Հայերեն   English   Русский  

Թուրքիայի փոխվարչապետը խոսել է Աֆրինից թուրքական զորքերը դուրս բերելու ժամկետների մասին


  
դիտումներ: 150

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական բանակը սիրիական Աֆրինը կլքի միայն այն բանից հետո, ինչ Սիրիայի ճգնաժամը կլուծվի քաղաքական ճանապարհով:

«Մենք այնտեղ չենք գնացել որպես զավթիչներ և մտադիր չենք այնտեղ մնալ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք Աֆրինը մաքրել ենք ահաբեկիչներից. ներկայումս ականազերծման աշխատանքներ են տարվում: Սիրիայում կա իշխանությունների վակում, կան տարբեր ուժեր, ընդդիմություն: Մենք Աֆրինի իշխանությունը կհանձնենք տեղի բնակիչներին, ովքեր ինքնուրույն կկարգավորեն իրենց կյանքը: Ներկայումս ամենակարևորը ճգնաժամից դուրս գալու քաղաքական ելք գտնելն է, և հենց որ այն գտնենք, մենք կհեռանանք այնտեղից»,- լրագրողներին ասել է Բոզդաղը:

Վերջինս հավելել է, որ սիրիական ճգնաժամը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է:

Թուրքիայի զինված ուժերը սույն թվականի հունվարի 20-ին հայտարարել էին սիրիական Աֆրինում քրդական խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություն սկսելու մասին: Թուրքիայի հետ գործել են «Սիրիայի ազատ բանակ»-ի զինյալները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 18-ին հայտարարել է սիրիական Աֆրին քաղաքի՝ թուրքական բանակի և «Սիրիայի ազատ բանակ»-ի հսկողության տակ անցնելու մասին: Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: