Հայերեն   English   Русский  

​Թուրքական ընդդիմությունը Ստամբուլում նստացույց է անցկացրել


  
դիտումներ: 257

Թուրքիայում 2017 թ-ի ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի տարելիցի կապակցությամբ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) երկրի մի շարք նահանգներում նստացույց է անցկացրել, գրում է «Ակոս» թերթը:

Ըստ տեղեկության՝ ընդդիմադիրները ցանկացել են Ստամբուլում ցույցն անցկացնել Թաքսիմի հրապարակում, սակայն անվտանգության ուժերը շրջափակել են այն, ուստի ցուցարարները նստացույցն անցկացրել են Իսթիքլալ փողոցում: Նստացույցին մասնակցել են կուսակցության՝ Ստամբուլի շրջանային ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն, հայկական ծագմամբ թուրք կին պատգամավոր Սելինա Դողանը, ընդդիմադիր կուսակցության մի շարք պատգամավորներ և այլք:

Ջանան Քաֆթանջըօղլուն ելույթով հանդես գալիս քննադատել է երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմը: «21 ամիս է՝ մեր երկիրը ղեկավարվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում: Արտակարգ դրության ռեժիմը հեռացվել է հայտարարված նպատակներից, վերածվել է ժողովրդավարության և իրավական համակարգի դեմ ուղված հարձակման՝ դառնալով մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության խախտման և յուրաքանչյուր բողոքի ակցիա ճնշելու միջոց»,- նշել է Քաֆթանջըօղլուն:

Թուրքիայում 2017 թվականի ապրիլի 16-ին սահմանադրական հանրաքվե է անցկացվել: Հանրաքվեին փոփոխության են դրվել Թուրքիայի սահմանադրության 18 հոդվածներ, որոնցով նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել դեպի նախագահական կառավարման ձև: Բացի այդ նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնի վերացում, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորների թվի ավելացում և բարեփոխում: Փոփոխությունների օգտին քվերակել է բնակչության 51.34 տոկոսը, դեմ՝ 48.66 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: