Հայերեն   English   Русский  

Դժվար ճանապարհ է անկախությունը, երբ հատկապես զոռով ես անկախանում. Կարեն Վարդանյան


  
դիտումներ: 7716

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախի» հետ զրույցում իր հուշերն է ներկայացնում շարժման մասնակից, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության համահիմնադիր, ներկայում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միացումը շարժմանը

Առաջին իսկ օրվանից մասնակցում էի բոլոր միտինգներին, բայց միայն միտինգավորի կարգավիճակում։ Հունիսի 7-ին մեր պատշգամբում նստած էինք, եղբորս ծնունդն էինք նշում։ Գիտեինք, որ ստորագրահավաք է իրականացվում։ Տեսա, որ մի երիտասարդ, ստորագրահավաքի թղթերը ձեռքին, անցնում է։ Ներս կանչեցի և առաջարկեցի օգնել։ Թղթերը բաժանեցի մեր ու հարևան շենքերում։ Մինչև մի քիչ խոսեցինք, հարևանները ստորագրություններով թղթերը բերեցին։ Այդ տղային, որ անունը Արթուր էր, առաջարկեցի օգնությունս նաև հետագայի համար։ Ասաց, որ հունիսի 15-ին Օպերայի հրապարակում հավաքվելու են մարդիկ, որոնք պատրաստ են օգնել։ Այդպես միացա Սահմանադրական խմբերի միությանը։ Ես 26 կոմիսարների շրջանի (ներկայիս Արաբկիր) սահմանադրական խմբում էի։

Այդտեղ շատերի հետ ծանոթացա: Քանի որ ակնհայտ երևում էր՝ մեր մեջի լիդերը թե՛ կյանքի փորձի, թե՛ ազնվության, թե՛ մարդկային հատկանիշների առումով Հրանտ Խաչատրյանն է, մենք նրան ընտրեցինք մեր խմբի պատասխանատու: Այդպես Արաբկիրի սահմանադրական խումբը սկսեց աշխատել, իսկ ընդամենը 1 տարի անց՝ 1989-ի սկզբներին, ձևավորվեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը։

Նոր կուսակցություն հիմնելու անհրաժեշտությունը

Հսկայական հրապարակ էր հավաքվում, որտեղ անթիվ-անհամար լավ մասնագետներ, երկրին նվիրված մարդիկ կային։ Մեզ շատ էր զարմացնում, թե ինչու «Ղարաբաղ» կոմիտեն կառույցներ չի ստեղծում, որովհետև ակնհայտ էր, որ մենք անկախանում ենք, և բնական կլիներ, որ զուգահեռ կառույցներ ստեղծվեին, որ երբ երկիրն անկախանար, մենք պատրաստ լինեինք դրան: Մենք այդ հարցադրումն ուղղեցինք կոմիտեի անդամներին։ Իսկ մեզ պատասխանեցին. «Ոչ մի կառույց, մենք հարթակից ասելու ենք, դուք գնալու և անելու եք»:

1988-ի դեկտեմբերի 10-ին սկսվեցին ձերբակալությունները: Ինձ էլ նրանց հետ ձերբակալեցին: Մենք մնացինք Սովետաշենի բանտում, նրանց տարան Մոսկվա: Մեզ մի ամիս հետո ազատեցին:

Երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալեցին, որքան էլ նրանց հետ քաղաքականապես համաձայն չէինք, մեզ համար ցավ էր, որ հայ մարդիկ նստած են, իսկ Երևանում պարետային ժամ է։ Մենք ամեն ինչ անում էինք, որ իրավիճակը փոխենք: Դրա համար մեծ հանրահավաք նախագծեցինք ապրիլի 24-ին: Շատ դժվար էր կազմակերպել, քանի որ պատճենահանման բոլոր սարքերի մոտ պետանվտանգության աշխատողներ էին, ու չէինք կարող գտնել գոնե մեկը, որ թռուցիկ տպեինք: Այն ժամանակ այսքան զարգացած չէր համակարգչային տեխնիկան, ողջ քաղաքում հաշվով սարքեր կային:

Ցույցի կազմակերպման ղեկավարությունը Մովսես Գորգիսյանին ու Հրանտ Խաչատրյանին էր տրված։ «Ղարաբաղ» կոմիտեի երկրորդ կազմն ամեն ինչ անում էր, որ մեր ցույցը չլիներ: Նրանք լուրեր էին տարածում, որ մենք ԿԳԲ-ից ենք, մարդկանց կոչ էին անում ցույցի չգնալ:

Այն ժամանակ գիտեինք, որ մարդիկ կային, որոնք աշխատում էին պետության համար: Այդ մարդկանց մոտ ասացինք, որ ուժով մտնելու ենք Օպերա, մեր կյանքը զոհելով՝ մտնելու ենք հրապարակ ու տրորենք այնտեղ տեղակայված զինվորներին: Բայց մենք գիտեինք, որ Օպերա չենք մտնելու, այլ գնալու ենք Մատենադարան:

Ցույցի օրը ժողովուրդը կուտակվեց Օպերայում՝ ներկայիս Ֆրանսիայի հրապարակում: Դանդաղ էին հավաքվում։ Որպեսզի չցրվեն պարապությունից, Մովսեսը երթ կազմակերպեց: Մինչ Մովսեսի առաջնորդած զանգվածը Ամիրյանից եկավ, հրապարակում էլի մարդիկ էին հավաքվել։ Երկու զանգվածները միացան, ստացվեց, որ երթի մի ծայրը Կոնսերվատորիայի մոտ է, մյուս ծայրը՝ Ամիրյան փողոցում: Երբ երկու զանգվածները իրար միացան, Օպերայի հրապարակից զենքը լիցքավորելու շղթայական շրխկոցը գնաց․ ռուս զինվորականները Օպերայի հրապարակում պատրաստի դիրքում սպասում էին։

Բայց Մովսեսն այնպես էր կազմակերպել, որ այդ պահին առաջնորդող դարձավ Կոնսերվատորիայի մոտի հատվածը, և քայլեցինք դեպի Մատենադարան։ Այնտեղ մարդ չկար, երևի՝ մի 20 միլիցիոներ: Դժվար պահ էր, չգիտեինք, թե ինչպես ենք վարվելու այդ ոստիկանների հետ: Մոտ 50 մետր տարածք էր մնացել: Ցույցի մասնակից պատանիներ կային, որոնք մի քիչ էլ խուլիգան էին։ Նրանք առաջ վազեցին, միլիցիոներների գլխարկները վերցրին և մի կողմ շպրտեցին: Սրանք վազեցին իրենց գլխարկների հետևից, և զանգվածը առաջ գնաց դեպի Մատենադարան։ Սկսվեց միտինգը:

Մովսեսը և Հրանտը ելույթ ունեցան։ Կարծում եմ, որ այդտեղ կատարվեց պատմական ամենամեծ սխալներից մեկը: Կոմիտեի երկրորդ կազմի ներկայացուցիչները, որոնք մեզ անընդհատ խանգարում էին ցույցը կազմակերպելու գործում, այդտեղ մի անկյունում կանգնած էին։ Մովսեսը միկրոֆոնը վերցրեց ու տվեց իրենց` ասելով. «Սա ձեզ ժողովուրդ, սա էլ միկրոֆոն»: Մինչդեռ այդ ժամանակ հնարավոր էր ամբողջությամբ առաջնորդությունը վերցնել։ Երբ «Ղարաբաղ» կոմիտեն գար, արդեն այլ առաջնորդություն կլիներ Հայաստանում: Մովսեսի քայլն ազնվության արդյունք էր։ Ու այդպես ժողովուրդը կրկին հանձնվեց ՀՀՇ-ին: Մի քանի այդպիսի ճակատագրական պահ է եղել, երբ հնարավոր էր բեկանել այս գործերի ընթացքը, եթե մենք փորձ ունենայինք։ Բայց պատմությունը «եթե»-ներ չի ընդունում։

1989 թվականի վերջում արդեն անկախականները և վերամիավորման կողմնակիցները միացել էին, որովհետև հասկացել էին՝ անկախության ճանապարհը վերամիավորման ճանապարհով է գնում։ Եթե վերամիավորում չկա, անկախություն չես կարողանա ունենալ, միշտ Ղարաբաղն օգտագործելու են քո դեմ, քեզ օգտագործելու են Ղարաբաղի դեմ:

Ցավոք սրտի, անկախության պահանջը զանգվածային չէր, այլ լոկալ:

Պայքար՝ օրենքի շրջանակներում

Ենթադրում էինք, որ պետք է մեր պահանջի օրինականությունը ցույց տալ, բայց որ միայն այդ ճանապարհով է լուծվելու հարցը, չէինք հավատում:

Կոմիտեի բանտից դուրս գալուց հետո մենք հասկացանք, որ իրենք ընդհանրապես հակաղարաբաղյան շարժում են, ղեկավարվում են Պետանվտանգության այն հատվածի կողմից, որի խնդիրը Խորհրդային Միության կազմաքանդումն է: Այն ժամանակ Պետանվտանգությունն էլ էր բաժանված երկու մասի. մի մասը պահում էր երկիրը, մյուս մասը` քանդում։ Իրենք այդ քանդող բրիգադի մեջ էին: Հոկտեմբերին արդեն ակնհայտ էր, որ ամեն ինչ անում են, որ Ղարաբաղից հեռու գնան: Այդ ժամանակ Հրանտի հետ թռանք Ստեփանակերտ` հանդիպելու նորաստեղծ Ազգային խորհրդի հետ ու ասելու իրողության մասին: Այնտեղ կարողացանք հանդիպել ղեկավար կազմից Ռազմիկ Պետրոսյանի հետ: Պարզվեց՝ իրենք էլ են տեղյակ իրավիճակից և ավելի վաղ քննարկել են միավորման կոչով կրկին հայ ժողովրդին դիմելու տեքստը։ Առաջարկեցինք այդ կոչը շարադրել, որպեսզի մեզ հետ Երևան տանենք։ Ռուսերեն մի գրամեքենա կար։ Դրանով տպվեց Ազգային խորհրդի անունից դիմումը, և ճանապարհ ընկանք։ Մինչ Երևան կհասնեինք, կոչը թարգմանեցինք հայերեն։ Էրեբունի օդանավակայանից անմիջապես ցույցի գնացինք։

Այդ կոչը մեծ ճնշում էր Ղարաբաղ կոմիտեի վրա: Արդյունքում դեկտեմբերի 1-ին Ղարաբաղի պատվիրակության և Գերագույն խորհրդի համատեղ նիստը տեղի ունեցավ, որտեղ վերամիավորման որոշումն ընդունվեց: Երեք օր հետո Վանիկ Սիրադեղյանը թերթերից մեկում ասաց. «Մենք չէինք ուզում, մեզ ստիպեցին»:

Որոշմամբ պայմանավորված ոգևորության մեծ ալիքը մնաց մինչև ընտրությունները։ Վերամիավորման որոշումը մտավ նաև Անկախության հռչակագրում, որում նշված էր, որ Հայաստանի մնացած բոլոր օրենքները պետք է համապատասխանեն այդ հռչակագրին։ Բայց երբ ՀՀՇ-ն իշխանությունը վերցրեց, արդեն մտածում էր, թե ինչպես կասեցնի վերամիավորումը, որովհետև իր խնդիրը վերամիավորումը չէր, իր խնդիրը Հայաստանի անկախությունը և Հայաստանի հզորացումը չէր։ Իրենք խնդիր ունեին ոչնչացնելու, որը և հաջողությամբ իրականացրեցին (տնտեսությունը և այլն):

Ինչի համար էինք պայքարում և ինչ ունենք

Դժվար ճանապարհ է անկախությունը, երբ հատկապես զոռով ես անկախանում, երբ քո սրտով չի անկախությունը, երբ սկզբունքներ չունես, երբ չգիտես, թե ինչ ես ուզում: Խնդիրը կար բոլոր կողմերում: Ղարաբաղում էլ վերամիավորման մասին լուրջ մտածում էին քչերը: Մարդիկ կային, որ կարծում էին՝ լուծումը Ռուսաստանի հետ միավորման մեջ է:

Հայաստանում էլ շատ քիչ մարդիկ կային, որ հասկանում էին՝ անկախության ճանապարհն անցնում է վերամիավորումով, զանգվածը դեմ էր անկախությանը, շատ հակասական էր:

Խոշոր գործարանների ղեկավարները վախեցած էին, նրանց հեղինակազրկել էին, և երբ սկսվեց տնտեսության թալանը, նրանք չկարողացան դիմադրել, նրանք իրենց դերն այլևս չէին տեսնում, կամազրկվել էին: Ու դա միտումնավոր էր արվում:

1992-94 թվականներին արդեն հստակ երևում էր, թե ուր ենք գնում։ Բայց ընտրակեղծիքները սկսվեցին դեռ 90 թվին, երբ մի շարք օկրուգներում ընտրությունները կեղծեցին իրենց մարդկանց անցկացնելու համար:

Անկախության առաջին պահերին տնօրենների խորհուրդ էր ստեղծվել, որը փորձել էր գործարանները, որոնց կապերը դուրս էին գնում, փակել Հայաստանի մեջ, որ պատրաստի արտադրանքը Հայաստանից դուրս գա։ Ստացվել էր: Ընդամենը պետք էր դա ռեալիզացնել: Բայց քանի որ խնդիր էր դրված ոչնչացնել, ոչնչացրին տնտեսությունը։

Որտե՞ղ թերացանք

Նպատակ չունեինք: Անկախությունը մեզ համար ոչինչ էր: Չէինք ուզում այդ անկախությունը, չէինք ուզում հզոր երկիր, զանգվածի արժեքային համակարգն այդ պահին չէր համապատասխանում դրան: Մեզ ավելի շատ համապատասխանում էր գնալ գործարանից ինչ-որ բան գողանալ: Այն մարդիկ, որոնք կարող էին ժողովրդին կոնսոլիդացնել այդ ուղղությամբ, ուղղակի ոչնչացվեցին:

Շարժումը հուշերում

Բանտում ծանոթացա Մովսես Գորգիսյանի հետ, որը ֆանտաստիկ դեմք էր՝ իր պոտենցիալով, նվիրվածությամբ, ազդեցությամբ ժողովրդի վրա: Մենք ուղիղ իրար հետ ծանոթ չէինք, տարբեր խցերից խոսում էինք: Իրեն շուտ պետք է բաց թողնեին: Գնալուց առաջ պատուհանից գոռաց․ «Տղերք, ես դուրս եմ գալիս, ով ինչ ունի ասելու, ասեք, որ փոխանցեմ»: Ես իմ անունը և հեռախոսահամարն ասացի և խնդրեցի զանգել մորս ու ասել, որ ամեն ինչ լավ է։ Մեր հարկում 40-50 մարդ կար, ամեն մեկը մի բան ասաց։

Հետագայում իմացա, որ դուրս գալուց հետո ոչ թե առաջինը գնացել է տուն իր երեքամյա դստերը տեսնելու, այլ Գրողների միություն է գնացել, բոլորի ընտանիքներին զանգել, հավաքել, սփոփել, նոր միայն տուն գնացել:

Շարժման ժամանակ միտինգային ծանոթություն ունեցա Լեոնիդ Ազգալդյանի հետ: Մեծ պաստառների վրա պահանջներ էին գրված, հիմա արդեն չեմ հիշում, թե ինչ էր գրված, բայց հիշում եմ, որ դրանցից ոչ մեկը չէր կատարվել: Մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ ու ասաց «Ժողովուրդ, մենք հաղթեցինք, մեր բոլոր պահանջները կատարված են»:

Ժողովուրդը ցնծաց: Երբ մարդիկ դառնում են զանգված, կորցնում են մտածելու, վերլուծելու ունակությունը։ Բայց մարդիկ կային, որ հասկանում էին՝ ոչ մի պահանջ էլ չի կատարվել: Դրանց թվում էր նաև Լեոնիդ Ազգալդյանը: Ասաց. «Ես էլ այստեղ չեմ երևա»: Ու գնաց: Սկսեց զբաղվել զենքի արտադրությամբ, ջոկատների կազմավորմամբ,ստեղծեց ռազմական դպրոցը Վարդենիսում: Կարծում եմ՝ մեր ընդհանուր արցախյան հաղթանակի մեջ ամենամեծ ներդրումը Լեոնիդ Ազգալդյանինն է։ Առանց նսեմացնելու մյուսներին, պետք է նշեմ, որ ստրատեգիական ուղղություններն առաջինը Լեոնիդը հասկացավ։ Վարդենիսի նրա ուսումնական կենտրոնում առնվազն երեք հազար զինվոր է պատրաստվել։ Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ մարտերի ընդհանուր մասնակիցների թիվը 20 հազար է։

Շարժման սկզբում մեծ դեր ուներ նաև Իգոր Մուրադյանը: Բայց ստրատեգիայի, սկզբունքների, ազգայինի հետ կապի առումով ռազմական ուղղությամբ Լեոնիդն էր Ազգալդյան, քաղաքական ուղղությամբ՝ Մովսեսն էր Գորգիսյան:

Կարծում եմ՝ անհնար էր նրանց պահպանելը, որովհետև միևնույն է, ոչնչացնելու էին։ Ոչ մեկը թույլ չէր տա այս ազգին այդպիսի հզոր մարդկանց առանջնորդությամբ թողնելը, ինչպես թույլ չտվեցին, որ մեր երկիրը մնա բարձր տեխնոլոգիական երկիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: