Երևանում գվինեացին ավազակային հարձակման է ենթարկել օմանցուն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Երբ ես ազատվեցի այն մարդուց, որը ինձ առևանգել էր, դուրս եկա փողոց ու կանգնեցրի պատահական մի մեքենա: Մեքենայում երեք հոգի էին, որոնք ինձ օգնեցին զանգահարել ոստիկանություն: Նրանք իմ հետ եղան այնքան ժամանակ, մինչև համոզվեցին, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է: Շնորհակալ եմ նրանց»,-ոստիկանությունում ասել է տուժած քաղաքացին:
Նա պատմել է, որ Երևանի փաբերից մեկում մի անծանոթ է մոտեցել իրեն, դանակով սպառնացել ու նստեցրել տաքսի ավտոմեքենան: Ավտոմեքենայում անծանոթը հափշտակել է իր դրամապանակը, այնուհետև տարել մի տուն, ծեծել, հափշտակել է նաև բջջային հեռախոսը: Դրանից հետո օմանցին փախել է այդ տնից:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը:
Տեղի ունեցածից ժամեր անց ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինը: Նա այլ պատմություն է պատմել:
Գվինեացին ասել է, որ Երևանի ակումբներից մեկում զվարճանալուց հետո օմանցու համաձայնությամբ են գնացել իր տուն, որտեղ էլ ծագել է վիճաբանությունը:
«Ասում եմ խելոք մնա, նստի, հետո խփել եմ իրան: Ասել եմ՝ անձնագիրդ կա՞: Ցույց է տվել, նայել եմ, հետո տեսել եմ, որ շատ խմած է: Դուրս ենք եկել: Հեռախոսը իմ տունն է թողել, անձնագիրն էլ իմ գրպանում: Գնացել ենք ոստիկանություն, հետո դուրս ենք եկել, ինքը փախել է: Ես գնացել հանգիստ քնել եմ, որովհետեւ ինքն իմ տան տեղը գիտի, գիտեմ, որ անպայման կգա իր անձնագրի հետևից, չի կարող առանց անձնագրի գնալ դուրս»,-հայերենով պատմել է գվինեացին:
Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։