Հայերեն   English   Русский  

​Հայաստանն այլևս խորհրդարանական հանրապետություն է


  
դիտումներ: 1365

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահն Արմեն Սարգսյանն է։ Առանց համապետական ընտրությունների և հետընտրական ցույցերի, առանց աղուկի ու աժիոտաժի՝ պաշտոնը հանձնվեց նորընտիր նախագահին։ Նա կպաշտոնավարի առաջիկա 7 տարիներին։

«Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդման այս խոսքերով ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանը ստանձնեց նախագահի պարտականությունները։

Այսպիսով ավարտվեց կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու գործընթացը։ Հայաստանն այսուհետ խորհրդարանական երկիր է, իսկ նախագահի պաշտոնը՝ ինչ-որ առումով խորհրդանշական։

Ինչ լիազորություններ ունի ՀՀ 4-րդ նախագահը

Եթե կիսանախագահական համակարգում երկրի ղեկավարն ուներ մի շարք լիազորություններ, ապա խորհրդարանական համակարգում նախագահը զրկված է նախկին լիազորությունների մեծ մասից։ Այսպիսով, ի տարբերություն նախորդ նախագահի, նոր նախագահն այլևս ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չէ, նա նաև չի կարող արձակել Ազգային ժողովը, կազմավորել և ղեկավարել Անվտանգության խորհուրդը, ներկայացնել ՀՀ-ն միջազգային հարաբերություններում և իրականացնել երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։

Նորընտիր նախագահը կարող է նշանակել հերթական և արտահերթ ԱԺ ընտրությունները, նշանակել ընտրված վարչապետին, մասնակցել դատական համակարգի կազմավորմանը, ընդունել դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը, շնորհել քաղաքացիություն, ներում, պարգևատրումներ, պատվավոր կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ։

Նոր վարչապետն ունի նաև մասնակի լիազորություններ, ինչպես, օրինակ՝ կառավարության առաջարկությամբ կնքել միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակել և հետ կանչել դիվանագիտական ներկայացուցիչներին և դարձյալ վարչապետի առաջարկությամբ կատարել փոփոխություն կառավարության կազմում։

Այսուհետ գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որն էլ իրականացնելու է երկրի ներքին ու արտաքին, ֆինանսական և տնտեսական քաղաքականությունը։ Այժմ վարչապետն է պատասխանատու լինելու երկրի ներքին և արտաքին քաղաքականության համար, ինչպես նաև ղեկավարելու է Անվտանգության խորհուրդը։

Նորընտիր նախագահը զրկվում է ոչ միայն նախկինում եղած լիազորությունների մի մասից, այլև նստավայրից։ Այսուհետ նախագահի նստավայրը կգտնվի Մաշտոցի պողոտա 47 հասցեում, իսկ Բաղրամյան 26-ը կդառնա վարչապետի նստավայրը։ Կրճատվել է նաև նախագահի աշխատակազմը։ Եթե նախկինում նախագահն ուներ 400-ից ավելի աշխատակից, ապա այսուհետ նախագահի աշխատակազմի թիվը չի գերազանցելու 180-ը։ Նախագահի աշխատակազմից դուրս են եկել Վերահսկողական ծառայությունը, Հանրային խորհրդի աշխատակազմը, Անվտանգության խորհրդի քարտուղարությունը։

Նախագահի աշխատակազմը կունենա պահուստային ֆոնդ՝ առավելագույնը 75 մլն դրամի չափով։ Ֆոնդի միջոցները կտնօրինի նախագահը։

Չնայած լիազորությունների և հնարավորությունների սահմանափակումներին՝ նախագահը կունենա համապատասխան սպասարկմամբ առանձնատուն Երևանում և ամառանոց Սևանում, կապահովվի հատուկ նշանակության տրանսպորտային միջոցով և կունենա անձնական բժիշկ։

Նախագահական երդմնակալություն՝ առանց նախագահների

Տևական ժամանակ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե նորընտիր նախագահը պլանավորում է հատուկ հյուրեր ունենալ արտերկրից և օտարերկրյա հյուրերի ցանկը գլխավորելու է Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը, սակայն նման բան տեղի չունեցավ։ Նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված չէին օտարերկրյա պետությունների ղեկավարները։ Փոխարենը հրավիրված են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպանները։ Եղել են նաև հատուկ հյուրեր արտերկրից։

Արարողության հրավիրյալների թիվը եղել է 1200։

Ուշագրավ է, որ 4-րդ նախագահի երդմնակալությանը ներկա չեն եղել նաև ՀՀ 1-ին և 2-րդ նախագահները, չնայած ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է, որ իր երդմնակալության արարողությանը մասնակցեն Հայաստանի նախկին նախագահները։

Ի՞նչ կլինի հետո

Նախագահի երդմնակալությունից հետո, Սահմանադրության համաձայն, կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Մինչև ապրիլի 16-ը ԱԺ խմբակցությունները կարող են վարչապետի թեկնածու առաջադրել։ Նոր վարչապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին։ Ազգային ժողովը նոր վարչապետին կընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Վարչապետի՝ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի թեկնածուի անունը դեռևս պաշտոնապես հայտարարված չէ, սակայն ակնհայտ է, որ նոր թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը։ Դա է վկայում նաև ներկայում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը։ Անդրադառնալով օրերս դեռևս նախագահի պաշտոնում գտնվող Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերին՝ Կարապետյանն ասել է․ «Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն՝ որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»։

Նշենք, որ վերջին շրջանում կատարված օրենսդրական փոփոխություններով զգալիորեն ընդլայնվել են վարչապետի լիազորությունները, ինչպես նաև մեկուսացվել է նրա գործունեությունը ԶԼՄ-ների տեսադաշտից։ Օրենսդրական փոփոխությունները քննադատող իրավապաշտպանները նշում են, որ սուպերվարչապետական համակարգ է ստեղծվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: