենում մի քանի դատական նիստեր։ Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում կամ դատարանի որոշմամբ արտագնա՝ դատական նիստերի դահլիճից դուրս (երբ օրինակ՝ հետազոտման ենթակա ապացույցը հնարավոր չէ բերել դատարանի շենք)։

Դատական նիստի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները:

Դատական նիստը նախագահում է գործը միանձնյա քննվելու դեպքում գործը քննող դատավորը, իսկ կոլեգիալ քննության ժամանակ նախագահողի պարտականությունները կատարում է դատավորներից մեկը:

Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետև նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Դատարանի վճիռը դահլիճում ներկաները լսում են հոտնկայս:

Դատավարության մասնակիցները դատարան են դիմում և իրենց ցուցմունքներն ու բացատրությունները տալիս են կանգնած, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի:

Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:

Դատական նիստի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ, գործը քննող դատարանի թույլտվությամբ:

Դատական նիստերն անց են կացվում որոշակի կանոնների շրջանակում, որոնց խախտումը կարող է պատասխանատվություն առաջացնել։ Այսպես, դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացնել,

2) հեռացնել նիստերի դահլիճից (գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը),

3) դատական տուգանքի ենթարկել,

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: