Հայերեն   English   Русский  

Պուտինը Սիրիայի ուղղությամբ Արևմուտքի ռմբակոծություններն ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի ակտ է անվանել


  
դիտումներ: 225

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը խախտելով, Սիրիայում հարձակվել են ռազմական և քաղաքացիական թիրախների վրա: Գրում է Russian.rt.com-ը:

«Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումով, ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի ակտ է իրականացվել, որը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնային գծում», - նշվել է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան ամենայն լրջությամբ դատապարտում է Սիրիայի վրա հարձակումը, որտեղ ռուսական զորքերն օրինական կառավարությանն օգնում են ահաբեկչության դեմ պայքարում:

«Իր գործողություններով ԱՄՆ-ն նույնիսկ ավելի կսրի Սիրիայում մարդասիրական աղետը, տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանը, ըստ էության խրախուսելով ահաբեկիչներին, որոնք յոթ տարի շարունակ խոշտանգում են սիրիացի ժողովրդին, հրահրելով այդ երկրից և տարածաշրջանից փախստականների նոր ալիք», - հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ա արտահերթ նիստ է հրավիրում, որպեսզի քննարկի Արևմուտքի գործողությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: