Հայերեն   English   Русский  

Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում. Տիգրան Քոչարյան


  
դիտումներ: 144

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու իրավիճակը լուսաբանելիս թե՛ ռուսական, թե՛ եվրոպական և թե՛ ամերիկյան լրատվամիջոցները հնարավորինս չեզոք տեսանկյունից են լուսաբանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց մեդիա-փորձագետ Տիգրան Քոչարյանը՝

լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն ինչպես են լուսաբանում արտասահմանյան մեդիա-հարթակները:

Նա շեշտեց, որ երկրում առկա իրավիճակը ուկրաինական մայդանի հետ նույնականացնել պետք չէ, քանի որ այս պայքարում չկա որևէ աշխարհաքաղաքական պահանջ։

«Եթե մենք հետևում ենք աշխարհի ուժային կենտրոնների լրատվամիջոցների նկարագրմանը Հայաստանում կատարվող իրադարձություններին՝ հնարավորինս չեզոք դիրք է պահպանվում։ Միայն կարելի է նկատել, որ համակրանք կա բողոքավորների քանակի հետ կապված։ Ե՛վ ռուսական, և՛ ամերիկյան, և՛ եվրոպական լրատվամիջոցները ներկա պահին անաչառություն են պահպանում։ Նրանք ուշադիր հետևում են, թե ինչ զարգացումներ են լինում, տալիս են համապարփակ, երկկողմանի տեղեկատվություն, այսինքն՝ նկարագրում են և՛ վարչապետի ընտրությունը խորհրդարանում, և՛ Երևանի փողոցներում կատարվող իրադարձությունները, կարծիքներ են վերցնում իշխանական շրջաններից և Նիկոլ Փաշինյանից ու իր կողմնակիցներից։ Ցույցի մասնակիցները մինչև հիմա որևէ այլ պահանջ, բացի նորանշանակ վարչապետի հրաժարականից, չունեն և այստեղ արդեն ասպարեզ են մտնում ոչ աշխարհաքաղաքական կենտրոնների երկրները, որոնք փորձում են Հայաստանում ինչ-որ կերպ տեսնել այն, ինչը չի երևում կամ չկա»,- նշեց Քոչարյանը և հավելեց, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է ադրբեջանական մամուլին։

Նրա խոսքով՝ իրենք ոչ միայն իրենց մամուլի, այլև հայկական էջերով ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատերերի միջոցով ամեն կերնպ փորձում են սադրանքներ իրականացնել։

«Ադրբեջանական կողմը շատ լավ կզգա իրեն, եթե Հայաստանում արյունահեղություն կամ խոշոր բախումներ լինեն։ Դա կարելի է տեսնել թե՛ նրանց հոդվածներում, թե՛ այն տեղեկատվության մեջ, որ նրանք փորձում են «ներմուծել» հայկական դաշտ։ Ադրբեջանական մամուլը փորձում է նաև Հայաստանի իշխանություններին պաշտպանելը վերագրել Ռուսաստանի Դաշնությանը և,այսպիսով, փորձել հակասություն ստեղծել Հայաստանի համացանցում օգտատերերի մեջ»,- նկատեց մեդիա-փորձագետը։

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ ռուսական մամուլում տեղ գտած հոդվածներին, ասաց, որ չեզոք և անաչառ է։

«Ուկրաինական մայդանական զանգվածն ամեն կերպ այս ամենում փորձում է «մայդան» տեսնել, և հակաուկրաինական ռուսական օգտատերերը նույնպես նույնն են տեսնում։ Եթե «Մայդանը» որպես կլասիկ տարբերակ դիտարկենք, քանի որ դրան որևէ սահմանում չկա, ապա կարող ենք ասել, որ այնտեղ կար հստակ աշխարհաքաղաքական մոտեցում տվյալ երկրի ընդդիմության մոտ։ Սակայն և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ որևէ այլ մեկը չի փորձել այս ամենը կապել Ամերիկայի, Ռուսաստանի կամ Եվրոպայի աջակցության հետ։ Մեզ մնում է ուղղակի հետևել և տեսնել, թե ինչ է կտարվում»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ հանգուցալուծումը գտնելը շատ բարդ է լինելու, և հնարավոր է կա մի քայլ, որի մասին դեռ ոչ ոք չգիտի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: