Հայերեն   English   Русский  

​Բիզնեսում ստեղծագործելու և չհանձնվելու շնորհիվ կարող է ստեղծվել «Զաբելի» պես արտադրանք


  
դիտումներ: 2510

Օրերս փակ համտեսի շրջանակներում ներկայացվեց «Զաբել» (Zabel) ապրանքանիշի կոնֆետը՝ բնական մաքուր շոկոլադի ու բնական պայմաններում ստացված բանանի չրի համադրությունը:

Ռաֆայել Մանուկյան

Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա, հերթական գործարարը ներկայացրել է հերթկան արտադրանքը: Բայց մի կարևոր հանգամանք կա: «Զաբել» շոկոլադով բանանները ստեղծել են մարդիկ, ովքեր մոտ երկու տարի առաջ մեծ իրարանցում առաջացրին բանանի շուկայում:

2016 թ. հիմա արդեն վարչապետի պաշտոնակատար, իսկ այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բանանի շուկայում մենաշնորհի խնդրին ու հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ցանկացած ոլորտում բիզնեսով զբաղվելու, և որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտելու բիզնեսի բնականոն ընթացքը: Դրանից հետո մարքեթոլոգ, գործարար, «Չոր մարքեթինգ» դասընթացը վարող Վահրամ Միրաքյանն ու նրա գործընկերը՝ գործարար Ռաֆայել Մանուկյանը, որոշեցին բանանի մի խմբաքանակ ներկրել Հայաստան՝ փորձելով պայքարել բանանի շուկայում մենաշնորհի դեմ:

«Զաբել» շոկոլադ

Դա ստացվեց ու արդեն երկրորդ տարին է, ինչ գործընկերները հաջողությամբ վարում են իրենց բիզնեսը: Այսօր նրանց հիմնած «Տրոպիկա» ՍՊԸ-ն համարվում է Հայաստան բանանի ներկրմամբ և վաճառքով զբաղվող հիմնական ընկերություններից մեկը: Իհարկե, այդ ընթացքում շատ դժվարությունների հանդիպեցին գործարարները: Սկզբում բանանը մնացել էր Լարսի անցակետում, բայց հաջողվեց «հակամենաշնորհային» բանանի առաջին խմբաքանակը մտցնել հայկական շուկա: Հետո ինչ-ինչ պայմաններում նրանց ներկրած բանանի մի ամբողջ խմբաքանակ փչացավ միայն այն պատճառով, որ սառնարանների կառավարիչները, որտեղ պահվում էր բանանը, չէին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան: Մի անգամ էլ Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ որոշ չարամիտ մարդիկ գաղտագողի իրենց սառնարանների վրա «կիսլատա» են լցրել…

Անցյալ տարեվերջին էլ գործընկերները կանգնեցին մեկ այլ խնդրի առաջ: Նախապատրաստվելով Ամանորին՝ միանգամից մեծ խմբաքանակի բանան էին ներկրել՝ հաշվի առնելով այդ շրջանում բանանի մեծ պահանջարկը, բայց ներմուծած բանանի միայն կեսն էին կարողացել սպառել: Իսկ միրգն ընդհանրապես ու բանանը մասնավորապես արագ փչացող ապրանք է, ու եթե չես կարողանում համապատասխան ժամկետներում իրացնել այն, պետք է համակերպվես անխուսափելի կորուստների հետ:

Բայց գործընկերները չէին ուզում համակերպվել և չէին կարող հաշտվել ստեղծված իրավիճակի հետ: Իսկ երբ չես հաշտվում, սկսում է գործել նորարարական միտքը, ստեղծագործական մոտեցումը, նոր ուղիներ փնտրելու որոնումը՝ հյուսելով հաջողված բիզնեսի նոր ուսանելի պատմություն: Այս է վկայում «Զաբելի» ծնունդը:

Գործընկերները հասկացան, որ բանանի ամբողջ խմբաքանակը չեն հասցնի իրացնել, ու քանի դեռ այն չէր փչացել, պետք էր ինչ-որ բան մտածել:

«Մրգի բիզնեսում հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մրգի պահպանման ժամկետները կարճ են, հետևաբար, եթե ուզում ես ինչ-որ չափով ապահով բիզնես վարել, պետք է մրգի երկրորդական կյանքի տարբերակներ ունենաս: Մենք դա գիտեինք, բայց տեսականորեն: Իսկ այս տարի Ամանորից առաջ գործնականում բախվեցինք նման խնդրի, քանի որ նախատեսել էինք վաճառել, ենթադրենք, 10 բեռնատար բանան, բայց վաճառվեց 5-ը, կեսը մնաց: Պարզ էր, որ մինչև հունվարի կեսերը բանանի վաճառք չէր լինելու: Հետևաբար մեր ապրանքին երկրորդական կյանք տալու մասին պետք է մտածեինք ու որոշեցինք շատ շտապ չորացնել ու չիր պատրաստել մնացած ապրանքից: Իսկ երբ չիրը պատրաստեցինք, մի խնդիր էլ ունեինք: Բանն այն է, որ մենք ներմուծում ենք պրեմիում կարգի՝ բարձրակարգ բանան, իսկ հայկական շուկայում առկա չրերը երկրորդ-երրորդ կարգի բանանից ստացված չրեր են, հետևաբար մեր չրի ինքնարժեքը շուկայում մյուս չրերի ինքնարժեքից բարձր էր ստացվում: Իսկ եթե շուկայում կա ավելի էժան չիր, էլ չեն ասում՝ այս մեկը բարձրակարգ հումքից է ստացվել, մյուսը՝ երկրորդ-երրորդ կարգի, այլ ասում են՝ այս չիրն էժան է, մյուսը՝ թանկ: Հետևաբար պետք է ստիպված քո չիրն էժանացնես, որ սպառվի: Հասկացանք, որ զուտ չրով չենք կարող կոմպենսացնել մեր ծախսերն ու վնասները: Պետք է այլ պրոդուկտ ստանայինք»,- «Անկախին» պատմեց Վահրամ Միրաքյանը:

Ահա սկսում են մտածել, թե էլ ինչ կարելի է անել, որպեսզի ավելի բարձրակարգ ապրանք ունենան ու կարողանան իրացնել շուկայում: Հունվարից մինչև ապրիլ սկսեցին տարբերակները փորձարկել. փորձեցին ջնարակապատել բանանի չիրը, սպիտակ շոկոլադով պատել, աղալ ու գետնանուշի ու գլազուրի համադրությամբ պրոդուկտ ստանալ և այլն: Բայց այդ բոլոր տարբերակները Վահրամ Միրաքյանի ու Ռաֆայել Մանուկյանի սրտով չէին, քանի որ ցանկանում էին լիովին մաքուր պրոդուկտ ստանալ: Ու որոշեցին, որ իրենց բանանի չիրը պետք է պատեն մաքուր՝ բնական շոկոլադով: Միանգամից ծագում է մյուս խնդիրը: Պարզվում է, որ Հայաստանում մաքուր շոկոլադով աշխատելու սարքավորումներ մի քանի արտադրամասեր ունեն միայն: Եվ նրանք գտնում են մի չաշխատող արտադրամաս, որը տեխնիկապես կարող էր մաքուր շոկոլադով աշխատել, բայց ժամանակին ինչ-ինչ պատճառներով անգործության էր մատնվել: Ու ստացվում են առաջին «Զաբել»-ները՝ 56 տոկոսանոց մաքուր շոկոլադով պատված պրեմիում կարգի բանանի չրերով կոնֆետները՝ առանց որևէ քիմիական հավելումի, ամբողջությամբ բնական ու մաքուր հումքից պատրաստված:

Ստացված ապրանքի անունն էլ խորհրդանշական է: Այն կոչեցին Կիլիկիայի Լևոն Բ թագավորի դուստր, ընդամենը 4 տարեկան հասակում Կիլիկիայի թագուհի դարձած Զաբել թագուհու անունով: Նրա կառավարման տարիները վերածննդի շրջան են համարվում: Երիտասարդ, խելացի թագուհին աչքի էր ընկնում քաղաքական և հասարակական շահեկան գործունեությամբ։ Ահա այս ամենը հաշվի առնելով՝ գործարարները որոշում են իրենց ապրանքն անվանել Զաբել թագուհու անունով՝ այդպիսով շեշտելով նաև իրենց ապրանքի «ազնվականությունը»՝ բարձր որակը:

«Զաբելն» առաջիկայում կմտնի շուկա: Օրինակներ են ուղարկել նաև արտասահման, արդեն դրական արձագանք կա, ուրեմն արտահանելու ուղղությամբ էլ կաշխատեն:

«Տրոպիկա» ընկերության համահիմնադիրները մտադիր են բարձրակարգ ու մաքուր շոկոլադապատ չրերի արտադրությունը դարձնել իրենց բիզնեսի մի նոր ուղղություն:

«Սկսեցինք բանանից, որովհետև տվյալ պահին այդ բիզնեսի մեջ էինք, այդ հումքը կար ձեռքներիս տակ: Բայց այս տարվանից ուզում ենք ընդլայնել տեսականին ու այլ մրգերի ու բնական, մաքուր շոկոլադի համադրությունները ևս տարբեր անվանումներով, տարբեր տեսակներով շուկա հանել: Բայց ուզում եմ շեշտել՝ ամեն ինչ անում ենք առաջին հերթին արտահանման նկատառումներով: Տեսականորեն մեր ապրանքը մրցակցային է շուկայում, բայց իհարկե գնահատականը կտան գնորդները, նրանք կորոշեն՝ ցանկալի՞ պրոդուկտ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում մեր ապրանքը մրցակցային է, որովհետև թե՛ բանանի չրի ստացումը, թե՛ շոկոլադը բնական են՝ առանց քիմիական հավելումների ու մշակումների, իսկ այսօր աշխարհը նման սննդի կարիքը շատ խիստ է զգում: Ինձ թվում է՝ բավականին մրցակցային է զուտ իր որակական հատկանիշներով: Ինչ վերաբերում է համային հատկանիշներին, ապա կարծում եմ, որ շատերի դուրը կգա»,- նշեց Ռաֆայել Մանուկյանը:

Վահրամ Միրքայանն ու Ռաֆայել Մանուկյանը ցանկանում են, որ իրենց ապրանքը լինի այնպիսին, որ հերթական «այցեքարտը» դառնա Հայաստանի համար, ինչպես որ Հայաստանը ճանաչում են ծիրանով կամ կոնյակով, այնպես էլ սկսեն ճանաչել նաև «Զաբել»-ով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: