Հայերեն   English   Русский  

​Պայքարող մարդիկ արագ գայթակղվում էին, երբ պաշտոն էին ստանում


  
դիտումներ: 21846

«Անկախի»հետ զրույցում Ղարաբաղյան շարժման մասին իր հուշերն է ներկայացնում շարժման ակտիվ մասնակից, Սահմանադրական խմբերի միավորման Մաշտոցի շրջանի սահմանադրական խմբի ղեկավար, 90-ականներին Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր Վիկտոր Սոլախյանը:

Միացումը շարժմանը

Այն ժամանակ ֆիզիկայի ինստիտուտում գիտաշխատող էի: Շարժումը հիմնականում սկսվել է Ֆիզիկայի և Մերգելյան ինստիտուտներում: Այն ժամանակ բոլոր ֆիզիկոսներս՝ մեկը մի քիչ շատ, մյուսը մի քիչ քիչ, դիսիդենտներ էինք։ Լսում էինք «Ամերիկայի ձայն», Վիսոցկի, Գալիչ, Սախարով։ Այդ ամենը մեր ներսում կար, երբ եղավ Գորբաչովի Գլասնոստը։ Ղարաբաղյան շարժումը սկսվեց 88-ի փետրվարից, բայց մինչ այդ մի փոքր մասնակցել եմ նաև բնապահպանական շարժումներին:

Սկզբում միտինգներն այնքան մարդաշատ չէին։ Բայց երբ Սումգայիթը եղավ, դա բոլորին ոտքի հանեց: Կես միլիոնանոց միտինգները Սումգայիթից հետո եղան:

Բավականին խառը վիճակ էր: Մեր թերթերն այն ժամանակ գրում էին, որ Արգենտինայում ինչ-որ ցույց է եղել, որին 10 հոգի է մասնակցել։ Իսկ մեզ մոտ կես միլիոնանոց ցույցեր էին տեղի ունենում, բայց այդ մասին մեր իսկ թերթերում ոչինչ չկար:

Մարդիկ իրենք էին հավաքվում ու կազմակերպվում: Մենք Սումգայիթի փախստականներին գտնում էինք և նրանց պատմությունները հավաքում։ Ինֆորմացիան հավաքվում էր, վերածվում ուղերձների, կոչերի։ Հիմա է, որ ամեն քայլափոխի քսերոքսի հնարավորություն կա, այն ժամանակ ֆիզիկայի ինստիտուտում ունեինք պատճենահանման հնարավորություն։ Ճիշտ է, ղեկավարությունը չէր թողնում, բայց մենք թռուցիկները բազմացնում ու տարածում էինք։ Դրանցում տեղեկացնում էինք Սումգայիթի դեպքերի, Ղարաբաղի հիմնահարցի մասին, հիմնավորում, որ Ղարաբաղը պետք է Հայաստանին միանա։ Մարդիկ այդ ամենը չգիտեին, քանի որ թերթերն այդ մասին չէին գրում։

Ես Մաշտոցի շրջանի սահմանադրական խմբում էի՝ սկզբում քարտուղարը, հետո արդեն նախագահը։ Աջափնյակում կինոյի շենքի կողքին երեք սեկցիաներով ստենդ կար։ Դա օգտագործում էինք որպես իրազեկման հարթակ և այն անվանում էինք «Հրապարակայնության ամբիոն»։ Ինքս էի խմբագրում նյութերը։ Թերթիկները երկու-երեք օրը մեկ պարբերականությամբ թարմացնում էինք։ Ոստիկանները, շրջգործկոմի աշխատակիցները գալիս պոկում էին մեր թերթիկները, այդպիսի հրահանգ էին ստանում։

Սահմանադրական խմբերն աշխատում էին պատգամավորների հետ, բացատրական աշխատանքներ տանում, որ մասնակցեն նիստին և կողմ քվեարկեն Ղարաբաղի Հայաստանին միացմանը։ Ղարաբաղի մարզխորհրդի որոշումից հետո Մոսկվայից հրահանգ էր եղել, որ նիստին քվորում չապահովեն, իսկ ապահովելու դեպքում էլ՝ բացասական քվեարկեն։ Բայց մեր շրջանից մենք 100 տոկոս մասնակցություն ապահովեցինք, ու բոլորը կողմ քվեարկեցին։ Հիշում եմ՝ մի դերձակուհի կար, նրա երեխան հիվանդ էր, ուստի չէր ուզում գնալ նիստին։ Մեր աղջիկներից երկուսը մնացին, ասացին՝ իրենից էլ լավ կխնամեն երեխային, միայն թե ինքը գնա։

Պայքար՝ օրենքի շրջանակներում

Մեր պայքարն օրենքի շրջանակներում էր։ Պետությունն էր խախտում օրենք ու իրավունք։ Մենք պայքարում էինք արդարության համար։ Ինչպե՞ս է հիմա. ընդդիմությունը չէ, որ խախտում էր օրենքը, բայց նրանց են ձերբակալում։ Նույնն էր և այն ժամանակ։ Մենք պայքարում էինք, որ արդարությունը վերականգնվի։ Սկզբում հավատում էինք, որ հարցն իրոք խաղաղ ճանապարհով կարող է լուծվել։ Բայց երբ «Կոլցո» օպերացիան եղավ, հասկացանք, որ Մոսկվան մեզ չի աջակցում, նրա վրա հույս դնել չենք կարող։

Անկախության պահանջը

Սկզբնական շրջանում միտինգների ժամանակ «անկախություն» բառը ոչ մի անգամ չի հնչել։ Պահանջում էինք Ղարաբաղի միացում և դեմոկրատիա։ Հայրիկյանը, Գորգիսյանը կային, բայց անկախականները մի քանի հոգի էին, մի խումբ, որն անգամ չէր էլ մոտենում ամբիոնին։ Ամբիոնը «Ղարաբաղ» կոմիտեինն էր։

Կարծում էինք, որ անկախանալ պետք չէ, որ Ղարաբաղի հարցը հենց Խորհրդային Միության շրջանակներում պետք է լուծվի։ Բայց երբ տեսանք, որ Մոսվկան մեզ չի պաշտպանում, առաջ եկավ անկախության պահանջը։

Երբ 1991-ի մարտին մեր Գերագույն խորհուրդն անկախանալու գործընթացը սկսելու մասին որոշում ընդունեց, այդ ժամանակ էլ շատերը դեմ էին, քանի որ կարծում էին՝ դա կխանգարի Ղարաբաղի հարցի լուծմանը։ Եվ ինչ-որ առումով խանգարեց։ Գործընթացը սկսելուց 6 ամիս հետո միայն հնարավոր էր օրենքի շրջանակներում հանրաքվե անցկացնել:

«Կոլցո» օպերացիայից հետո ես քաղաքային խորհրդի մի քանի այլ պատգամավորների հետ թռա Կիև։ Ուզում էինք այնտեղ իրավիճակը ներկայացնել, բացատրել մեր քայլերը։ Ռադայի պատգամավորների հետ ընկերացա, և իրենք ցույց տվեցին Մոսկվայից ստացած հրահանգը, որ իրենք պետք է պաշտպանեն Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը Խորհրդային Միությունից դուրս գալու ցանկություն չունի, այսպես ասած՝«հավատարիմ» է։

Շուտով օգոստոսյան դեպքերը եղան, և Խորհրդային Միությունը փլուզվեց։ Բոլոր հանրապետություններն ուզած-չուզած ստացան անկախությունը, բայց օրենքով միայն մենք դուրս եկանք։

Ինչի համար էինք պայքարում և հիմա ինչ ունենք

Այն ժամանակ բացառիկ մթնոլորտ էր։ Ճանապարհով գնում էիր, մեկ էլ մեքենան կանգնում էր ու առաջարկում տեղ հասցնել։ Անգամ գյուղերից մարդիկ իրենց հողի բարիքը բերում ու Երևանի փողոցներում բաժանում էին։ Հեքիաթային մթնոլորտ էր։ Մեր ամենամեծ հանցագործությունը և ամենամեծ դժբախտությունն է, որ չկարողացանք այդ մթնոլորտը պահպանել։

Մենք նոր համակարգ էինք ուզում։ Բայց մենք ի՞նչ համակարգից էինք դուրս եկել։ Այն համակարգն էլ կաշառքի վրա էր։ Կոմունիստական կուսակցության լիդերները, ի՞նչ է, կոմունիստական գաղափարախոսության կրողնե՞ր էին։ Պաշտոնի համար էին ընդունվում կոմունիստական կուսակցություն։ Հիմա էլ մարդիկ պաշտոնի համար են ընդունվում Հանրապետական կուսակցություն։ Մենք, փաստորեն, համակարգ չփոխեցինք։ Երկրաշարժն ու պատերազմ էլ համընկան։

Այն ժամանակ ծիծաղում էին նրանց վրա, որոնք չէին գողանում։ Մտավորականներին, որոնք գաղափարի մարդիկ էին, երբեմն այլ աչքով էին նայում, մտածում էին, որ վախկոտ են, դրա համար չեն գողանում։ Շարժման ժամանակ մարդիկ հասկացան, որ մտավորականները վախկոտ չեն, չեն վախենում հետապնդումներից ու ձերբակալություններից։ Մտավորականի վարկը բարձրացավ։ Բայց ափսոս՝ կարճ տևեց։ Գայթակղությանը չդիմացան։

Մեր քաղաքային խորհրդում, օրինակ, մի քանի հոգի հարստացան, ես ու մի քանի հոգի աղքատ մնացինք։ Մտածողության խնդիր է։

Ինչո՞ւ ժողովուրդը պահանջատեր չեղավ

Ժողովուրդը պայքարեց, բայց այն կողմն էլ էր պայքարում և ավելի խելոք։ Այն մարդիկ, ովքեր պայքարում էին նրանց դեմ և ինչ-որ հաջողության էին հասնում, «չեզոքացվում» էին։ Ենթադրենք որևէ ընդդիմադիր կուսակցություն ընտրությունների ժամանակ մոտ էր եղել 5 տոկոսի շեմը հաղթահարելուն, բայց չէր կարողացել։ Ընտրություններից հետո այդ կուսակցության նախագահին կանչում էին, պաշտոն տալիս, և այդքանով հարցը լուծվում էր։ Հասկանո՞ւմ եք, պայքարը պաշտոնի համար չէր. գոնե սկզբում, բայց պաշտոնով վերջանում էր։

Շարժումը հուշերում

Երկրաշարժից հետո կոմիտեի անդամներին ձերբակալեցին։ Սպիտակից նոր էի վերադարձել։ Իմ խմբի աղջիկներից մեկը զանգեց, թե՝ կոմիտեին ձերբակալել են։ Չհավատացի։ Դրանից առաջ մի քանի անգամ նման լուրեր տարածվել էին։ Քիչ հետո նորից զանգեց և ասաց, որ վկաներ կան, իսկապես ձերբակալել են։ Զանգեցի Գրողների միություն, որտեղ շտաբն էր տեղակայված։ Հեռախոսին սովորաբար Ռազմիկն էր պատասխանում։ Հեռախոսը վերցրեցին, ձայնից գլխի չընկա, որ այլ մարդ է պատասխանողը։ Ասացի. «Ճի՞շտ է, որ ձերբակալել են կոմիտեի անդամներին»։ Ասաց՝ ճիշտ է։ Ասացի. «Ինչպե՞ս թե.․․ Մերոնց հիմա հավաքեմ, գանք»։ Հեռախոսի մյուս կողմից պատասխանեցին. «Գալու տարբերակ չկա։ Փոխգնդապետ Գևորգյանն է խոսում»։

Ոստիկանների միջին խավը շարժման կողմնակից էր, պարտադրված էին իրենց աշխատանքը կատարում։ Բայց նույնը չի կարելի ասել ղեկավարության մասին։

Կոմիտեի ձերբակալությունից մի քանի օր հետո երեկոյան հոգնած տուն եմ վերադառնում, հանկարծ ոստիկանը դուռը թակում է։ Ոստիկանության լեյտենանտ էր, տեղեկացրեց, որ միլպետը և պարետը կանչում են։ Բարկացած էի՝ ասացի. «Ի՞նչ է, հիմա պետք է ձեռնաշղթաներով տանե՞ք»։ Ասաց. «Չէ, ախպեր ջան, մեքենայի մեջ կսպասեմ, քիչ հետո արի»։

Ինձ հարցաքննեցին, հարցերին պետք է գրավոր պատասխանեի։ Ես հարցերին պատասխանում էի այնպես, ինչպես ինձ էր հարմար: Տեսուչն էլ իրեն հիմարի տեղ է դրել, թե իբր չի հասկանում, որ բուն հարցին չեմ պատասխանում։

Ինձ հետ ոստիկանությունում էին նաև Աղասի Արշակյանը և Հրայր Ուլուբաբյանը։ Հրայրը մորուք ուներ։ Միլպետը, որ բարկացած էր ու բացասական տրամադրված, ուզեցավ Հրայրին նկատողություն անել և ասաց. «Քեզանից ի՞նչ ուսուցիչ, միայն խուլիգաններն են մորուք պահում»։ Նա էլ իրեն չկորցրեց և պատասխանեց. «Ուրեմն Մարքսը, Էնգելսը խուլիգաննե՞ր են»։

Ցավոք, այն մարդիկ, որոնք պայքարում էին, շատ շուտ գայթակղվում էին հետո, երբ պաշտոն էին ստանում։

Քաղաքային խորհրդի առաջին նախագահը, որ «Ղարաբաղ» կոմիտեից էր, հոյակապ անձնավորություն էր՝ գիտնական, ազգագրագետ։ Շարժման ժամանակ իր գիտական հոդվածները տալիս էր, որ կարդայի։ Ասում էի, որ ես ֆիզիկոս եմ, հեռու իր ոլորտից, ասում էր, որ իմ կարծիքն իր համար կարևոր է։ Բայց երբ քաղաքային խորհրդի նախագահ ընտրվեց, ես էլ նույն խորհրդի անդամ էի, այսինքն՝ ավագանի այժմյան բառերով, իմ կարծիքը նրան այլևս չէր հետաքրքրում, չնայած հենց այդ ժամանակ պետք է հետաքրքրեր, քաղաքին, բնակչությանը վերաբերող հարցեր էին շոշափվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: