Հայերեն   English   Русский  

​Բուհերը պետք է պատրաստեն միայն կրթված մա՞րդ, թե՞ նաև մասնագետ


  
դիտումներ: 6553

Այս հարցն էր «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» երկօրյա ֆորումի ուշադրության կենտրոնում։ Ֆորումը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշում է, որ քննարկումների նպատակն է հասկանալ, թե որտեղ է ավարտվում բուհի պատասխանատվությունը, ուսանողին բազային ընդհանուր կրթություն, տեսական գիտելիք մատուցելո՞վ, թե՞ նաև պետք է ուսանողին պրակտիկ մասնագետ դարձնի։

Պարոն Թոփչյանի խոսքով՝ այս անորոշությունը հանգեցրել է աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդրին, երբ գործատուն առաջնային չի համարում իր աշխատակցի համապատասխան մասնագիտական կրթություն ունենալը՝ նախապատվությունը տալով միայն համապատասխան որոշակի հմտությունների և կարողությունների առկայությանը։

Ծրագրավորման ոլորտի SFL ընկերության ավագ ծրագրավորող Մհեր Սարգսյանը նշում է, որ իրենց դիմող շրջանավարտները, որպես կանոն, ունենում են բազային գիտելիքների մեծ պաշար, ինչը, սակայն, դժվարանում են պրակտիկայում կիրառել։ Մհերի խոսքով՝ իրենք մասնագետներ աշխատանքի ընդունելիս մասնագիտական կրթության առկայությունը հաշվի չեն առնում, սակայն այն դեր է ունենում կարիերայի հետագա աճի համար։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ երիտասարդ ծրագրավորողն առաջարկում է բուհերում ամուր հիմքերի վրա պահել բազային կրթությունը, սակայն ուսանողին նաև ցույց տալ դրա կիրառման միջավայրը։ Իր օրինակով է ասու՝ երբ բուհում տարատեսակ մաթեմատիկաներ էին ուսումնասիրում, շահագրգռված չէին սովորել, քանի որ չգիտեին, թե իրենց ինչի համար է պետք այդ գիտելիքը, որտեղ ու ինչպես են կիրառելու մատուցվող տեսական գիտելիքները, մինչդեռ դրանցից յուրաքանչյուրը կիրառման հարթակ ունի։

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Վարդան Ուռուտյանը կարծում է, որ միայն մասնագետ լինելը բավարար չէ հաջող կարիերայի, աշխատանքի տեղավորման համար։ Մեծ դեր ունեն նաև մասնագետի փոխանցելի հմտությունները, որոնք կրթվածության բաղադրիչ մասն են։

Որակի ապահովման 4-րդ ֆորումի շրջանակներում տևական քննարկումներից հետո կրթության ոլորտի ներկայացուցիչները համակարծիք են, որ ուսումնական հաստատությունները պետք է թողարկեն կրթված մասնագետներ։ Սակայն հարցը, թե հնարավոր է արդյոք բուհում պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք ավարտելուց անմիջապես հետո աշխատաշուկա անցնեն ու սկսեն աշխատել, տարակարծությունների տեղիք է տալիս։

Ավանդական բուհերի ներկայացուցիչները նշում են, որ գործատուները սովորաբար ամբողջ աշխատանքային ցիկլը պատկերացնող և իրագործող մասնագետ են ուզում։ Սակայն, որքան էլ լավը լինի կրթական ծրագիրը, շրջանավարտին որոշակի ժամանակ է պետք աշխատանքային միջավայրին ընտելանալու համար։ Մինչդեռ, օրինակ՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ իրենց փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է նման մասնագետներ պատրաստել: Եթե ուսումնական գործընթացը կազմակերպվում է գործատուի միջավայրին մոտ միջավայրում և ուսանողը ստացած տեսական գիտելիքը նաև գործնականում կիրառելու հնարավորություն է ունենում, ապա ավարտելիս նա պատրաստի մասնագետ է լինում։

Անդրադառնալով այն իրողությանը, որ գործատուն միանգամից պատրաստի մասնագետներ է ուզում, ֆորումին մասնակից աշխատաշուկայի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց պահանջն էլ պատճառաբանված է. աշխատանքի առաջին 6 ամիսների ընթացքում նորեկ շրջանավարտը սովորում է՝ հարմարվելով գործատուի միջավայրին ու պահանջներին։ Սակայն պատահում է, որ գործատուի մոտ պատրաստի մասնագետ դառնալուց հետո նաև այլ աշխատանքի է անցնում՝ ավելի բարձր աշխատավարձով։ Ստացվում է, որ գործատուն ժամանակ ու գումար է ծախսում՝ արդյունքում նորից չունենալով համապատասխան մասնագետ։

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Աբովյանն էլ նշում է, որ որպես գործատու՝ ինքը չի ակնկալում, որ նորեկ աշխատակիցը կտիրապետի իրենց ոլորտի ողջ տերմինաբանությանը։ Ասում է, որ առավել կարևոր է, որ իրենց մոտ եկած բուհի շրջանավարտն ունենա ճկուն և վերլուծական միտք, կարողանա իր չիմացածը հետազոտել և սովորել, պատկերացնի ողջ աշխատանքային պրոցեսը և պատասխանատու լինի իր արած գործի որակի համար։

Բուհն ու գործատուն տարբեր լեզուներով են խոսում

ՈԱԱԿ համաժողով

Բուհի և աշխատաշուկայի՝ միմյանցից դժգոհելու պատճառներից մեկն էլ համագործակցության ոչ բավարար մակարդակն է։ Ֆորումի շրջանակներում ներկայացվեց ՈԱԱԿ-ի կողմից մշակված և փորձարկված բուհ-գործատու համագործակցության նոր մոդելը, որի կիրառումը հնարավորություն կտա բարելավելու բուհ-գործատու համագործակցությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի աշխատաշուկայի կարիքները հասկանալուն և դրան համապատասխան մասնագետներ թողարկելուն։

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշում է՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուհն ու գործատուն տարբեր լեզուներով են խոսում, ուստի և միմյանց չեն հասկանում, համագործակցությունն էլ չի ստացվում, ինչի հետևանքով տուժում է ուսանողը։ Նոր մոդելը ենթադրում է բուհի և գործատուի կոնտեքստին տիրապետող մասնագետի միջոցով միջնորդավորված շփում։

Մոդելը հաջողությամբ փորձարկվել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնում, որից հետո ներդրվել է ողջ բուհում։ Ֆորումին մասնակից թարգմանության ոլորտի գործատուները նշեցին, որ արդեն իսկ որակական փոփոխություն են զգում իրենց մոտ պրակտիկայի եկող ուսանողների մոտ։

Մոդելը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց բուհերի ներկայացուցիչների մոտ, շատերը ցանկություն հայտնեցին այն փորձարկել իրենց ուսումնական հաստատությունում։

Իսկ թե ինչպես բարելավել կրթական ծրագրերը և կրթված մասնագետ թողարկել, մեկնաբանեց Մեծ Բրիտանիայի Բորնմութի համալսարանի դոցենտ, կրթության կառավարմանը նվիրված ութ գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Ջենիֆեր Անն Մունը։ Նա ներկայացրեց իր երկրի լավագույն փորձը, թե ինչպես են փոխկապակցում կրթության տարբեր մակարդակները, ուսանողի ընթացիկ գնահատումն ու սահմանված վերջնարդյունքը։

Ֆորումի շրջանակներում ներկայացվեց նաև Նիդեռլանդների լավագույն փորձը։ Նիդեռլանդների Տվենտեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Դոնալդ Վեսթերհեյդենը ներկայացրեց բուհերի ռազմավարության և պետության կարիքների համապատասխանեցման եվրոպական փորձը:

Հոլանդացի մասնագետը հայաստանյան կրթության ոլորտի ներկայացուցիչներին պատմեց նաև նախաբակալավրական կրթության ոլորտում Նիդեռլանդների անցած ճանապարհի, քաղած դասերի և լավագույն փորձի մասին: Նա նշեց, որ կարճ շրջափուլով կրթություն իրականացնելիս սկզբում անհաջողության են մատնվել, սակայն որոշակի փոփոխություններից հետո բարեփոխումը հաջողվել է:

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարծում է, որ նախաբակալավրական կրթությունը կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ուզում են մասնագիտություն փոխել: «Ներկայումս այն մարդիկ, որոնք ուզում են մասնագիտություն փոխել՝ մագիստրատուրա են դիմում: Սակայն մագիստրատուրան բոլորովին այլ նշանակություն ունի: Նախաբակալավրական կրթությունը կարճ ժամանակում համապատասխան մասնագիտական հմտություններ ձեռք բերելու և վերաորակավորվելու հնարավորություն կտա»,- ասում է նա:

Նշենք, որ նախաբակալավրական մասնագիտական կրթությունը, որը ներառված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում, նորույթ է հայաստանյան կրթական համակարգի համար։

Նպատակն իրագործված է

Ամփոփելով որակի ապահովման 4-րդ ֆորումի աշխատանքները՝ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարծում է, որ այն հասավ իր նպատակներին: «Կարծում եմ, որ ֆորումի մասնակիցներն իրենց ուսումնական հաստատություն կգնան՝ իրենց հետ տանելով երկօրյա բուռն քննարկումների արդյունքները, բարձրացված հարցերն իրենց ուշադրության կենտրոնում կպահեն, կփորձեն լուծումներ փնտրել»,- ասում է նա:

Պարոն Թոփչյանը նշում է նաև, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլի արդյունքում բուհերը փոխել են իրենց ռազմավարությունը, կրթական գործընթացները կանոնակարգող ներքին փաստաթղթերը: Գործընթացի արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատություններում ադմինիստրատիվ մակարդակում որակն ապահովված է, ժամանակն է աշխատելու մասնագիտության կրթական ծրագրերի որակի ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ:

«Մեծ հաշվով, դասախոսը, որը կրթական գործընթացի հիմնական դերակատարն է, պետք է իր արած գործի արդյունավետությունը գնահատի և ժամանակին համընթաց ընթանալու, աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար մեխանիզմներ ապահովի»,- ասում է պարոն Թոփչյանը՝ հավելելով որ ֆորումն ուղերձ է դասախոսներին փնտրելու նորարարական մոտեցումներ, որով կապահովեն ուսուցանող գնահատում, որպեսզի ուսանողը կիսամյակի ընթացքում ոչ թե մեկ անգամ քննություն հանձնի, այլ շարունակաբար գտնվի սովորելու գործընթացում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: