Հայերեն   English   Русский  

​«Մենք չկարողացանք մեր տված իշխանությունը վերցնել իրենցից»


  
դիտումներ: 11878

«Անկախի» հետ զրույցում Ղարաբաղյան շարժման մասին իր հուշերն է ներկայացնում շարժման ակտիվ մասնակից Նելլի Թորոսյանը:

Միացումը շարժմանը

Հենց սկզբի օրերից եմ միացել շարժմանը: Թե ինչո՞ւ, չգիտեմ, երևի ձգում էր: Առաջին անգամ էինք նման ցույցի մասնակցում, հետաքրքիր էր: Սկզբում ընկերուհուս հետս տարա, հետո կոլեկտիվից մի քանի հոգու ու այդպես շարունակ: Այն ժամանակ նոր էի ավարտել Պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատում էի Երևանի քաղխորհրդի նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյում:

Սկզբում ցույցերը բնապահպանական էին: Երկու անգամ մասնակցել եմ բնապահպանական ցույցերին: Հետո առաջ եկավ Ղարաբաղյան շարժումը: Սկզբում հավաքներն ինքնաբուխ էին, ով պատահեր՝ բարձրանում ու հարթակից խոսում էր: Հետո միայն «Ղարաբաղ» կոմիտեն ձևավորվեց:

Երբ սումգայիթյան դեպքերը եղան՝ համաժողովրդական շարժման վերաճեց. այդ դեպքերը մեծացրին մարդկանց հոսքը: Շատ ջերմ մթնոլորտ էր. մարդիկ ժամերով կանգնում էին, պայքարում, միմյանց համար սնունդ էին բերում: Շատ համախմբված էինք:

Մեր պայքարը խաղաղ էր: Նստացույցեր էինք անում: Մենք ուզում էինք, որ Ղարաբաղը միավորվի Հայաստանին: Այն ժամանակ տեղեկացված չէինք ու անկեղծորեն հավատում էինք, որ խաղաղ ճանապարհով կարող է հարցը լուծվել: Հետո տեսանք, որ Մոսկվան դեմ է:

Բոլորս նվիրված էինք շարժմանը ու մեր արածը զոհողություն չէինք համարում. դա անհրաժեշտություն էր: Ինքս նստացույցերի եմ մասնակցել, թռուցիկներ բաժանել, Գերագույն խորհրդի ընտրությունների քարոզարշավին եմ մասնակցել, եղել ընտրական հանձնաժողովում:

Մեր բուն նպատակն էր Ղարաբաղի միացումը Հայաստանին: Անկախություն հետագայում սկսեցինք պահանջել: Անձնական շահ չէինք հետապնդում: «Ղարաբաղ» կոմիտեն մեզ համար կուռք էր, ինչ ասում էին՝ իրենց ասածն էր օրենք: Նման պահ բոլորի մոտ է եղել: Հիմա է, որ հետադարձ հայացքով վերլուծում ու շատ բաներ ենք հասկանում: Օրինակ` նայում ու տեսնում եմ, որ սխալ նշանակումներ եղան, նշանակվեցին կադրեր, որոնք այդ պաշտոններին համապատասխան չէին: Բայց այն ժամանակ գոնե ես ինքս դա չէի գիտակցում կամ նկատում:

Ես, կարծում եմ՝ մյուսներն էլ, չէի սպասում, որ մեր ընտրած մարդիկ իրենց այդպես կպահեն, այդքան կփոխվեն, հանուն իշխանության պահպանման ամեն քայլի կգնան:

Այն մարդիկ, որոնք այն ժամանակ պաշտոն ստացան, որոշ բացառություններով, սովորական, միջակ ապրող ընտանիքներից էին, չգիտեին, թե ինչ է բարեկեցիկ կյանքը: Կարծում եմ` այդ է պատճառը, որ միանգամից մխրճվեցին ու չուզեցին բաց թողնել պաշտոնը: Համենայն դեպս պաշտոն ունենալիս մի քիչ ուրիշ է կյանքը, քան սովորական մարդկանց մոտ: Բարեկեցությունը մարդկանց գայթակղեց, մինչ այդ նման բան չէին տեսել:

Անկախության պահանջը

Անկախությունն անխուսափելի էր: Ուղղակի մենք առաջինն էինք: Ու մենք օրենքով անկախացանք, քանի որ հասկացանք` պետք է լինենք անկախ երկիր, որ կարողանանք ապահովել Ղարաբաղի և Հայաստանի միացումը: Հասկացանք, որ Ռուսաստանը մեզ չի օգնելու այդ հարցում: Բայց անգամ այդ ժամանակ ոչ ոք պատերազմի մասին չէր մտածում:

Իսկ անկախությունը երազանք էր: Բոլոր հայերի երազանքն է ունենալ միավորված անկախ երկիր:

Երբ և որտեղ թերացանք

Անկախ Հայաստանի համար պայքարելիս պատկերացնում էինք լավ երկիր, այնպես, ինչպես Թատերական հրապարակում էր. ամեն ինչ ազնիվ էր, մարդիկ լավն էին:

Մենք անկախ, ինքնիշխան ու ժողովրդավար երկիր էինք ուզում, բայց այդպես չստացվեց: Ինչ-ինչ բաներ երևի մեր սխալների պատճառով չստացվեցին: Կային մարդիկ, որոնց դպրոցից կամ բուհից գիտեինք, գիտեինք, որ այդ մակարդակը չունեն, բայց իրենց նշանակում էին ինչ-որ պաշտոնում: Եվ ձայն չհանեցինք, չասացինք` այդ ի՞նչ եք անում:

Չգիտեմ, եթե բարձրաձայնեինք, մի բան կփոխվե՞ր, թ՞ե ոչ: Բայց չարեցինք, որովհետև նրանք ամենա-ամենան էին: Եթե նրանց կողմից էր այդ կադրը նշանակված, կարծում էի՝ ուրեմն ես եմ այդ մադկանց սխալ ճանաչել: «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ այդպիսի վստահություն կար:

Ինչի համար էինք պայքարում և ինչ ունենք

Մեր այն ժամանակվա ակնկալիքները մասամբ են արդարացված: Ունենք անկախ երկիր, դա շատ կարևոր ձեռքբերում է` մեր դարավոր երազանքը: Սկզբում իրոք ժողովրդավարական ընտություններ էին, ու մեր հասարակությունն էլ այդպիսին էր: Բայց ժողովրդավարական երկիր չստացվեց, գուցե և այն պատճառով, որ ամեն մեկն իր տեղում չէր: Բացի այդ, շատ վստահեցինք ու չպահանջեցինք: Դա էլ մեծ սխալ էր, բայց եղածը եղած է:

Ինչո՞ւ ժողովուրդը պահանջատեր չեղավ

Շատ էինք վստահում իրենց: Իսկ ընտրություններից հետո սկսվեց պատերազմը, ամեն մեկն իր պրոբլեմների վրա կենտրոնացավ: Օրինակ՝ իմ հիմնարկը փակեցին, ամբողջ քաղխորհրդի կազմը փոխվեց, վատ կադրեր եկան, որոնք չէին հասկանում ո՛չ տնտեսությունից, ո՛չ քաղաքից: Այնպիսի մարդկանց նշանակեցին գործարանների տնօրեններ, որ ուղղակի անհեթեթ էր:

Ամեն մեկն իր խնդիրներով էր, ցրտի ու մթի տարիներ էին: Շատերը մտածում էին, որ պատերազմի պայմաններում իրենց խնդիրների մասին բարձրաձայնելը տեղին չէ:

96-ին նոր պահանջեցինք, մեծ հանրահավաքներ եղան, մեծ ակնկալիքներ, հույսեր ունեինք: Բայց չթողեցին, ու մենք չկարողացանք մեր տված իշխանությունը վերցնել իրենցից: Այդտեղ տապալվեց ժողովրդավարությունը, կարծում եմ:

Ինչը կփոխեր

Կանեի այն, ինչ արել եմ, ուղղակի մի քիչ համարձակություն կունենայի ասելու, որ այդ մարդիկ այդ տեղին արժանի չեն: Շարժման մասնակիցը լինելու համար երբևէ չեմ զղջացել: Այնքա՜ն երջանիկ ու լուսավոր տարիներ են եղել: Ու ճիշտ չէ, որ պետականորեն չենք կարևորում 88 թիվը: Գուցե դա նրանից է, որ մեր այսօրվա պետական այրերը չեն մասնակցել շարժմանը: 88 թիվը շատ կարևոր էր, դարակազմիկ իրադարձություն էր: Բայց այսօր անգամ պատմությունն են խեղաթյուրում: Չնայած մենք` ականատեսներս, կանք և հիշում ենք ամեն ինչ:

Շարժումը հուշերում

Դրվագներ չեմ հիշում: Շարժումը կարծես ազգային զարթոնք լիներ, մեջս շատ տպավորված է այդ ջերմ մթնոլորտը: Անկրկնելի էր:

Այդ ժամանակ հայը սկսեց հավատալ իր ուժերին: Մեր մեջ նստած է, որ մեզ կոտորել են: Բայց այն ժամանակ մորթվող տեսակից մենք վերածվեցինք հաղթող տեսակի: Շարժման արդյունքն էր սա: Մենք հավատացինք, որ կարող ենք անկախ ապրել, մենք հաղթեցինք պատերազմում` լինելով փոքրաթիվ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: