Հայերեն   English   Русский  

Մեքսիկական ֆերմաների օդը մաքրում են հայկական օզոնատորները


  
դիտումներ: 2161

Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել են Plasma Physics and Technologies ստարտափի հիմնադիրներ Ռազմիկ Արամյանն, Վաղարշակ Հակոբյանը և Գոհար Հովհաննիսյանը։

Ապագա ֆիզիկոս Ռազմիկ Արամյանը նշել է, որ իրենց ընկերությունը զբաղվում է պլազմային ֆիզիկայի ուսումնասիրությամբ և սարքավորումների ստեղծմամբ, իսկ օդային օզոնատորը PTT ընկերության առաջին արտադրանքն է: «Մեր սարքը կիրառելի է ֆերմերային տնտեսություններում, միջոցառումների համար նախատեսված դահլիճներում, հասարակական զուգարաններում, բնակելի տներում և ավտոմեքենաներում : Oդային օզոնատորի հիմնական առավելություններից մեկն այն է, որ սարքը տվյալ տարածքում կարող է էապես նվազեցնել բակտերիաների և վիրուսների ակտիվությունը, իսկ ձմռանն այն կարող է այլընտրանք լինել բացված պատուհաններին»,- շեշտել է նա:

Նրա խոսքով՝ իրենց պատրաստած օզոնատորն ավելի մատչելի է, քան այլ երկրներում արտադրվող նմանատիպ սարքերը: «Մեր սարքը երկու անգամ ավելի էժան է՝ ի շնորհիվ օզոնի սինթեզի մեթոդիկայի փոփոխության: Ընդհանրապես՝ օզոնը հոտ չունի: Ի տարբերություն օդը թարմացնող այլ միջոցների՝ այն ոչ թե ճնշում է փակ տարածությունում առկա տհաճ հոտերը, այլ քայքայում է հոտ ունեցող մոլեկուլները»,- հայտնել է Ռազմիկ Արամյանը:

Անցած տարվա ընթացքում PTT ստարտափի օզոնատորները հաջող փորձարկում են անցել մեքսիկական խոզաբուծական ֆերմաներում: «Մեքսիկացի ֆերմերները և այնտեղի աշխատակիցները գոհ են, քանի որ տհաճ հոտերի բացակայությունը հեշտացնում է իրենց աշխատանքը, իսկ խոզերն ավելի պաշտպանված են ախտածին մանրէներից»,- հավելել է Արամյանը:

ՀՌՀ մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: