Հայերեն   English   Русский  

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 607

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վախճանի մասին:

Վահան Հովհաննիսյանի ներկայությունը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թե՛ արցախյան ազատամարտի տարիներին, թե՛ դրանից հետո՝ Հայաստանի Ազգային ժողովում:

Դժվար է պատկերացնել, որ գաղափարական մարտիկի, կիրթ մտավորականի, պետական ու կուսակցական գործչի, փայլուն հռետորի և վառ անհատականությամբ ընդգծված նրա կերպարը այլևս մաս չի կազմելու հայաստանյան և համահայկական քաղաքական գործընթացների: Վահան Հովհաննիսյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցության, այլև բոլորիս համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գործչի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: