Հայերեն   English   Русский  

​Ինչ է աուտիզմը


  
դիտումներ: 2151

Աուտիզմը հիվանդություն չէ, այլ վիճակ, որով մարդիկ ծնվում են: Աուտիզմը անհնար է բուժել, սակայն ժամանակի ընթացքում կարելի է շտկել ու մարդուն սոցիալական կյանքին հարմարեցնել: Աուտիզմը զարգացման հապաղումն է ու արտաքին աշխարհի հետ շփվելու ցանկության բացակայությունը: Աուտիզմն անհնար է ախտորոշել երեխայի ծնունդից անմիջապես հետո: Այն արտահայտվում է ավելի ուշ: Աուտիզմը հայտնաբերելու համար պետք է հետևել երեխայի վարքի ու ռեակցիայի ընթացքին: Սակայն երբեմն սխալմունքի հետևանքով երեխայի մոտ շիզոֆրենիա են ախտորոշում:

Աուտիզմով մարդիկ

Աուտիզմ ունեցողներն աշխարհն այլ կերպ են ընկալում: Մարդը դժվարություններ է ունենում շփման մեջ ու սոցիալական փոխհարաբերություններում, նրանք հասարակական կյանքից մի կողմ քաշված են ու գերադասում են մենակությունը: Ինչպես և երեխաները, նրանք իրար հետևից կրկնում են նույն գործողություններն ու շարժումները: Աուտիզմով մարդիկ հիվանդագին են ընդունում նոր բանը, հակված են ամեն ինչ ծիսականացնելու, դժկամությամբ են իրենց զբաղմունքից շեղվում, սակայն երբեմն կարող են հանկարծ ինչ-որ բան անել, օրինակ՝ երգել տրանսպորտում: Սիրում են իրերը դասավորել որոշակի, անփոփոխ կարգով կամ էլ կատարել որոշակի գործողություններ՝ հստակ ալգորիթմի համաձայն: Երբեմն նոպաներ են ունենում ու կարող են իրենք իրենց վնասել: Յուրաքանչյուրի մոտ ախտանշանները տարբեր կերպ են արտահայտվում՝ կապված աուտիզմի աստիճանից:

Մասնագետները կարծում են, որ պետք է ասել՝ «մարդիկ, որոնք աուտիզմ ունեն» և ոչ թե «հիվանդ են աուտիզմով», քանի որ աուտիզմ ունեցողները ո՛չ հիվանդ են, ո՛չ էլ տառապում են, նրանք պարզապես ուրիշ են:

Լեգենդներ ու կարծիքներ

Մինչ մասնագետները կզբաղվեին աուտիզմի խնդրով, երեխաների այս խորհրդավոր վիճակի շուրջ լեգենդներ ու առասպելներ հյուսվեցին: Այն ժամանակ կարծում էին, թե այդ երեխաներին էլֆերն են թողել իրենց կողմից առևանգվածների փոխարեն:

Սխալական կարծիք կա տարածված, թե աուտիզմ ունեցողները զգացմունքներ չունեն, չեն սիրում ու չեն էլ տառապում: Իրականում նրանք նույնչափ զգացմունքային են, որքան «ոչ ուրիշները»: Պարզապես նրանց ապրումներն այլ կերպ են արտահայտվում:

Չնայած այսօր արդեն աուտիզմը դատավճռի հնչեղություն չունի, մասնագետները մինչև հիմա էլ համոզված չեն, թե ինչն է հանգեցնում նման խանգարումների: Մի քանի վարկած գոյություն ունի. ժառանգականություն, գենային մուտացիա, կարճատև հղիություն, նորածնի թեթև քաշ, թթվածնային քաղց, ծնողների մեծ տարիք: Ընդ որում, աուտիզմ ավելի շատ ախտորոշվում է տղաների մոտ:

Առաջին հիշատակումները

Աուտիզմի նման վիճակի առաջին հիշատակումները եղել են XVIII դարում: Նման առանձնահատկություններով մարդկանց նկարագրում էին որպես ներփակ, չխոսկան, սակայն գերազանց հիշողությամբ ու հանճարեղ մտավոր առանձնահատկություններով: Իսկ լրջորեն աուտիզմի մասին սկսեց խոսել բժիշկ հոգեբան Էյգեն Բլեյլերը XX դարասկզբին: Նա շրջանառության մեջ դրեց «աուտիզմ» եզրույթը: 1938-ից այդ հասկացությունը ներկայիս իմաստը ստացավ հոգեբույժ Հանս Ասպերգերի շնորհիվ: Դրանից 40 տարի անց արդեն Ասպերգերի համախտանիշը որպես առանձին ախտորոշում առանձնացրին: Այն աուտիզմից տարբերվում է նրանով, որ խոսքային ու շփվելու ունակությունը հիմնականում պահպանված է:

Աուտիզմը հանճարեղությո՞ւն է

Աուտիզմով ու Ասպերգերի համախտանիշով երեխաներն ու մեծահասակները կարող են արվեստի գլուխգործոցներ ստեղծել, ֆենոմենալ հիշողություն ունենալ ու անհավանական արդյունքներ ցուցադրել ուսումնառության ընթացքում: Բանն այն է, որ աուտիկ վիճակի դրսևորման առանձնահատկություններից մեկն էլ միօրինակ շարժումների կրկնությունն է ու մեկ առարկայի վրա կենտրոնացումը: Դրա շնորհիվ աուտիզմով մարդիկ մանրակրկիտ ուսումնասիրում են ինչ-որ հարց, սովորում օտար լեզուներ, յուրացնում երաժշտական ստեղծագործություններ: Հայտնի աուտիստների կամ հայտնի մարդկանց մենք լավ գիտենք իրենց աշխատանքի ու իրենց արվեստի շնորհիվ. Վուդի Ալեն, Microsoft-ի համահիմնադիր Բիլլ Գեյթս, երաժիշտ Բոբ Դիլան, գրող Վիրջինիա Վուլֆ, ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլն, Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչի:

Աուտիզմի ախտանշանները

Ի՞նչ ախտանշաններ կան, որոնք կարող են ծնողին հուշել, որ իրենց երեխան «ուրիշ» է: Ուշադրություն պետք է դարձնել, եթե երեխայի մոտ հետևյալ հատկություններն եք նկատում.

- չի արձագանքում իր անվանը,

- չի կարողանում բացատրել, թե ինչ է ուզում,

- խոսքի զարգացման դանդաղում եք նկատում,

- չի հետևում մեծերի ցուցումներին,

- պարբերաբար լսողության խանգարումներ են արտահայտվում,

- չի հասկանում, թե ինչպես պետք է խաղա այս կամ այն խաղալիքով,

- դժվարությամբ է տեսողական կոնտակտ հաստատում,

- չի ժպտում ուրիշներին,

- մինչև 12 ամսական հասակը ո՛չ թոթովում է, ո՛չ էլ գվվում,

- ցուցադրող շարժումներ չի անում, ձեռքով չի ողջունում, բռնող կամ այլ շարժումներ չի կատարում,

- մինչև 16 ամսականը բառեր չի արտասանում,

- մինչև 24 ամսականը 2 բառից կազմված արտահայտություն չի կարողանում անել,

- ցանկացած տարիքում խոսքային ու սոցիալական հմտությունների կորուստ է դիտվում:

Ինչն է միավորում Էյնշտեյնին ու Նյուտոնին, բացի գիտության մեջ անգնահատելի ներդրումից: Անգլիացի գիտնականները երկար ժամանակ ուսումնասիրել են այս երկու հսկաների անհատականությունը ու հանգել այն եզրակացության, որ նրանց մոտ Ասպերգերի համախտանիշ է եղել, իսկ դա աուտիզմի դրսևորումներից մեկն է: Այդ ախտորոշումն են ունեցել Վան Գոգը, Մոցարտը, Մարի Կյուրին ու գիտության, արվեստի ու մշակույթի շատ հայտնի գործիչներ (նաև՝ Սաթոսի Տաձիրին՝ պոկեմոնները ստեղծողը):

2000-ականներին ԱՄՆ-ում աուտիզմ էր ախտորոշվում յուրաքանչյուր 150-րդ երեխայի մոտ, Մեծ Բրիտանիայում՝ յուրաքանչյուր 100-րդի մոտ: Այսօր արդեն ԱՄՆ-ում աուտիկ խանգարումով լույս աշխարհ է գալիս յուրաքանչյուր 68-րդ երեխան:

Այս մարդկանց սոցիալականացումը կախված է խանգարման ձևից. ոմանք կարող են ինքնուրույն ապրել, մյուսներին մշտական աջակցություն է պետք: Բացի այդ, աուտիզմով մարդիկ գեր- ու նվազ զգայուն են ձայների, հպումների, համերի, հոտերի, լույսերի ու գույների հանդեպ:

Աուտիզմով մարդիկ, ինչպես և աուտիզմ չունեցողները, կարող են հանճարեղ լինել, բարձր կամ միջին ինտելեկտ, մտավոր տարբեր ծանրության հետամնացություն ունենալ:

Աուտիզմը տարատեսակ դրսևորում է ունենում: Ասում են՝ եթե ճանաչում ես աուտիզմ ունեցող մեկին, ուրեմն ճանաչում ես միայն մեկին: Բանն այն է, որ աուտիզմ ունեցողների մոտ տարբեր կերպ է դրսևորվում նրանց առանձնահատկությունը. նրանք տարբեր տաղանդներ ունեն, տարբեր հետաքրքրություններ ու տարբեր հմտություններ: Եթե ստացվի այնպես, որ աուտիզմ ունեցողների խմբին կողքից հետևեք, ապա կհայտնաբերեք, որ նրանք իրարից չափազանց տարբեր են: Աուտիզմ ունեցող յուրաքանչյուր մարդ անհատականություն է, առանձնահատուկ:

Աուտիզմը կյանքն անիմաստ չի դարձնում, նրանք ևս սիրել գիտեն բոլորի նման, կարող են ընտանիք կազմել:

Անհայտ պատճառներով աուտիստիկ խանգարումներ ունեցողների 30-50 տոկոսը ընկնավորությամբ է տառապում:

Մի հետաքրքիր դիտարկում է կատարվել. բոլոր երեխաները սիրում են փախչել ինչ-որ տեղ առանց ծնողների թույլտվության, սակայն աուտիզմով երեխաներին ձգում են վտանգավոր վայրերը՝ լողավազանները, գետերը, լճերն ու աշխույժ, բանուկ փողոցները:

Աուտիզմը չի ճանաչում ո՛չ ռասա, ո՛չ ազգություն:

Աուտիզմով երեխաների 44 տոկոսի մոտ արձանագրվում է IQ-ի միջին կամ բարձր գործակից: Ցավոք, աուտիզմ ունեցողները, չնայած ինտելեկտի նորմալ կամ նույնիսկ բարձր մակարդակին, դժվար են աշխատանքի տեղավորվում:

Դեռևս հնարավոր չէ հստակ որոշել, թե որ գեներն են նպաստում աուտիզմի զարգացմանը, սակայն անկասկած է, որ աուտիզմի ու գենետիկայի միջև սրետ կապ գոյություն ունի: Տղաների մոտ, ինչպես ասվեց, ավելի հաճախ են հանդիպում աուտիզմ ունեցողները, 5 անգամ ավելի շատ, չնայած գիտնականները ենթադրում են, որ աղջիկների մոտ աուտիզմը տարբեր կերպ է արտահայտվում. այն այնքան էլ ակնհայտ չէ, ու ախտորոշումը դժվարանում է:

Հասակակիցների համեմատ՝ աուտիզմ ոնեցողների շրջանում մահացությունը 2-5 անգամ շատ է, ու դա հիմնականում պայմանավորված է ուղեկցող խնդիրներով (ընկնավորության դեպքում՝ նոպայով) ու դժբախտ պատահարներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: