Հայերեն   English   Русский  

Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերը


  
դիտումներ: 1875

Ապրիլի 18-ին Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերը։

Մինչեւ ապրիլի 30-ն անցկացվելիք այս լայնամասշտաբ միջոցառումները կազմակերպվել են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի շնորհիվ։ Մշակույթի օրերի անցկացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մալթայի արդարադատության, մշակույթի եւ տեղական ինքնակառավարման նախարարությունը, Arts Council Malta-ն եւ Valletta-2018 հիմնադրամը։

Մշակույթի օրերի մեկնարկին Իտալիայում եւ Մալթայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը կարեւորեց այն փաստը, որ Հայաստանի մշակույթի օրերը լայնածավալ կերպով անցկացվում են հատկապես հիմա, երբ Մալթայի մայրաքաղաք Վալետան հռչակվել է 2018 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի խոսքով, Մալթայում հայկական մշակույթը ներկայացնելու գաղափարը ծագել էր տարիներ առաջ, իսկ այն փաստը, որ այս տարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դարձավ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ, ավելի իրագործելի դարձրեց ՀՀ օրերի անցկացումը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը իր շնորհակալությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին Հայաստանի մշակութային ժառանգությունը Եվրոպայի մշակույթային մայրաքաղաքում ներկայացնելու հնարավորության համար։

Հայաստանի մշակույթի օրերին նվիրված ասուլիսի ընթացքում մեծանուն օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան նշեց, որ հայկական մշակույթն իր համար շատ հոգեհարազատ ու սիրելի է, իր արյունը կապված է Հայաստանի եւ հայկական հրաշալի մշակույթի հետ։ Նա նաեւ հիշեց մի քանի տարի առաջ իր ելույթը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում՝ անվանելով դա մեծագույն միջոցառում։ Գանձասարի, Մատենադարանի, Էջմիածնի նման հուշարձանները եզակի են ոչ միայն հայկական մշակույթի, այլեւ ամբողջ երկրագնդի համար։ «Իրապես սիրում եմ այս երկիրը եւ կարծում եմ՝ այս սերը փոխադարձ է»,- ասաց Լյուբով Կազարնովսկայան։

Խաչատրյանին նվիրված համերգին ելույթ ունեցավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հնչեցին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Այման Մուսահաջաևա), «Դիմակահանդես» սյուիտը, հատվածներ «Սպարտակ» բալետից։

Ջութակահարուհի Այման Մուսահաջաևան ելույթից հետո նշեց, որ առաջին անգամ է համագործակցում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ Եվ այդ համագործակցությունը շատ հաճելի էր։ Ըստ նրա՝ Խաչատրյանի երաժշտությունը համախմբում է, նրա մեղեդիները թեմաների մեծագույն հարստություն, կոլորիտ են պարունակում, ինչը լցնում է ունկնդիրների հոգիները։ «Ես ուրախ եմ բացահայտելու դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, նա շատ լավ դիրիժոր է, ով հեշտությամբ հասկանում է մենակատարներին, ինչն օգնում է մեզ ելույթ ունենալ հեշտ ու ազատ»,- ասաց ջութակահարուհին։

Նշենք, որ երեկ Վալետայում դռներն է բացել Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Երաժշտության միջազգային լեզու» խորագրով, որը բաց կլինի մինչեւ ապրիլի 22-ը:

Տեղեկացնենք նաեւ, որ մինչեւ ապրիլի 30-ը Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում Մալթայում սպասվում է հագեցած մշակութային ծրագիր։ Հանդես կգան Խաչատրյան տրիոն և «Արաքս» պարային համույթը, կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգը, ինչպես նաև Մալթայի երգչախմբի կատարմամբ կհնչեն Կոմիտասի երգերը: Կանցկացվեն «Կոմիտաս. կյանքը լուսանկարներում», «Խաչքարեր», «Քարերի գաղտնիք» խորագրերով ցուցահանդեսները, կցուցադրվեն Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները», Միքայել Պողոսյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: