Հայերեն   English   Русский  

​6-րդ դասարանից ուսադիրներով. ինչպես են ապրում ու կրթվում մեր ապագա զինվորականներն ու քաղաքացիները


  
դիտումներ: 6759

Հայաստանում գործում է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցը, որն ամեն ինչով առանձնանում է հանրակրթական դպրոցներից: Անունն արդեն հուշում է, որ այստեղ, բացի հանրակրթական առարկաներից և ուսումնական ծրագրերից, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցերին և զինվորական առարկաներին:

Այս դպրոցում սովորում են 6-9-րդ դասարանի աշակերտներ: Դպրոցը գիշերօթիկ է, սաները շաբաթվա 6 օրն անցկացնում են այստեղ, քնում, զարթնում, սնվում, դասի են գնում, դասերը պատրաստում, մարզվում, մի խոսքով՝ այստեղ են ապրում:

«Շաբաթ օրը կեսօրին, ավարտելով իրենց շաբաթօրյա դասը, գնում են տուն և վերադառնում են կիրակի երեկոյան, որպեսզի երկուշաբթի նորից վերսկսեն պարապմունքները: Դպրոցում առավոտյան 9:00-ից մինչև 17:00-ը հանրակրթական ծրագրերն են սովորում և դասապատրաստում անցկացնում, 17:00-ից մինչև 19:10 րոպե՝ մասնագիատկան առարկաները: Դրանք սպորտային դասերն են, զինվորական դասերը, շարային պատրաստությունը, կրակային պատրաստությունը, մարտավարությունը և այլն: Զինվորական պատրաստվածության դասերն էլ էականորեն տարբերվում են սովորական հանրակկրթական դպրոցներում ուսուցանվող համանման առարկաներից ու կրթական ծրագրերից, այստեղ այդ առարկներն ավելի բացված, խորացված են ուսուցանվում»,- «Անկախի» հետ զրույցում նշեց Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը:

Այսինքն՝ եթե հանրակրթական դպրոցում շաբաթական մեկ կամ երկու դասաժամ է հատկացված նախնական զինվորական պատրաստություն առարկային, և աշակերտներն այս առարկան անցնում են խտացված, ապա Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում շարային պատրաստությունն առանձին են անցնում, կրակային պատրաստությունը՝ առանձին, սովորում են նաև առաջին օգնություն, արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ, ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, տեղագրություն: Սպորտային խմբակներից գործում են մարտական ձեռնամարտի, աթլետիկայի, ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի խմբակներ, ավիամոդելային խմբակը:

«Մեր ծրագրերը կազմվել են ՆԶՊ դասագրքի հիման վրա: Մենք այդ դասագրքի բաժիններն առանձնացրել ենք և յուրաքանչյուր բաժինը դարձրել ենք մեկ առարկա: Առանձին ծրագրեր են կազմվել, ու արդեն այդ առարկաներն ուսուցանվում են խորացված եղանակով: Առանձնահատկությունը հենց դա է: Ընդհանրապես հանրակրթական դպրոցներում ՆԶՊ առարկան ուսումնասիրում են 8-րդ դասարանից, իսկ այստեղ՝ արդեն 6-րդ դասարանից: Իհարկե, ուսումնական ծրագիրն այնպես է մշակված, որ երեխաների համար ավելի մատչելի ու հասկանալի լինի: Տեսությունը, որ պետք է գրեն ու սովորեն, այս տարիքում չեն անցում: Ավելի շատ ժամանակ են հատկացվել գործնական պարապմունքներին՝ շարային պատրաստությանը, կրակային վարժաձևերին և այլն»,- նշում է դպրոցի փոխտնօրեն, մայոր Արման Միրզոյանը՝ հավելելով, որ այս դպրոցում ֆիզիկական պատրաստվածությունն էլ են անցնում ավելի խորացված, քան հանրակրթական դպրոցներում:

Ուսուցանվում է նաև առաջին օգնություն, որը դասավանդում են Հայկական կարմիր խաչի կազմակերպության մասնագետները: Այս առարկայի շրջանակներում սաները սովորում են, օրինակ, ճիշտ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում առաջին օգնությունը ցույց տալ:

«Ունենք «արտակարգ իրավիճակներում կենսագործունեություն» ծրագիր, որը ներառում է նաև ալպինիզմի դասընթացներ, ընդհանուր արտակարգ իրավիճակներում գոյատևման դասընթացներ: Դրանք լրիվ առանձին ծրագրեր են»,- տեղեկացրեց Արման Միրզոյանը:

Փաստորեն դպրոցում աշխատում են դասավանդել ու երեխաներին փոխանցել այնպիսի առարկաներ, մարզաձևեր ու սպորտաձևեր, որոնք հետագայում անհրաժեշտ են լինելու պատանիներին զինվորական ծառայության ընթացքում, իսկ եթե նրանք ցանկանան ուսումը շարունակել ռազմական բուհերում, նաև հետագա զինվորական կյանքի ընթացքում:

Այստեղ սաները սնվում են օրական 4 անգամ, դպրոցի համազգեստը, գրենական պիտույքները սաներին տրվում են դպրոցի կողմից, և ուսումը լրիվ անվճար է:

«Մեր նպատակն է մատաղ սերնդի, աճող սերնդի մեջ զարգացնել սեր դեպի հայրենիքը, որ նրանք չխուսափեն զինվորական ծառայությունից, կարողանան դիմակայել ծառայության դժվարություններին, լինեն պատրաստված, զարգացած, կրթված, առողջ և ուժեղ: Համագործակցում ենք Նուբարաշենի զորամասի հետ, երեխաները ծանոթանում են զորամասում գործող կարգին, կանոններին»,- ասում է դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը:

Բացի հանրակրթական առարկաներից, մասնագիտական առարկաներից ու մարզումներից, դպրոցում լուրջ ուշադրություն են դարձնում ընդհանուր զարգացմանը: Դպրոցի սաների համար ավելի հաճախակի են կազմակերպվում էքսկուրսիաներ, ճանաչողական այցելություններ տարբեր մշակութային, պատմական ու կրթական հաստատություններ, թանգարաններ, պատկերասրահներ և այլն: Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ներկայացումներ, որոնք օգնում են զարգացնելու սաների մեջ գեղագիտական ճաշակը, արթնացնելու պատմության, գրականության, բարու ու գեղեցիկի սերը:

Շատերը կարծում են, թե այս ու նման դպրոցները սոցիալական խնդիրները լուծելու, դժվար պահվող ու դաստիարակվող երեխաներին այստեղ տեղավորելու և հսկելու նպատակով են ստեղծվում: Բայց Արամ Մանուկյան մարզառազմական դպրոցը, ինչպես նշեց տնօրեն Արմեն Թովմասյանը, սոցիալական խնդիր չի լուծում: Սա նոր ճյուղ է, ուղղություն, որով գաղափարապես, ֆիզիկապես և հոգեպես զարգացած շրջանավարտներ պետք է պատրաստեն ոչ միայն հետագա զինվորական կրթության համակարգի, այլև առհասարակ հասարակության համար: Այստեղ միջանձնային հարաբերություններն են շատ կարևոր, քանի որ դպրոցի սաները 24 ժամ գտնվում են դպրոցում և շփվում են միմյանց հետ առավոտից երեկո: Գործում է 24-ժամյա հսկողություն. մանկավարժական և սպայական անձնակազմը փորձում է ամենայն բացասական երևույթներից հեռու պահել սաներին:

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց

«Հետևողական ենք, որ մեր երեխաներն ավելի խորանան գիտելիքների և մասնագիտական աշխատանքների, պարապմունքների մեջ, քան հանրակրթական դպրոցների աշակերտները»,- ասում է դպրոցի տնօրենի մասնագիտական աջակցությունների գծով տեղակալ, գնդապետ Վարազդատ Բալիկյանը, որ հանրակրթական դպրոցներում աշխատելու փորձ ունի, և ընդգծում է, որ ուսուցման այս ձևն իրեն ավելի է դուր գալիս, քանի որ այստեղ, բացի բուն պարապմունքներից, կա նաև արտադասարանային դասապատրաստում: Ուսուցման այս ձևը, ըստ Բալիկյանի, բավականին արդյունավետ է: «Իհարկե, մենք նաև ունենք ազատ ժամեր, որոնց ընթացքում երեխաները զբաղվում են տարբեր խաղերով, հիմնականում կրթող ու զարգացնող, կամ դիտում են զարգացնող հաղորդումներ, ֆիլմեր և այլն: Ուսուցման պրոցեսն այստեղ կատարվում է մանկավարժների և մասնագետների շուրջօրյա հսկողության ներքո, որը հանրակրթական դպրոցում չկա: Սա, իմ կարծիքով, ավելի արդյունավետ ձև է: Օրինակ՝ ոչ բոլոր ծնողներն են, որ կարող են բոլոր առարկաների գծով իրենց երեխաներին ճիշտ ուղղություն ու օգնություն ցույց տալ: Ծնողներից շատերն ի վիճակի չեն օգնել երեխաներին, բացատրել նրանց դասերը, և երեխաների գիտելիքները մնում են թերի: Իսկ մեր դպրոցում կա դասապատրաստում մանկավարժների հսկողությամբ, որի ժամանակ երեխաները կարող են դիմել իրենց ուսուցիչներին և դասերը սովորելու, պատրաստելու հարցում ստանալ նրանց օգնությունն ու աջակցությունը, բոլոր հարցերի պատասխանները»,- նշում է գնդապետ Բալիկյանը:

Այս դպրոցի շրջանավարտները, վստահ են ղեկավարները, ավելի խոր ու համակողմանի գիտելիքներով են հրաժեշտ տալիս կրթօջախին, ու եթե զինվորական էլ չդառնան, ապա գոնե ունենում են այնպիսի փորձ ու հմտություններ, որոնք կյանքում հաստատ պետք կգան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: