Հայերեն   English   Русский  

​Հաջողակ բիզնեսմենը վստահեցնում է՝ առանց նվիրումի, առանց ջանքերի հնարավոր չէ հաջողության հասնել


  
դիտումներ: 13547

Բիզնես սկսելու համար ամենից կարևորը ներքին վախերը, հոգեբանական արգելքները հաղթահարելն է: Յուրաքանչյուրը բիզնես սկսելուց առաջ մտածում է՝ կստացվի՞, թե ոչ, արդյոք չի՞ ձախողի, հնարավո՞ր է հաջողության հասնել, ինչպե՞ս պետք է ապրի, մինչև բիզնեսը կայանա… Նման վախերով 2011 թ. տուրիզմի ոլորտում իրենց բիզնեսը սկսեցին Մաթևոս Բարսեղյանն ու Հակոբ Սումբատյանը՝ հիմնելով «Ուան ուեյ տուրը» (One way tour): Ինչպես «Անկախին» պատմեց ընկերության համահիմնադիր Մաթևոս Բարսեղյանը, իրենք սկսում էին մի բան, որի ապագան ու ճակատագիրն անհայտ էր:

«Դեռ 2008 թվականին, հիշում եմ, մտածում էի, որ կարելի է հիմնել տուրիստական ընկերություն: Ինքս արշավասեր եմ, շատ արշավների եմ գնացել, փոքրուց բնության սեր ունեի, ու երբ 2011 թվականին գործընկերոջիցս առաջարկ ստացա, որոշեցինք հիմնել տուրիստական գործակալություն: Ամենաբարդն անունն էր, երկար փնտրտուքներից հետո 2011 թվականի ապրիլի 22-ին որոշեցինք, որ անվանում ենք «Ուան ուեյ տուր» (One way tour): Ինչո՞ւ ապրիլի 22-ին, որովհետև դա երկրի օրն է: Այդպես, առանց որևէ ներդրման, ֆեյսբուքում սկսեցինք մեր գործունեությունը»,- պատմեց Մաթևոս Բարսեղյանը:

Նրանց առաջին տուրը եղավ մայիսի սկզբին, մոտ 20- հոգանոց խմբով, որն էլ մեծ դժվարությամբ էին կարողացել հավաքել: Սկզբում բացեցին ֆեյսբուքյան խումբ, հրավիրեցին ընկերներին, խնդրեցին, որ նրանք էլ իրենց ընկերներին հրավիրեն, ու 100-200- հոգանոց խումբ կազմվեց, հետո հասավ մի քանի հազարի: Ուղղակի հայտարարություն էին դնում ու կազմակերպում միայն ներքին տուրեր՝ արշավներ: Իրականում ոչ մի ներդրում պետք չէր, ստացված եկամուտներն էլ ուղղում էին իրենց գործին, քանի որ այդ ժամանակ երկու համահիմնադիրներն էլ ուրիշ հիմնական աշխատանք ունեին, Մաթևոսը՝ որպես ինժեներ մեծ դեղագործական ընկերությունում, իսկ Հակոբը բանկում էր աշխատում: Համատեղելով աշխատանքը սեփական գործի հետ՝ նրանք աշխատեցին մոտ 3 տարի, մինչև սկսեցին զբաղվել միայն «Ուան ուեյ տուրով»:

Մաթևոս Բարսեղյանի ու Հակոբ Սումբատյանի հիմնած «Ուան ուեյ տուրն» արդեն մոտ 10 հիմնական աշխատող ունի՝ չհաշված մոտ 60 գիդերն ու վարորդները, որոնք ազատ գրաֆիկով են աշխատում: Առաջին տարին, ինչպես պատմեց Մաթևոս Բարսեղյանը, մոտ 15 տուր եղավ, երկրորդ տարում կրկնապատկվեց, եռապատկվեց և 2 տարի անց, երբ բիզնեսից որոշակի գումարներ կարողացան հավաքել, բացվեց նաև նրանց առաջին հոսթելը:

«Դա էլ հետաքրքիր էր. գնացել էինք Վրաստան, տուր էինք տարել: Թբիլիսիում պետք է մնայինք ու որոշեցինք, որ գիշերակացը պետք է բյուջետային՝ մատչելի լինի, այսինքն՝ հոսթելում մնանք: Կապվեցինք, ամրագրեցին, գնացինք մնացինք, տեսանք, թե հոսթելն ինչ է, ու մտածեցինք, որ կարելի է Երևանում էլ բացել, մանավանդ որ Երևանում այդ ժամանակ հոսթելներն այնքան տարածված չէին: Երկու ամիս հետո գտանք հարմար տարածք, բացեցինք առաջին հոսթելը, դրանից հետո արդեն երկրորդ հոսթելը, հետո Արցախում հոսթել բացեցինք, բայց հետո փակեցինք, քանի որ այն ժամանակ դեռ շուտ էր, մարդիկ մի քիչ դժվար էին ընկալում: Մի խոսքով, այդպես սկսեցինք աշխատել»,- վերհիշեց «Ուան ուեյ տուրի» համահիմնադիրը:

Փաստորեն սկսեցին փոքրից՝ ներքին տուրիզմից՝ կազմակերպելով տուրեր տեղացիների համար: Հետո ավելացավ ներգնա տուրիզմը, այնուհետև, երբ չէին հասցնում ֆիզիկապես մարդկանց տանել շրջագայության, վերցրին գիդեր, հետո մենեջերներ ներգրավեցին, վերջերս էլ ավելացավ արտագնա տուրիզմի ուղղությունը:

Բացի տուրեր կազմակերպելուց և հոսթելներ բացելուց, նրանք նաև տրանսպորտի վրա ներդրումներ արեցին, սեփական տրանսպորտային միջոցներ գնեցին, ու հիմա նաև փոխադրումներ են իրականացնում: Այս ամենին գումարվել է նաև որոշակի մասնագիտություններով դասընթացների, թրեյնինգների անցկացումը: Այդ ուղղությունը ևս պատահական չէր, «Ուան ուեյ տուրի» ծավալները մեծանում էին, որակյալ կադրեր էին պետք՝ գիդեր, մենեջերներ: Ու գործակալության համահիմնադիրները որոշեցին սկսել գիդեր պատրաստել: Գտան լավ մասնագետ, պայմանավորվեցին, խումբ հավաքեցին ու 4 ամիս տևողությամբ գիդերի պատրաստման դասընթաց կազմակերպեցին: Դասընթացի վերջում լավագույններին վերցրին աշխատանքի՝ այդպիսով լուծելով իրենց կադրերի խնդիրը:

«Բավական լավ ստացվեց առաջին փորձը, ուստի որոշեցինք շարունակել ու արդեն գիդեր պատրաստելու 5-րդ թրեյնինգն ենք անցկացնում, որոնց ընդհանուր մասնակցել է մոտ 180 հոգի: Հետո տուրմենեջերներ պատրաստեցինք, մի որոշ ժամանակ հետո հասկացանք, որ պետք է ոչ միայն տուրերի ու տուրիզմի հետ կապված թրեյնինգներ անցկացնել, արդեն սկսեցինք նաև լուսանկարչական դասընթաց, «Ամադեուս» ծրագիր, ուեդդինգ փլանինգ ու ևս մի քանի ուղղություններ»,- ներկայացրեց Մաթևոս Բարսեղյանը:

Արդեն 8-րդ տուրիստական սեզոնն է, գործընկերները հաջողությամբ աշխատում են այս ոլորտում: Միայն անցյալ սեզոնին «Ուան ուեյ տուրը» 21 հազար այցելու է սպասարկել, և պաշտոնական տվյալներով՝ միայն Տաթևի ճոպանուղի 3560 մարդ են ուղեկցել:

«Բիզնեսում պետք է ժամանակ ներդնել՝ շատ ժամանակ: Սեփական երեխայի պես, կարելի է ասել, մեծացրինք մեր գործը: Ու ավելի շատ ժամանակ ենք ծախսում գործի, քան ընտանիքի համար: Սկիզբը մի քիչ դժվար էր, բայց հետաքրքիր էր: Ժամանակը ցույց տվեց, որ շատ բաների հասանք, բայց հետագա ավելի մեծ ծրագրեր ունենք: Որպեսզի բիզնեսը գնա ոչ թե ձախողման, այլ հաջողության ճանապարհով, պետք է սիրես գործդ, ոլորտիդ լավ մասնագետը լինես կամ դառնաս ու շատ նվիրվես գործիդ: Իմ կարծիքով՝ հիմնական մեխը դա է, որովհետև եթե դա եղավ՝ արդյունքն ակնհայտ է լինելու: Միգուցե մեկ-երկու ձախողում լինի, մեզ մոտ էլ շատ ձախողումներ, խնդիրներ եղան, բայց դրանք ժամանակի ընթացքում մոռացվեցին»,- նշում է գործարարը:

Իսկ խնդիրները կարողացան հաղթահարել, ինչպես շեշտում է նա, նվիրվածության շնորհիվ: Շատ դժվար էր շաբաթվա 6 օրն առավոտից երեկո աշխատել ուրիշ տեղում, երեկոներին զբաղվել սեփական գործի կազմակերպչական աշխատանքներով, իսկ շաբաթվա մեկ օրը, երբ պետք է հանգստանալ, նվիրել գործին՝ արշավախմբեր տանել: Ու դա անում էին ոչ թե ստիպված, այլ հաճույքով, ամենևին չէին հոգնում, քանի որ դա նաև սիրված զբաղմունք էր, հոբբի: Եվ հենց այդ աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ էլ «Ուան ուեյ տուրը» հաջողությունների հասավ ու ընդլայնվեց: Ամենակարևոր հանգամանքներից մեկը, Մաթևոս Բարսեղյանի համոզմամբ, անգամ ամենաաննշան թվացող խնդրին արագ լուծում գտնելն է: Թե՛ սկսելիս, թե՛ հիմա դողացել են յուրաքանչյուր հաճախորդի համար, երբեք անուշադրության չեն մատնել որևէ մեկի դժգոհությունը կամ բողոքը, երբեք չեն ասել՝ հազարավոր հաճախորդների մեջ մի հոգին ոչինչ է:

«Եթե անգամ մեկ դժգոհ հաճախորդ ենք ունենում՝ բոլորս սկսում ենք մտածել, թե ինչ կարելի է անել, որ իրավիճակը հարթվի: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ մեր գործը սերվիս է, գործ ունենք տասնյակհազարավոր մարդկանց հետ, հնարավոր չէ բոլորին իդեալական սպասարկել, անպայման կլինեն նաև դժգոհներ: Բայց մենք պատրաստ ենք յուրաքանչյուր հաճախորդի համար չարչարվել, տանջվել, առաջացած խնդրին լուծում փնտրել: Նման հաճախորդները, երբ տեսնում են մեր մոտեցումը, մեր լրջությունը, արդեն դառնում են հավատարիմ, անգամ դժգոհ հաճախորդը դառնում է ամենահավատարիմներից մեկն ու սկսում է նաև իր ընկերներին բերել,- նշում է «Ուան ուեյ տուրի» համահիմնադիրն ու հավելում:- Ընդհանրապես բիզնեսը ենթադրում է խիստ պատասխանատվություն, ու եթե ստանձնել ես պատասխանատվությունը, ուրեմն պետք է հավատարիմ լինես դրան ու այնպես անես, որ քո սխալների պատճառով հանկարծ հաճախորդը չտուժի: Առհասարակ բիզնես սկսելիս պետք է պատրաստ լինել նաև զոհողությունների, առանց դրա հնարավոր չէ: Հնարավոր չէ առանց ջանքերի, առանց չարչարվելու, հաջողության հասնել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: