Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Սանասարյանին և հավաքի մյուս կազմակերպիչներին ուղղված հայտարարություն է տարածել


  
դիտումներ: 146

Երևանում ապրիլի 19-ի առավոտից շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչները սադրիչ բնույթի գործողություններ են իրականացնում:

Ոստիկանությունը հորդորում է նրանց հստակ գիտակցել իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը:

Անկախին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթևեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը: Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը չխոչընդոտելու վերջիններիս պարտավորության ակնհայտ խախտման, որպիսի գործողություններն առանձին դեպքերում զուգորդվում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ:

Նշված, ինչպես նաև հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների և իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջև:

Այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: