Հայերեն   English   Русский  

​ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻ


  
դիտումներ: 7089

XIX դարի սկզբին Էջմիածնի կաթողիկոսական աթոռը դարձյալ կռվախնձոր դարձավ: 1801 թ. ռուսական բանակը գրավեց Վրաստանը՝ կործանելով Վրաստանի անկախությունը: Ռուսական զորքը Վրաստան առաջնորդողների թվում էր նաև ռուսահայերի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, որ իրեն մինչ այդ փառավորել էր Ղրիմի հայափաթման գործում ռուսական կաբինետի կամակատարը դառնալով:

Ռուսական կառավարությունը վարձահատույց եղավ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին: 1801 թ. կաթողիկոսական ընտրությունների ժամանակ եկեղեցական ժողովը կաթողիկոս է ընտրում Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Դանիել Սուրմառեցուն, բայց ռուսական կաբինետը, ճնշում գործադրելով Օսմանյան կայսրության կառավարության՝ Բարձր դռան վրա, կարողանում է չեղարկել Դանիելի ընտրության հրամանը, ավելին՝ նրան աքսորել է տալիս Թենեդոս կղզի՝ նոր ժողովի ժամանակ որպես Ամենայն հայոց կաթողիկոս ընտրել տալով Հովսեփ Արղությանին:

Հովսեփ Արղությանը, որպես ռուսական գործակալ, ընդունելի չէր թե՛ պարսկական, թե՛ թուրքական կառավարությունների համար: Սակայն Թուրքիան և Պարսկաստանն ի վիճակի չէին չեզոքացնելու ռուսական դիվանագիտության ճնշումներն ու կասեցնելու ռուսական ազդեցության օրեցօր մեծացումը:

Բայց նորընտիր Հովսեփ Արղության կաթողիկոսը չհասցրեց գահակալել: Նույն թվականին, դեռ Էջմիածին չհասած, մահացավ Թիֆլիսում: Կաթողիկոսական աթոռը կրկին թափուր մնաց:

Էջմիածնում հրավիրված նոր ժողովը կրկին ամենայն հայոց կաթողիկոս ընտրեց Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Դանիել Ա Սուրմառեցուն: Նորընտիր կաթողիկոսն անձմաբ չի մասնակցել ժողովին, քանզի գտնվում էր Օսմանյան կայսրությունում, սակայն ընտրության լուրն առնելուն պես ճամփա է ընկնում Արևելյան Հայաստան՝ Վաղարշապատ, քանզի ժողովը պայման էր դրել, որ նա 60 օր ժամկետում պետք է հասներ Վաղարշապատ և գրավեր աթոռը:

Սակայն ռուսական իշխանությունները չէին կարող հետ կանգնել Էջմիածնում իրենց գործակալն ու դրածոն ունենալու մտքից և որոշում են վճռականորեն խառնվել գործին:

Ռուսները նախ փորձում են գործին խառնել Ներսես Աշտարակեցուն, սակայն վերջինիս հայերը ճանաչում էին որպես ռուսական գործակալի, նա անընդունելի թեկնածու էր: Ռուսները նոր խաղաթուղթ են մեջտեղ բերում՝ Դավիթ Էնեգեթցուն: Միաժամանակ մեջտեղ է բերվում հանգուցյալ Հովսեփ Արղությանի «կտակը», որով նա իբր մահից առաջ կաթողիկոսական աթոռը կտակել էր Դավթին:

Ռուսական գործակալներն անգամ ավելի հեռուն գնացին: Դանիելի մուտքը Վաղարշապատ կասեցնելու համար վրաց Դավիթ Բագրատունի արքայազնին համոզեցին նամակ ուղղել Էրզրումի փաշային, որ ձերբակալի ու բանտարկի Դանիելին, եթե նա հայտնվի Էրզրումում:

Մինչ Դանիելի Վաղարշապատ հասնելը՝ կաթողիկոսական գահը բռնագրավում է Դավիթ Էնեգեթցին (Ղորղանյան, ծնվել է Գուգարաց աշխարհի Մանգեղյաց Փոր գավառի Էնագեթ գյուղում) և կաթողիկոս օծվում որպես Դավիթ Ե:

Դավիթ Ղորղանյան արքեպիսկոպոսը Մայր աթոռի միաբանների կողմից ուղարկվել էր Կոստանդնուպոլիս, որպեսզի պատրիարք Դանիել Սուրմառեցուն հրավիրի Մայր Աթոռ: Այստեղ նա Պոլսի պատրիարք է օծվում նորընտիր կաթողիկոս Դանիելի ձեռամբ: Սակայն Դավիթ Ղորղանյանը հրաժարվում է նոր պաշտոնից, մանավանդ որ Օսմանյան կառավարությանն էլ հաճո չէր նրա ընտրությունը: Նա վերադառնում է Մայր Աթոռ և ռուսական կառավարության աջակցությամբ ու պարսիկների թողտվությամբ բռնագրավում է կաթողիկոսական գահը: 1802 թ. ապրիլի 28-ին նա օծվեց ամենայն հայոց կաթողիկոս:

Իսկ երբ Դանիելը և իր ուղեկիցները, որ Պոլսից ուղևորվել էին Վաղարշապատ, իմանում են կաթողիկոսական աթոռի բռնագրավման մասին, Բագրևանդի Սուրբ Հովհաննես (Երեք Խորան) եկեղեցում 1802 թ. մայիսի 25-ին Աղթամարի Կարապետ կաթողիկոսի և 15 եպիսկոպոսների ձեռամբ Դանիելն օծվում է կաթողիկոս: Դանիելը վայելում էր ռուսական կառավարության հովանավորչությունը, սակայն Դավիթն ընդունելի էր պարսիկների համար նույնպես:

Դանիելը ծնվել է Սուրմալու գավառում, այդ պատճառով էլ կոչվել է Սուրմառեցի: Պատանի տարիքից սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում:

Նա Էջմիածնի առավել ազդեցիկ հոգևորականներից է եղել: Դեռևս Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի կողմից 1796 թ. որպես նվիրակ գործուղվել է Ռումելի (Օսմանյան կայսրության եվրոպական տիրույթների ընդհանուր անվանումն է) և Զմյուռնիա: Մինչև 1799 թ. եղել է Ռումելիի հայոց առաջնորդը:

1799 թ. նրա ջանքերով վերանորոգվեց և սկսեց գործել Ղալաթիայի հայոց եկեղեցին, որ հրկիզվել էր տարիներ առաջ:

Սկսվում է Դավիթ-Դանիելյան անհաշտ կռիվը հայոց կաթողիկոսական աթոռի համար, որին մասնակցում ու միջամտում էին նաև Պարսկաստանի, Ռուսաստանի, Օսմանյան կայսրության իշխողները, քանզի ամենքը ցանկանում էին կաթողիկոսական գահին տեսնել իրենց կամակատար դրածոյին:

Դանիել Ա-ն հաստատվում է Բայազետ քաղաքում և այնտեղից էր իր հավակնությունները ներկայացնում Էջմիածնին:

Դավիթ կաթողիկոսը, բնականաբար, չէր կարող հանդուրժել հակաթոռ կաթողիկոսի գոյությունը և պարսից շահի աջակցությամբ, իր մարդկանց միջոցով կարողանում է Բայազետում կալանավորել Դանիելին և տեղափոխելով Էջմիածին՝ բանտարկում է:

1805 թ. Ֆաթհ Ալի շահի հրամանով Դանիել Սուրմառեցին աքսորվում է Մարաղա: Սակայն երկու տարի անց՝ 1807 թ., շահը ստիպված էր Դանիելին վերադարձնել աքսորից, գահընկեց անել Դավթին և նրա ախոյան Դանիելին բարձրացնել կաթողիկոսական գահ:

Շահի այս վարմունքի մեջ մեծ էր ընթացող ռուս-պարսկական պատերազմում ռուսական զենքի հաղթանակի դերը: Շահը քաջ գիտակցում էր, որ Դանիելին կաթողիկոս նշանակելով՝ իր սասանված հեղինակության ֆոնին կարող է շահել արևելահայության համակրանքը:

Կաթողիկոսական գահ բարձրանալով՝ Դանիել Ա-ն կարևոր կանոն ընդունեց՝ Էջմիածնի կաթողիկոսության բարձրագույն խորհրդարանը՝ Սինոդը հիմնեց: Այն եկեղեցական կառավարման գործում կոլեգիալ մարմին էր և սկզբունք մտցրեց՝ որոշ առումներով նաև սահմանափակելով կաթողիկոսական միանձնյա իշխանությունը:

1808 թ. աշնանը ռուսական բանակը ձեռնարկեց երևանյան երկրորդ արշավանքը: Հուսեյն-Ղուլի խանը կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու պատրվակով, գուցե նրան վերահսկելու նպատակով Դանիելին հրավիրեց իր մոտ՝ Երևանի պալատ: Կաթողիկոսն ընդունեց հրավերը:

1808 թ. հոկտեմբերի 9-ին Երևանում՝ խանի պալատում մահացավ Դանիել Ա Սուրմառեցին: Աճյունն ամփոփվեց Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան մոտ: Կաթողիկոսական գահին նրան հաջորդեց Եփրեմ Ա Ձորագեղցին: Իսկ Դավիթ Էնեգեթցին դարձյալ ցանկացավ գրավել կաթողիկոսական աթոռը, սակայն ռուսական կառավարությունը հստակ մատնացույց արեց Եփրեմ Ձորագեղցու թեկնածությունը: Դավիթը ստիպված էր գրավոր հրաժարվել իր հավակնություններից և մինչև կյանքի վերջն անցկացնել Մայր աթոռում որպես սովորական միաբան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: