Հայերեն   English   Русский  

​Գիտությունը լավ կազմակերպման և կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի․ Թաթուլ Մանասերյան


  
դիտումներ: 4157

Հայաստանում գիտության խնդիրների, ներկայի և ապագայի մասին «Անկախը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ։

- Պարո՛ն Մանասերյան, ինչպե՞ս եք գնահատում գիտության ներկայիս վիճակը Հայաստանում։

- Գիտության ոլորտն ընդհանուր առմամբ, կարելի է ասել, ողբալի վիճակում է, որովհետև տարիներ շարունակ թողնված է այնպես, ինչպես կա, այսինքն՝ իներցիոն կառավարում է իրականացվում՝ առանց հաշվի առնելու արդյունավետությունը։

Այս ընթացքում այդ իներցիոն վիճակը հանգեցրել է նրան, որ աստիճանաբար կորցնում ենք սերնդափոխության հնարավորությունը, ինչը ամենակարևոր խնդիրն է։

Ինչ վերաբերում է տնտեսագիտությանը, ապա կարծում եմ, որ այն՝ որպես գիտություն, Հայաստանում գոյություն չունի։ Չկա հայկական տնտեսագիտական դպրոցը, որը ժամանակին գոյություն է ունեցել։ Այսօր հայ տնտեսագիտական միտք՝ որպես հավաքական հասկացություն, կարելի է ասել, գոյություն չունի, կան անհատ տնտեսագետներ, որոնք ունեն աշխատություններ և գործունեություն են ծավալում։

Ընդհանրապես գիտության համակարգում, վարչական աշխատանքներում ունենք բավական մեծ թվով տարեցներ, որոնք առողջական խնդիրներ ունեն։ Պետք է օգնենք այդ մարդկանց վաստակած հանգստի անցնելու, ոչ թե զբաղեցնելու այն մարդկանց տեղը, որոնք կարող են ոչ միայն սերդնափոխություն ապահովել, այլև նոր արդյունք բերել գիտություն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կարողանա նաև զարգացում ապրել։

Գիտության վիճակը միայն ֆինանսավորումից չի կախված, գիտությունը լավ կազմակերպման և կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի՝ անպայման հաշվի առնելով միջազգային փորձը և տեղի առանձնահատկությունները։

- Ասացիք, որ տնտեսագիտական դպրոց, որպես այդպիսին, չունենք։ Ո՞րն է պատճառը։ Մասնագիտությունը պահանջված է, պաշտպանությունների թվով ևս ոլորտն առաջատարներից է, այդուհանդերձ գիտական արդյունքի առումով զիջող դիրքերում է։

- Ես համարձակ կարող եմ նշել, որ այն անձինք, ովքեր այսօր ղեկավարում են տնտեսագիտության ոլորտի բուհական, ակադեմիական կամ այլ կառույցներ, լինեն ինստիտուտի ղեկավար, դեկան թե ամբիոնի վարիչ, ավելի քան 90 տոկոսով սոցիալիստական էկոնոմիկայի գծով դիսերտացիաներ պաշտպանած անձինք են։ Այսինքն՝ նրանց մտածողությունը մնացել է նախորդ դարում, այդ մարդիկ նոր արդյունք չեն կարող ապահովել։ Գալով խորհրդային համակարգից և հանկարծ հայտնվելով շուկայական հարաբերություններում, այստեղից այնտեղից արտագրելով և գրքեր հրատարակելով՝ չեն կարող դառնալ մասնագետ և սովորեցնել ուսանողներին, որոնք ավելի պրոգրեսիվ մտածողություն ունեն։ Նրանք պարզապես ի վիճակի չեն գիտական միտք ղեկավարելու։

Այս մարդիկ, որոնք անպտղությամբ են տառապում, այս «բռնի վարչարարությունը», որ կա, մեծագույն չարիք է Հայաստանում։ Սրա հետևանքն է նաև այն, որ ոմանք մենաշնորհել են առաջընթացը, մենագրությունները։ Այս իրավիճակը ապատիա և մեծ հիասթափություն է առաջացնում, և որ ավելի վատ է, հանգեցնում է երիտասարդ գիտնականների արտագաղթի։

Գիտնականը նաև հանրության մեջ օգտակար խոսք, միտք պետք է հայտնի։ Եթե մարդիկ հատորներ են գրում, իսկ իրականում արտագրում, ապա գոնե մի միտք պետք է կարողանան հայտնել դժվար կացությունից դուրս գալու համար։ Բայց հրապարակում երևի 5-6 տնտեսագետ կա, որոնց կարծիքն այս կամ այն հարցի կապակցությամբ հետաքրքրում է լրատվամիջոցներին, հանրությանը։ Մյուսներն անգամ այդ միտքը չեն կարողանում հայտնել, բայց «հաջողությամբ» ղեկավարում են կրթական և գիտական կառույցներ։ Կարծում եմ՝ այստեղ պետությունը լուրջ խնդիր ունի լուծելու։ Եվ միայն տարիքի խնդիրը չէ։ Գիտնականը կարող է տարիքով լինել, բայց արդյունք տալ։

- Տարիներ շարունակ խոսվում է գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտության մասին։ Այդ առումով, բնականաբար, մեծ դեր պետք է ունենա տնտեսագիտական միտքը, որտեղ, ինչպես ասացիք, խնդիր ունենք։ Հաշվի առնելով առկա իրողությունները՝ ինչպե՞ս կարող ենք իրավիճակը փոխել և ապագայում գիտելիքահենք տնտեսություն ունենալ։

- Գիտելիքահենք տնտեսություն ասելիս չպետք է մոռանալ գիտելիքահենք կառավարումը։ Եթե գիտելիքահենք չէ կառավարումը, ապա այն չի կարող արդյունավետ լինել։ Կառավարությունում բազմաթիվ մարդիկ կան, որոնք, անկախ իրենց անցած ուղուց և ստացած կրթությունից, կարող են լրիվ անծանոթ ոլորտներ ղեկավարել։ Սա մեծագույն աղետ է։ Կան նաև բազմապրոֆիլ նախարարներ, որոնց տեսնում ենք տարբեր ոլորտներում։ Սա խոսում է այն մասին, որ պահանջված չէ գիտելիքը, ուստի ո՛չ տնտեսությունն է գիտելիքահենք դառնում, ո՛չ կառավարումը։

Ես, որպես պրոֆեսոր, դժվարանում եմ համոզել ուսանողներին, որ իրենց հաղորդվող գիտելիքը պետք է լինելու վաղը Հայաստանն ավելի լավը դարձնելու համար։

Երբ խոսում ենք գիտելիքահենք տնտեսության մասին, որպեսզի չվերածվի կենացի, պետք է ունենանք գիտելիքահենք կառավարում, կառավարությունը խստագույն մակարդակով ընտրված կադրեր պետք է ունենա՝ ոչ միայն նախարարի, այլև փոխնախարարի, վարչությունների ու բաժինների ղեկավարների պաշտոնում։

Ցավալի է, որ օրինակ՝ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում նստած են իրականում ոչ բանիմաց, Հայաստանը չճանաչող և մեր խնդիրներին անհաղորդ մարդիկ։ Ոչ միայն ռազմավարությունից են անտեղյակ, այլև չգիտեն, թե Հայաստանի ներկա խնդիրներն ինչով են պայմանավորված և որտեղ գտնել բանալին։

Ցավոք, այն երիտասարդները, մասնագետները, որոնք կարող են այդ գործն անել, գտնվում են շրջանակից դուրս։

- Պարո՛ն Մանասերյան, հաշվի առնելով Ձեր թվարկած խնդիրները՝ ապագայում հայկական տնտեսագիտական դպրոց ունենալու նախադրյալներ ունե՞նք։

- Նախադրյալներ կան իհարկե։ Բայց մենք գնալով փոշիացնում ենք դա։ Եթե նման խոսակցություն ունենանք սրանից երեք տարի հետո, վստահ չեմ, որ կկարողանամ նման լավատեսությամբ խոսել, որովհետև որակ ենք կորցնում, և այն անձինք, որոնք այսօր պետք է գիտելիք ստանան և վաղը գիտելիք փոխանցող լինեն բուհերում, գիտական հաստատություններում, արդեն սակավաթիվ են։ Ավելին, եթե նրանց լավ առաջարկ արվի, դժվար թե մնան Հայաստանի Հանրապետությունում։

Շատ դիպուկ խոսք կա՝ այն պետությունը, որը զլանում է վճարել սեփական մասնագետին, հետո ստիպված է լինելու վճարել օտար մասնագետին և ավելի բարձր։ Սա, ցավոք սրտի, իրականություն է դառնում։ Գիտենք, որ երբեմն Հայաստան են գալիս Հայաստանը չճանաչող խորհրդատուներ և այսպես կոչված խորհուրդներ են տալիս՝ ստանալով բավականին բարձր փոխհատուցում իրենց արած կամ չարած աշխատանքի համար։ Կարծում եմ՝ պետք է քաջալերել, որպեսզի հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը Հայաստանում, ոչ թե դրսում։ Եթե կարողանանք ձևավորել այդ մեխանիզմը, որ ուսման տարիներից արդեն գիտելիքը պահանջված լինի և գործատուները սպասեն այդ կադրերին, ապա կունենանք արդար համակարգ, որին կհավատա հասարակությունը, կունենանք և՛ սերնդափոխություն, և՛ ռեալ առաջընթաց։

Մեր միակ մրցակցային առավելությունն առայժմ գիտելիքն է, մտավոր կարողությունը։ Եվ այսպիսի վերաբերմունքը գիտության հանդեպ ես համարում եմ հանցավոր։

- Այս տարի գիտության ֆինանսավորումը կրճատվել է շուրջ 7 տոկոսով։ Ֆինանսավորման կրճատման հետևանքները Ձեր ոլորտում ինչպե՞ս են արտահայտվել։

- Գիտական ուսումնասիրությունների, վերլուծությունների ֆինանսավորում չկա։ Կառավարությունն իր համար է գործում, տնտեսագետները՝ իրենց համար, որևէ փոխգործակցություն չկա։ Մի քանի գիտունիկներ ողջ երկրի համար կարող են ռազմավարություն մշակել՝ առանց հաշվի առնելու կայացած, անվանի տնտեսագետների կարծիքը։ Իսկ նման տնտեսագետներ, բարեբախտաբար, Հայաստանում դեռ ունենք։

Կան մի քանի գրպանային ՀԿ-ներ, որոնք հաղթող կարող են ճանաչվել տարբեր մրցույթներում, գրպանել այդ գումարները և ոչինչ չտալ։ Փաստորեն ունենք այնպիսի տնտեսություն, որը գիտության հետ որևէ առնչություն չունի։ Գիտականորեն չհիմնավորված որոշումներն էլ տանում են հենց այս վիճակին, երբ սոցիալական բունտ է առաջանում ոչ միայն ողջ հասարակության, այլև առանձին մասնագիտությունների շրջանակում, և կառավարությունը ստիպված է լինում վերանայել իր իսկ կայացրած որոշումները կամ օրենսդիրն է լրամշակումներ մտցնում օրենքներում։

Հիմա օրենսդրի առումով որոշակի առաջընթաց կա, գոնե առանցքային, կարևոր օրենքների գծով կազմակերպվում են քննարկումներ։ Գործադիր իշխանությունում այս մշակույթն իսպառ վերացել է։ Կադրային քաղաքականությունն էլ ոչ թե մրցույթներով, այլ հայեցողությամբ է իրականացվում։

- Պարո՛ն Մանասերյան, նշեցիք, որ դժվարությամբ եք ուսանողներին համոզում գիտելիքի կարևորության հարցում։ Այս պայմաններում որքանո՞վ է գրավիչ գիտությունը երիտասարդների համար։ Արդյոք պոտենցիալ ունեցող երիտասարդները գալիս են գիտություն։

- Կան շնորհալի երիտասարդներ, ուսանողներ, որոնք, անկախ ամեն ինչից, սիրում են գիտությունը։ Բայց միայն անհատների նախասիրություններով չենք կարող գիտություն զարգացնել։ Համակարգված մոտեցում է պետք և այն գիտակցությունը, որ առանց գիտության մենք չենք կարող ունենալ իրական առաջընթաց։

- Նախագահը վերջերս գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եղած միջոցներն արդյունավետ օգտագործելը հրամայական է, փոքր միջոցներով լուրջ խնդիրներ պետք է լուծենք։ Համամի՞տ եք այդ դիրքորոշմանը։

- Այդ նվազագույն միջոցները գտնվում են ոչ ճիշտ մարդկանց ձեռքին։ Նրանք ավելի շատ իրենց անձնական, ընտանեկան, բարեկամական հարցերն են կարգավորում, քան պետության, տնտեսության, հասարակության։

Երկրորդ՝ կան ոլորտներ, որտեղ նվազագույն միջոցներով չի կարելի արդյունք ապահովել։ Եվ երրորդ՝ երբ ասում են նվազագույն միջոցներ, բայց այդ նույն պետական բյուջեից մսխվում են գումարներ, ուղղակի մարդիկ չեն հավատում, որ անգամ նվազագույն միջոցները տրամադրվում են ճիշտ նպատակի։

- Իսկ Հայաստանում գիտության ապագան ինչպիսի՞ն եք տեսնում։

- Հայաստանում գիտության ապագան տեսնում եմ լավատեսորեն, եթե ճիշտ մեկնակետից սկսենք։ Այսօր դեռ կան այդ հնարավորությունները, բայց շատ լուրջ մտահոգություն ունեմ, որ կարճ ժամանակ անց հավանաբար այդ լավատեսությունը չունենանք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: