Հայերեն   English   Русский  

​«Նամակ երկրեն». հայաստանյան իրականությունը՝ հայրենադարձի աչքերով


  
դիտումներ: 12808

«Լրագրությունը, ավելի ճիշտ՝ հրապարակախոսությունը, միշտ եղել է իմ հոբբիներից մեկը»,- ասում է Րաֆֆի Դուդակլյանը, որ ծնվել է Լիբանանում, ապրել ԱՄՆ-ում ու Կանադայում, իսկ 2004-ին տեղափոխվել է Հայաստան:

Տեղափոխվելուց հետո հայրենադարձության իր փորձի, առօրյա երևույթների և առհասարակ հայաստանյան իրականության մասին սկսել է գրել և «Նամակ երկրեն» խորագրով տպագրել Սփյուռքի թերթերում՝ «Ազդակում» և «Ասպարեզում»:

Րաֆֆին, օրինակ, շատ խիստ դատապարտում է կոռուպցիան, գրում ընտրությունների ընթացքում տեղի ունեցող խախտումների, այլ բացասական երևույթների մասին, միաժամանակ ներկայացնում է դրական փոփոխությունները: «Բոլոր հարցերին փորձում եմ անդրադառնալ: Իմ նպատակն է ներկայացնել հայաստանյան իրականությունը հայրենադարձի աչքերով: Դա շատ հետաքրքիր է հատկապես այն մարդկանց համար, որոնք ուզում են պատկերացնել Հայաստանի կյանքը, իմանալ, թե Հայաստան վերադարձած սփյուռքահայը ինչպես է տեսնում այդ բոլորը»:

Րաֆֆին հայրենադարձություն է քարոզում, բայց նաև ասում, որ հայրենիքը պետք է տեսնել իրական պատկերով, որպեսզի վերադառնալու դեպքում իմանան՝ ուր են գալիս: Այդ նպատակով նա ներկայացնում է թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը:

Րաֆֆու սյունակը բավական մեծ արձագանք է ստանում Սփյուռքում: Ոմանք ներշնչվում են, ուրիշները՝ քննադատում, հիանում, զարմանում, ոմանք էլ որոշում են գալ և տեսնել Հայաստանը սեփական աչքերով, լավ լինելու դեպքում էլ՝ մնալ:

Միաժամանակ Րաֆֆին իր հոդվածներում քննադատում է հայկական այն կառույցները, որոնք վերամբարձ հայտարարություններ են անում, բայց իրականում գործ չեն անում հայրենադարձության համար. «Այո, ես նաև պետական, ազգային, կուսակցական, եկեղեցական կառույցներն եմ քննադատել, որոնք հռետորաբանության մեջ շատ ուժեղ են, բայց գործնականում, իմ կարծիքով, քիչ բան են անում: Այդ կառույցները՝ տարիներով հաստատված, կարծրատիպերով, քառակուսի մտայնությամբ, ծանր ծերունիների նման նստել են ու չեն մահանում, մի կերպ իրենց գոյությունը քարշ են տալիս, բայց չեն ուզում վերանորոգվել ու երիտասարդանալ: Քննադատել եմ նաև նեոբոլշևիզմի գոյությունը, կոռուպցիան, օլիգարխիայի սանձարձակությունները, անարդարությունները, փառաբանությամբ եմ արտահայտվել փոփոխությունների, մարդկային հարաբերությունների, մարդկանց պայքարի մասին, զինվորի կյանքի, պատերազմի մասին: Չեմ խրատել ոչ ոքի, ոչ էլ դաս եմ տվել, պարզապես ասել եմ այն, ինչ որ տեսել ու զգացել եմ իմ այստեղ ապրած ժամանակ»:

Մի գեղեցիկ օր էլ (մոտ մեկ տարի առաջ) «Ազդակն» ու «Ասպարեզը» փակում են դռները Րաֆֆի Դուդակլյանի առջև: Պատճառաբանություն չկար, պարզապես ասում են, որ այլևս չեն ուզում տպագրել նրա հոդվածները: Հոդվածաշարը շարունակում է հրապարակվել Սփյուռքի այլ լրատվական հարթակներում: Դաշնակցական թերթերին հավանաբար դուր չէր եկել Դուդակլյանի սուր խոսքը, որ երբեմն չէր խնայում անգամ ավանդական կուսակցություններին:

Հարված թիկունքից

2018 թ. փետրվարի 26-ն էր, երկուշաբթի: Րաֆֆի Դուդակլյանը գտնվում էր Բեյրութում: Ընկերոջ հետ փողոցում էր, երբ հանկարծ մթնշաղին երկու երիտասարդ հարձակվում են, բռնության ենթարկում Րաֆֆուն ու հեռանում՝ վնասելով աչքը, որը մինչ օրս դեռ ամբողջությամբ չի վերականգնվել, կոտրելով քիթը և պատռվածքներ առաջացնելով դեմքին: «Դեպքը չբացահայտվեց, բայց ես արեցի իմ ենթադրությունները: Դա հարձակում էր բացառապես իմ դեմ՝ իմ արտահայտած մտքերի, գաղափարների պատճառով: Այլ պատճառ չեմ կարող ենթադրել»:

Հարձակումից հետո հրապարակախոսի հոդվածների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում: Նամակները երկրից շարունակում են հասնել Սփյուռք և ավելի ու ավելի տարածվել:

Մենք սերնդափոխության կարիք ունենք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում

Առաջին անգամ Րաֆֆին Հայաստան է եկել 1988-ին, Շարժման ժամանակ: Համահայկական պայքարի ոգով համակված ու խանդավառված համընդհանուր ոգևորությամբ՝ Րաֆֆին հասկանում է, որ Հայաստան վերադառնալու ժամանակը մոտ է:

«Մեզ այդպես են դաստիարակել, մեր մեծերը մեզ ասում էին՝ ճիշտ է, Լիբանանը ձեր ծննդավայրն է, բայց ձեր հայրենիքը Հայաստանն է։ Ասում էին՝ Հայաստանը մի օր անկախանալու է, մենք պիտի պայքարենք դրա համար, և երբ անկախանա՝ պիտի վերադառնանք հայրենիք։ Համենայն դեպս ես շատ լուրջ եմ վերաբերվել նրանց ասածներին,- ծիծաղում է նա,-իհարկե, կատակը մի կողմ, բայց դա իսկապես երազ է եղել մեր սերնդի համար: Եվ հանկարծ այդ երազը իրականություն է դարձել»:

Րաֆֆի Դուդակլյան

2004-ին Րաֆֆին Հայաստանում աշխատանք է գտնում և կնոջ հետ տեղափոխվում։ Սկզբում «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի փոխտնօրենն էր, հետո տնօրենը, վերջին տարիներին «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Րաֆֆի Դուդակլյանի 3 երեխաներն էլ ծնվել են Հայաստանում։ Երկու որդին ու դուստրը լիարժեք հայաստանցիներ են, քանի որ, ի տարբերություն ծնողների, անգամ լեզվական տարբերություն չկա, խոսում են արևելահայերեն: «Իրենք իրենց այստեղ տանն են զգում, և երբ ինչ-որ տեղ ենք գնում, արագ կարոտում են Հայաստանը»։

Րաֆֆին ուզում է, որ իր երեխաները ստիպված չլինեն մի օր հեռանալ Հայաստանից, այլ արժանավայել կարողանան ապրել Հայաստանում: Հավատում է, որ փոփոխություններ կլինեն, երկիրն առաջ կգնա, քանի որ այլևս հնարավոր չէ զարգացում առանց լուրջ փոփոխությունների. «Չենք կարող ապրել հին մարդկանց կարծրատիպերով, որոնք սովետից այն կողմ առաջ չեն գնացել, իսկ Սփյուռքի պարագայում՝ 60-ականներից այն կողմ չեն գնացել։ Մենք սերնդափոխության կարիք ունենք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Մարդիկ հոգնել են նույն դեմքերից, նույն գաղափարներից, նույն հանգերգից։ Ես տեսնում եմ այն երիտասարդներին, որոնք նոր շունչ կարող են բերել։ Իմ միակ ցանկությունն է, որ այդ երիտասարդները չթողնեն-հեռանան»։

Անդրադառնալով Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններին՝ Րաֆֆին ասում է. «Այս ժողովրդին պետք է լսել, պետք է հասկանալ, պետք է տեսնել, որ տարիների կուտակված բողոքը, դժգոհությունը, նվաստացումը այլևս ընդունելի չէ, ընտրակեղծիքները, ընտրակաշառքը, կոռուպցիային այլևս ընդունելի չէ, պետք են լուրջ փոփոխություններ, նոր դեմքեր, նոր երիտասարդ ուժեր և սերնդափոխված ղեկավարություն: Ես հույս ունեմ, որ այս ամենը կավարտվի խաղաղ, առանց արյունահոսության, և բոլորը կհասկանան, որ երիտասարդները պայքարում են իրենց ապագայի համար: Պետք է լսել այդ երիտասարդներին, իրենք վաղվա Հայաստանը ստեղծողներն են»:

Հանուն Արցախի և ազատագրված տարածքների

Րաֆֆի Դուդակլյանի ղեկավարած «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը 1999-ից ծավալուն բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ ուղղված Հայաստանի սոցիալական, տնտեսական, բնապահպանական և մշակութային խնդիրների լուծմանը:

Օրեր առաջ Րաֆֆի Դուդակլյանը Միացյալ Նահանգներում էր: Հերթական հանգանակությունն էր անցկացնում Արցախի վիրավոր և սոցիալապես անապահով զինծառայողների ու ազատամարտիկների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:

Ծրագրի շրջանակներում 9 ընտանիք արդեն ապահովվել է բնակարանով, 10-րդն ընթացքի մեջ է: Գնում, նորոգում, հանձնում են: Վերջին հանգանակության ժամանակ շուրջ 55 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել, որը ևս մի քանի ընտանիքի բնակարանով ապահովելու հնարավորություն կընձեռի:

Սակայն Միացյալ Նահանգներում հիմնադրամը ևս 25 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել, որն ուղղվելու է Արցախի ազատագրված տարածքներից մեկում դպրոցի հիմնանորոգմանը: Նվիրատուն ամերիկահայ բժիշկ Շանթ Շխրտմյանն է՝ Րաֆֆու ընկերը: «Ինձ հրավիրեց իր երեխաների կնունքին և ասաց, որ բոլոր հյուրերին խնդրել է՝ երեխաներին նվեր չբերեն, փոխարենը նվիրատվություն անեն «Թուֆենկյան» հիմնադրամին, որպեսզի այդ գումարով ազատագրված տարածքներում ինչ-որ դպրոց կամ բուժհաստատություն նորոգվի: Այդպես էլ եղավ: Մոտ 12 հազար 5 հարյուր դոլար հավաքվեց, և այդ գումարը շուտով կուղղենք մեր ծրագրերից մեկին»:

Հիմնադրամի կարևորագույն թիրախներից մեկը Արցախի ազատագրված տարածքներն են: «Ազատագրված տարածքների վերաբնակեցում ու զարգացում. սա է գլխավոր նպատակը»,- ասում է Րաֆֆի Դուդակլյանը, որ Քաշաթաղը Քարվաճառի հետ միասին համարում է ռազմավարական նշանակության տարածք Հայաստանի համար, այդ նպատակով էլ հիմնադրամի ծրագրերի մեծ մասն ուղղված է այդ բնակավայրերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: