Հայերեն   English   Русский  

​Բիզնեսը սկսել են առանց ներդրման և հիմա «Ֆեյսբուքը վարում-ցանում են»


  
դիտումներ: 15945

Համեմատաբար երիտասարդ է թվային մարքեթինգով զբաղվող «ԴիջիԼաբը» (DigiLab), բայց արդեն հասցրել է դառնալ այս ոլորտի ամենահայտնի ու հեղինակավոր ընկերություններից մեկը: Զբաղվում է օնլայն տիրույթում բիզնեսի առաջխաղացմամբ՝ SMM ռազմավարության, կոնտենտ պլանի մշակմամբ և իրականացմամբ, վաճառող տեքստերի պատրաստմամբ (copywriting), էջերի արդյունավետ դիզայներական լուծումներով, էլեկտրոնային նամակներին և մեկնաբանություններին արագ արձագանքով և առհասարակ օնլայն միջավայրում գովազդային արշավների պլանավորմամբ և իրականացմամբ:

«Ես աշխատում էի դպրոցում՝ Շիրակացի ճեմարանում, ՏՏ բաժնի ղեկավարն էի, ամեն ինչ լավ էր, մինչև հանդիպեցի Վահրամ Միրաքյանին: 2015 թվականի դեկտեմբերն էր, նա պետք է սկսեր «Չոր մարքեթինգ» ծրագիրը, ես էլ երկրորդ աշխատանք էի փնտրում, ու որոշեցինք, որ պետք է միասին սկսենք: Վահրամի հետ աշխատանքս սկսեցի համատեղել դպրոցի աշխատանքի հետ: 2016 թվականի փետրվարին կայացավ առաջին «Չոր մարքեթինգը», շատ լավ էր, այն ժամանակ չէի էլ հավատում, որ կարող էր այդքան լավ լինել: Հետո՝ 2016 թվականի մայիսից դպրոցում աշխատանքս դադարեցրի, ու մնաց միայն «Չոր մարքեթինգը»: 2016-ի վերջերն էր, այդ ընթացքում մեզանից ահավոր շատ դիջիթլ մասնագետներ էին ուզում, ես «Չոր մարքեթինգի» էջն էի անում, ու բոլորն ասում էին՝ ինչ լավ է, մերն էլ արեք, և Վահրամ Միրաքյանի ու Նարեկ Ալեքսանյանի հետ նստեցինք ու որոշեցինք, որ պետք է թվային մարքեթինգի գործակալություն բացենք»,- «Անկախին» պատմեց «Դիջիլաբ» (Digilab) ընկերության համահիմնադիր, տնօրեն Լիլիթ Թադևոսյանը:

2017 թվականի փետրվարին ընկերությունը սկսեց իր գործունեությունը զրոյին մոտ ներդրումով, 10 հոգանոց թիմով ու երկու հաճախորդով, որոնցից մեկն էլ՝ անվճար: Լիլիթ Թադևոսյանը հիշեց, որ իր քեռու որդին ընկերություն ուներ, նրան խնդրեց, որ օգտվի իր ղեկավարած ընկերության ծառայություններից վճարովի հիմունքներով, և քանի որ համահիմնադիրների ու «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի հետ որոշակի համագործակցություն կար, նրանց խնդրեցին, որ իրենց էջը տան «Դիջիլաբին», իրենք անվճար այն կվարեն: Մեկ ամիս հետո «Նոր Զովքը» տեսավ արդյունքն ու սկսեց օգտվել «Դիջիլաբի» ծառայություններից արդեն վճարովի հիմունքներով: Դրանից հետո հաճախորդները սկսեցին արագ ավելանալ: Ներկայումս ընկերությունը սպասարկում է 30 գործընկերների, բայց ընթացքում եղել է, որ մինչև 50 ընկերությունների են սպասարկել:

«Այնքան հումորով ասացինք՝ ֆեյսբուք ենք վարում, ֆեյսբուք ենք վարում, որ մի օր էլ թիմի աշխատողները մտածեցին «Ֆեյսբուք ենք վարում-ցանում» սլոգանը, այդպես էլ մնաց «ԴիջիԼաբը» ֆեյսբուք է վարում-ցանում»,- ժպտալով պատմում է Լիլիթ Թադևոսյանը:

Հիմա թիմում աշխատում են 15 հոգով, ևս 4 հոգի էլ դիզայներական թիմն է, որը փոքր-ինչ ուրիշ աշխատանքներ է անում:

Ընկերության համահիմնադիր տնօրենը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ սկսելու համար որևէ ներդրում չեն արել, «ամենալուրջ» ներդրումը դոմեյն գնելու գումարն է եղել՝ մոտ 10 հազար դրամ: Սկզբում գրասենյակ չեն ունեցել, բոլոր աշխատակիցներն աշխատել են իրենց տներից՝ իրենց համակարգիչներով, միայն հավաքվում էին աշխատանքային քննարկումների ինչ-որ վայրում, օրինակ՝ «Թիմ թայմում» կամ «Լոֆտ» ակումբում: Ներդրումը, կարելի է ասել, դա էր, այն գումարները, որ վճարում էին նման հաստատություններին: Բայց դա ներդրում էլ չէր, որովհետև, ինչպես նշում է «ԴիջիԼաբի» համահիմնադիրը, այդ գումարները շատ արագ վերադարձան:

«Քանի որ մերը ծառայությունների ոլորտ է, այստեղ հիմնական ներդրումը անձնական ոչ նյութական ռեսուրսներն են՝ սեփական միտքն ու երևակայությունը, մտավոր աշխատանքը: Արդեն օգոստոս ամսից գրասենյակ վարձեցինք, ու սկսվեցին կողմնակի ծախսերը: Մեր դեպքում հեշտ է եղել զրոյից սկսելը, որովհետև մեր գործընկերները հիմնականում եկել են «Չոր մարքեթինգից»: Գործընկերները մեզ վստահել են, քանի որ ճանաչել են ու թվային մարքեթինգի ոլորտում ինձ՝ որպես փորձագետի, ընդունել են, այդ առումով հեշտ է եղել: Բայց չեմ կարող ասել՝ զրոյից բիզնես սկսելն ընդհանրապես հե՞շտ է, թե՞ դժվար: Իմ կարծիքով՝ եթե շատ աշխատես, ամեն դեպքում արդյունքի կարելի է հասնել: Ուզում եմ ասել՝ եթե անգամ փող չունես ներդրումներ անելու համար, բայց ունես լավ գաղափար, այդ գաղափարի համար ներդրումներ կգտնես»,- ասում է Լիլիթ Թադևոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ անձնական ու այդքան շատ բիզնեսների հետ շփվելուց ստացած փորձի առկայությամբ իսկ բիզնեսում հաջողելու համար պետք է լավ գաղափար ունենաս: Բայց ամենակարևորը լավ ծառայություն մատուցելն է, անկախ նրանից, թե ինչ ծառայություն ես մատուցում: Հայաստանի համար շատ կարևոր հանգամանք է նաև հաճախորդի հետ արդար լինելը, երբեք չպետք է խաբես հաճախորդիդ, բացի այդ, շատ կարևոր է, որ եթե նոր բիզնես ես սկսում, գոնե մի բանով տարբերվի հներից:

«Բիզնեսմենը պետք է ունենա շատ ուժեղ նյարդեր ու ամեն ինչ թեթև տանելու հատկություն: Օրինակ՝ ես հիմա 180 աստիճանով փոխվել եմ: Նախկինում ամեն ինչ կարող էի սրտիս շատ մոտ ընդունել, բիզնեսն ու անձս նույնացնում էի, ու բիզնեսին ուղղված ամեն ինչ, լիներ դա վատ կարծիք, վատ որոշում, անհաջողություն, ընդունում էի անձնական մակարդակում: Երկրորդ՝ հաջողակ բիզնեսմենը պետք է ունենա լավ կառավարչական հատկանիշներ և հմտություններ: Ինչ-որ բան ես կարող եմ անել, ես գիտեմ, որ կարող եմ անել ու լավ եմ անում, բայց որոշակի փուլերում պետք է հասկանամ, որ այլ աշխատող դա ավելի լավ կանի, ու ավելի լավ կլինի, որ ես իմ ռեսուրսը ծախսեմ այլ ուղղությամբ: Ես սա հատուկ շեշտում եմ, քանի որ դա մեծ խնդիր է, բիզնեսների հիմնադիրները կամ տնօրեններն ամեն ինչ իրենք են անում, իսկ երբ սկսում ես օպերացիոն հարցեր լուծել, բիզնեսը գնում է լճացման: Պետք է ինչ-որ փուլերում թողնես, որ օպերացիոն հարցերդ աշխատողները լուծեն: Դրան շատ դժվար է հանգել, քանի որ միշտ թվում է, թե եթե ինքդ զբաղվես խնդիրներով, ամեն ինչ շատ ավելի լավ կանես: Բայց միգուցե իրականում ուրիշն ավելի լավ է անում»,- նշում է «ԴիջիԼաբի» տնօրենը:

Նրա խոսքով՝ բիզնեսով զբաղվելիս պետք է միշտ պատրաստ լինես զոհաբերել անձնական ժամանակդ, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինես, որ դա ֆիքսված ժամերով աշխատանք չէ, որ ինչ-որ ժամի աշխատանքդ ավարտես, գնաս տուն ու մոռանաս ամեն ինչ: Հնարավոր է, որ կեսգիշերին ինչ-որ խնդիր առաջանա, ու պետք է լուծես այդ խնդիրը, այլ լուծող չկա: Եթե բիզնես ես սկսում, ուրեմն պետք է գիտակցես, որ քո ուսերին բավականին մեծ պատասխանատվություն ես վերցնում, պետք է պատրաստ լինես դրան: Ու եթե վարձու աշխատողը կարող է սխալ անել, քանի որ նրանից վերև կանգնածները կշտկեն սխալն ու կլուծեն հարցերը, ապա երբ ձեռնարկատերը դու ես, այդ վերևի մարդը հենց դու ես: Ուստի շատ դժվար է միշտ հարց լուծողի կարգավիճակում լինել ու այդ ահռելի պատասխանատվությունը սեփական ուսերին վերցնել: Իսկ հարցեր ու խնդիրներ, դժվարություններ բիզնեսում ամեն պահի լինում են:

ԴիջիԼաբ

«Բոլոր փուլերում էլ կան դժվարություններ, որոնք հենց այդ փուլին են բնորոշ, ինչպես, ասենք, 6-րդ դասարանում ուրիշ խնդիրներ ունես, 4-րդ կուրսում՝ այլ խնդիրներ, 30 տարեկանում՝ այլ, ու այդպես շարունակ: Եթե 6 ամիս առաջ մեզ համար խնդիր էր գրասենյակի ձեռքբերումը, այսօր արդեն այլ խնդիրներ ունենք: Այսինքն՝ բիզնեսը նաև անընդհատ խնդիրների շարք է, որոնք լուծելով պետք է առաջ շարժվես: Իսկ եթե խնդիրներդ վերջացան, ուրեմն բիզնեսն էլ է ավարտվել: Չես կարող բիզնեսում խնդիրներ չունենալ: Ուղղակի մի օր կարող են խնդիրները շատ թեթև, իրավիճակային լինել, որոնք արագ ու հեշտ են լուծվում, մի օր էլ՝ ծանր ու գլոբալ: Ու բիզնեսը որքան աճում, ընդլայնվում ու խոշորանում է, այդքան էլ մեծանում են խնդիրները,- ընդգծում է երիտասարդ ձեռներեցը և շարունակում,- այդ խնդիրները լուծելու համար պետք է աշխատասիրություն, համբերություն, սպասելու ունակություն:

«ԴիջիԼաբի» տնօրենի համոզմամբ՝ բիզնեսմենի կյանքն անկանխատեսելի է. չգիտես, թե հաջորդ պահին ինչպես կծավալվեն իրադարձությունները, որքան գումար կաշխատես, աշխատավարձ կունենաս, թե ոչ, աշխատանքդ որքան կտևի և այլն: Բայց դրա մեջ էլ հետաքրքրություն կա: «Այստեղ մարդիկ շատ էներգիա են դնում, շատ աշխատանք են անում: Ուզում ես նմանվել նրանց, ասում ես՝ այսինչը արել է ու ստացվել է, ուրեմն ես էլ կարող եմ, և այլն: Այսինքն՝ քո տեսակից բացի, նաև կարևոր է միջավայրը, շրջապատը: Շատ կարևոր է, թե ովքեր են կողքիդ կանգնած, ովքեր են քեզ օգնում ու աջակցում»,- ասում է Լիլիթ Թադևոսյանը:

Մի հանգամանք էլ. նրա փորձը ցույց է տվել, որ բիզնեսին կարող է խանգարել շատ արագ հարստանալու մոլուցքը, հենց հիմա, հենց այս պահին դիմացինից գումար կորզելու մղումը, այնինչ երկարաժամկետ հաջողություն ունենալու համար միշտ պետք է մտածել երկարաժամկետ, նաև պետք է երազանք ունենալ: «Ամեն դեպքում,- եզրափակում է մեր զրուցակիցը,- պետք է լինել ճկուն, համբերատար, աշխատասեր, նորարար ու չնահանջող, այդ ամենի դեպքում հաջողությունն ու նյութական բարիքները կգան ինքնըստինքյան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: