Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ են հնարավոր ներդրողները խուսափում «Նաիրիտից»


  
դիտումներ: 1367

«Նաիրիտ» գործարանն ասես խորհրդային արդյունաբերության վերջին զարկերակն է, և գործարանի նախկին աշխատակիցները, որ մի ողջ կյանք են նվիրել նրան, փորձում են ամեն գնով կյանք հաղորդել մահամերձ հսկային:

«Նաիրիտի» պարտքն աշխատակիցներին զրոյացված է, թվում է՝ բողոքի տեղ չկա, բայց նաիրիտցիներին գրեթե ամեն շաբաթ կարելի է տեսնել կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անելիս: Պահանջը մեկն է՝ վերագործարկել գործարանը: Բայց որքանո՞վ է դա իրատեսական:

Պետական բարձրագույն իշխանությունները, ինչպես երևում է, ձեռք են քաշել «Նաիրիտից»: Պատճառաբանությունը հետևյալն է. «Նաիրիտը» վերագործարկել ցանկացող ընկերություն չկա: Այս պահին դե ֆակտո գործարանը պատկանում է պետությանը: Դե ֆակտո, քանի որ փաստաթղթերով առայժմ այն պատկանում է նախորդ ընկերությանը՝ ռուսական «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ին, որն էլ գործարանը հասցրեց սնանկության:

Հիշեցնենք, որ 2006 թ. «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությունը 40 մլն դոլարով «Հայգազարդից» գնեց գործարանի 90 տոկոս բաժնեմասը, մնացյալ 10 տոկոսը մնաց ՀՀ կառավարության իրազորության տակ: «Ռայնովիլը» գործարանը գրավադրեց Միջպետական բանկում՝ վերցնելով շուրջ 70 մլն դոլար վարկ: Գումարները փոշիացվեցին, ընկերությունը հսկայական պարտքեր կուտակեց, ի վերջո, 2017 թ. մարտին սկսվեց «Նաիրիտի» սնանկության գործընթացը:

Այժմ գործարանը գնահատվում է մոտ 2 միլիոն դոլար, բայց նույնիսկ այդ գնով գնորդ չկա: Կամ եթե կան՝ պետությունը նրանց համարում է ոչ լուրջ ներդրողներ. նախորդ երեք սեփականաշնորհումների անհաջող փորձերը կարծես թե դաս են եղել, և կառավարությունն ամեն առաջարկ փորձում է լուրջ ծանրութեթև անել, որպեսզի հետո նորից փաստի առաջ չկանգնի:

Օրեր առաջ գործարանի ճակատագիրը քննարկվել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում (նախագահ՝ Վազգեն Սաֆարյան): Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական, «Նաիրիտի» նախկին տնօրեն Լևոն Շահվերդյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը, գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ, պրոֆեսորներ, ոլորտի փորձագետներ:

Լևոն Շահվերդյանը, որ 2005 թվականից մեկուկես տարով եղել է գործարանի տնօրենը, այժմ էլ շահագրգռված է գործարանի վերագործարկմամբ և ակտիվ մասնակցում է հնարավոր ներդրողների հետ բանակցություններին: Սակայն նրա խոսքով՝ դա այնքան էլ հեշտ չէ մի շարք պատճառներով, օրինակ՝ Հայաստանում էներգակիրների թանկության: Պարզվում է՝ ներդրողները արտադրության իրականացումը մեր հոսանքով ու գազով շահավետ չեն համարում: Բացի այդ, գործարանը լուրջ վերակառուցման կարիք ունի. «Նախ պետք է գնահատել առկա ռեսուրսները, արտադրամասերի մի մասը պետք է զրոյից վերականգնել: Օրինակ՝ գործարանի 1-6 արտադրամասը, որը ողջ արտադրության սկիզբն է, այլևս գոյություն չունի, և այդ արտադրամասից անգամ մի պտուտակ հնարավոր չէ օգտագործել: Մյուս արտադրամասերի վիճակը նույնպես վատ է»,- ասում է նա:

Ընդհանուր առմամբ, գործարանը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես վերակառուցելու խիստ կարիք կա, քանի որ գործարանի հիմնումից անցել է շուրջ 80 տարի, իսկ տեխնոլոգիաներն այսօր կայծակնային արագությամբ են զարգանում:

Գործարանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը վստահեցնում է, որ հավանական ներդրողների հետ բանակցությունները շարունակվում են: Նրանց առաջին հերթին հետաքրքրում է գործարանի անվտանգության հարցը, հետո արդեն սարքավորումների խիստ մաշվածությունն ու ժամանակակից միտումներին չհամապատասխանելու խնդիրները:

«Գործարանի տարածքում շուրջ 100 հազար բնակիչ է ապրում: Բանակցությունների ժամանակ առաջին հարցը, որ տալիս են, հետևյալն է. այս նույն տարածքո՞ւմ է նախատեսվում գործարանի վերագործարկումը, թե՞ մեկ այլ: Ասում են՝ եթե այս տարածքում պետք է վերագործարկվի, ապա իրենք կհրաժարվեն, քանի որ չեն պատրաստվում մեկ միլիոնանոց քաղաքում քիմիական գործարան վերագործարկել»:

Կարեն Ասատրյանի խոսքով՝ եթե այնուամենայնիվ հնարավոր լինի առանձին-առանձին վերագործարկել գործարանի 5 համակարգերը՝ հետագայում հնարավոր կլինի ստանալ նաև կաուչուկ: «Ես, որպես կառավարիչ, առաջնահերթ դիտարկում եմ քլորի արտադրությունը, որովհետև հումքը կա Հայաստանում, մասնագետները կան, այսինքն՝ մենք նախնական բազա ունենք, ուղղակի պիտի կարողանանք իրականացնել, և ես անձամբ այդ բանակցություններն առաջ եմ տանում: Բացի այդ, կարծում եմ՝ գործարանը կկարողանա հավանական ներդրող ունենալ այն պարագայում, երբ քաղաքական շահարկումների միավոր չդառնա»:

«Նաիրիտով» այս տարիներին հետաքրքրված են եղել շատ ընկերություններ Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից: Կարեն Ասատրյանը չտվեց կոնկրետ անուններ, սակայն ասաց, որ եվրոպական հայտնի ընկերությունների հետ այս պահին էլ բանակցություններ են ընթանում, և երբ հստակ առաջարկ ստանան՝ անպայման այդ մասին բոլորը տեղյակ կլինեն:

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները համամիտ չեն, թե գործարանի վերագործարկումը վտանգավոր է: «30 տարվա մեջ գործարանում ընդամենը 6 զոհ է եղել, դա փոքր թիվ է: Շաբաթական 30 զոհ ունենում ենք միայն ավտովթարներից, էնպես որ անվտանգությունը թող լոզունգ չսարքեն, ոչ էլ պատճառ»,- ասում է գործարանի արտադրամասի նախկին պետ Արայիկ Կարեյանը:

Գագիկ Ավետիսյան

Գործարանի կաուչուկի արտադրամասի նախկին ղեկավար Գագիկ Ավետիսյանն էլ հավելում է, որ ներկայումս նույնպես գործարանն ապահով է, պայթյունի որևէ վտանգ չկա: Ավետիսյանի խոսքով՝ «Նաիրիտի» վերագործարկումը կարելի է սկսել հիմնական 3 արտադրությունները վերականգնելու դեպքում. «Օրինակ՝ քացախաթթվի արտադրությունը, որը ժամանակին ողջ ԽՍՀՄ-ում ու Եվրոպայում ամենաորակյալն էր, կամ կաուչուկը. աշխարհում կաուչուկի ընդամենը 5 գործարան կա: Ինչո՞ւ Սովետը բերեց, հենց Հայաստանում գործարանը դրեց: Որովհետև հումքը՝ կրաքարը, հենց կողքին էր»:

Գագիկ Ավետիսյանի խոսքով՝ անցած տարի իրենք գործարանի վերագործարկման բիզնես պլան են կազմել, ներկայացրել կառավարություն, որն էլ այն ուղարկել է խորհրդարան՝ քննարկման, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա: Գործարանն այս վիճակին հասցնելու մեղքը որևէ մեկի վրա բարդելը, ըստ նախկին աշխատակցի, ամենահեշտ ու ամենասխալ բանն է. «Դա բոլորիս անտարբերության հետևանքն է»,-ասում է նա:

«Նաիրիտը» մեր երկրի համար ռազմավարական նշանակության գործարան է: Այն միակն էր խորհրդային տարիներին, որի բազայի վրա աշխատում էին հարյուրավոր այլ գործարաններ, իսկ դրանց համախառն արդյունքը 14 միլիարդ ռուբլուց ավելի էր կազմում»,- հիշեցնում է Հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանն ու հավելում, որ վերջերս մի քանի տնտեսագետների հետ, այդ թվում և Թաթուլ Մանասերյանի, Վարդան Բոստանջյանի հետ քննարկել են «Նաիրիտի» վերագործարկման հարցը և գտել, որ միակ արդյունավետ լուծումը «Նաիրիտն» իբրև ժողովրդական կառույց դիտարկելն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: