Հայերեն   English   Русский  

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Նախագահ Սահակյան


  
դիտումներ: 193

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ եւ փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ապրիլի 19-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահի խոսքով՝ անցած տարվա ընթացքում բավականին մեծ թափով շարունակվել է բանակաշինության գործընթացը բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ ռազմատեխնիկական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական եւ այլ միջոցառումների իրականացմամբ: «Խոսելով ռազմատեխնիկական բաղադրամասի մասին՝ ուզում եմ նշել, որ համալիր աշխատանքներ են կատարվել բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման ուղղությամբ:

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ եւ փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:

Սկիզբ է դրվել ռազմական արդյունաբերությանը, տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, որոշների վրա դեռ աշխատանքներ են տարվում:

Շարունակվել է դիտարկման համակարգի արդիականացումը: Ներկա դրությամբ պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարարում է խնդրի կատարումը: Մեծ թափով շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Խոսելով ինժեներական ամրակառույցների զարգացման մասին՝ Բ. Սահակյանը նշել է, որ այդ ուղղությամբ ևս լուրջ տեղաշարժ է արձանագրվել:

Առաջնագծում եւ պաշտպանության խորքում կառուցվել են ճանապարհներ եւ փոս-ճանապարհներ, որոնք նպաստում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակացույցերի կրճատմանը:

«Լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաեւ բանակային բնագծի զարգացման ու պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ: Դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ եւ կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ:

Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկման համակարգի հետ»,- ընդգծել է Նախագահը եւ ավելացրել, որ պաշտպանության բանակը իր առջեւ դրված խնդիրները եւ, առաջին հերթին, պետական սահմանի անառիկ պահպանությունը կատարել եւ կատարում է լրիվությամբ, ինչը պահանջում է լարված ու նպատակասլաց աշխատանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: