Հայերեն   English   Русский  

​Համայնքների խոշորացումից հետո կառավարման որակն է փոխվել, բայց արդյունքները հնարավոր կլինի գնահատել ապակենտրոնացումից հետո միայն


  
դիտումներ: 3809

Արդեն տևական ժամանակ է` համայնքները խոշորացված են, մի մասը՝ փոքր-ինչ ավելի երկար ժամանակ, մյուսները՝ համեմատաբար վերջերս, բայց գոնե նվազագույնը մեկ տարի անցել է:

Հասկանալու համար, թե ընդհանուր առմամբ ինչ դրական տեղաշարժեր ու ինչ մտահոգիչ իրողություններ են արձանագրվել այս մեկ տարվա ընթացքում, «Անկախը» զրուցել է համայնքների խնդիրներով, նրանց հետ մշտապես աշխատող ու մշտադիտարկում անցկացնող «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանի հետ:

- Պարո՛ն Արտաշեսյան, Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ արդյունք ունենք այսօր ընդհանուր առմամբ:

- Հիմնական արդյունքը կառավարման որակի փոփոխությունն է: Ես հիշում եմ, որ 1998 թվականից սկսած՝ մեր ավագանիների նիստերը հիմնականում անցնում էին այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլորը կողմ էին բոլոր հարցերին, ու գտնել գեթ մեկ ավագանու նիստ, որտեղ ակտիվ քննարկում է տեղի ունեցել, ավագանին դեմ է քվեարկել, որևիցե առաջարկ է ներկայացրել, օրակարգում հարցի փոփոխություն է ներկայացրել, դժվար էր: Իսկ այսօր արդեն ունենք դեմ քվեարկող, համայնքի ղեկավարին հակակշիռ կազմող ավագանիներ, որոնք փորձում են որոշումները կայացնել ոչ թե միանձնյա կողմ քվեարկելով, այլ ավելի ակտիվ քննարկումներ ծավալելով, փորձելով բացահայտել լուծման բոլոր տարբերակներն ու ըստ դրա անդրադառնալ համայնքային խնդիրներին: Այդ իմաստով կարելի է արձանագրել՝ մեր տրամաբանությունը, որ դրված էր տեղական ինքնակառավարման հիմքում, որ պետք է բալանսավորվեն ուժեղ համայնքի ղեկավարը և ուժեղ ավագանին, իսկ այդ բալանսը խախտվել էր, որովհետև ավագանին խթան չուներ հակադրվելու համայնքի ղեկավարին: Այսօր արդեն այդ խթաններն առաջացել են:

Առաջին խթանն այն է, որ նրանք ներկայացնում են խոշորացված համայնքի էլեմենտ հանդիսացող բնակավայրը, և իրենք այդ բնակավայրի բնակիչ են: Այսինքն՝ այն բնակիչները, որոնք ընտրել են այդ ավագանու անդամին, գիտեն, թե ում են ընտրել, ու այդ մարդն էլ պատասխանատվություն է զգում այդ բնակավայրում ցույց տալու, որ ինքն աշխատում է, մտածում է իր բնակավայրի ապագայի մասին: Ու թեև ավագանիում տվյալ բնակավայրն ընդամենը մեկ ներկայացուցիչ է ունենալու և մտավախություն կար, թե 15 հոգու մեջ այդ մեկ ձայնն ինչ պետք է փոխի, ապա 15 հոգուց յուրաքանչյուրն էլ որևէ համայնք է ներկայացնում, և եթե անգամ մեծամասնությամբ հարցերը չեն լուծվում, այն խնդիրները, որոնք բնակավայրերում կան, բարձրաձայնվում են, այդ խնդիրների վերաբերյալ քննարկում է անցկացվում, ինչը հենց կառավարման որակի ցուցանիշ է: Մենք չենք կարող ասել՝ ունենք որակյալ կառավարում, եթե միանձնյա է կառավարվում, եթե այդ բալանսը խախտված է:

Հաջորդ դրական կողմը ֆինանսական կառավարման էլեմենտն է: Եթե մենք այն ժամանակ ունեինք բյուջեներ որոնք փոքր էին, և այդ բյուջեների խնայողություններով հնարավոր չէր ինչ-որ բան անել, ապա հիմա խոշորացված բյուջեներ ունենք, որոնց կապիտալ մասը շատ ավելի մեծ է, և այդ առումով նրանք շատ ավելի պատրաստ են համաներդրման, ավելի մեծ խնդիրներ լուծելու համար: Դա բավական հետաքրքրություն է ստեղծում տեղական ինքնակառավարման համար, որովհետև այն ժամանակ ավագանին գալիս ու տեսնում էր, որ իրենց բյուջեի 90 տոկոսը պետք է ծախսվի պահպանման համար, իսկ մնացած 10 տոկոսն էլ այն պարտադիր ծախսերն են, որ պետք է կատարվեն, ու քննարկելու բան էլ չկար, էլ ի՞նչը քննարկեր: Այս դեպքում արդեն գումար կա, և արդեն դա ծախսելու համար պետք է որոշում կայացվի, և արդեն ամեն մեկը հետաքրքրված է իր բնակավայրում, իր տեսլականով, իր զարգացման պատկերացումներով ներդնելու այդ գումարները:

Կարող եմ ասել, որ բնակչության մասնակցությունն է բարելավվել: Եթե այն ժամանակ ամեն բնակավայրում մարդիկ իրենց համայնքի ղեկավարին լավ ճանաչում էին ու ասում էին՝ այսինչի տղան է կամ այսինչ ազգից է, այսինչի բարեկամն է և այլն, իրար լավ գիտեին, փորձում էին միմյանց մասին բացասական չարտահայտվել, չբարձրաձայնել, ապա այսօրվա դրությամբ բնակավայրերի տարբերությունը և իրարից ավելի առանձին լինելն արդեն համայնքի ղեկավարին չի անձնավորում: Էլ չեն ասում՝ այս մարդն այսինչ ազգից է, ասում են՝ համայնքի ղեկավարն է, մենք մեր բնակավայրով գոհ չենք: Եվ դա հանգեցնում է նրան, որ բնակիչներն ավելի ազատ են արտահայտվում, նրանք էլ են ներգրավվում կառավարման պրոցեսում: Այլ դրական կողմ նշելը մի փոքր վաղ եմ համարում, որովհետև դեռ այդ ճանապարհը չեն անցել մեր համայնքները. կառավարումն իր մշակույթն ունի, ու որքան էլ մենք բարեփոխումներ անենք, փորձենք նրանց ցույց տալ, որ սա է ճիշտը, լավը, որ լրացուցիչ հնարավորություններ կան թե՛ կառավարման ձևով, թե՛ ֆինանսական առումով, միևնույն է, դեռ մշակույթ պետք է ձևավորվի, որ կարողանան այդ ռեսուրսներից օգտվել:

- Խոսենք նաև այն բացասական երևույթներից ու միտումներից, որոնք այս ընթացքում դիտարկվել են և ընդհանուր են բոլորի համար:

- Ճիշտն ասած՝ որպես այդպիսին՝ բացասական, չեմ կարող հստակ նշել, որովհետև ծրագիրը գրելիս արդեն նախատեսել էինք բազմաթիվ ռիսկեր ու բուն խոշորացման պրոցեսում սկսել էինք հաշվի առնել այդ ռիսկերը: Խոշորացման ռիսկերից մեկը բնակավայրերի չներկայացվածությունն էր, որն այսօր արդեն այդպես չէ: Մյուսը ֆինանսների ոչ հավասարաչափ բաշխումն էր. համայնքները դեռ շարունակում են ծախսել այնքան գումար, որքան այդ բնակավայրերում ծախսվում էր նախկինում: Ռիսկերից էր այն մտավախությունը, թե կարող են գույքային խնդիրներ առաջանալ, բայց նման խնդիրներ էլ դեռ չեն առաջացել:

Միակ խնդիրը, որ առաջացել է խոշորացման գործընթացում, կապված է ոչ թե խոշորացման տրամաբանության հետ, այլ այն ձևի, որով արվում է խոշորացումը: Այսինքն՝ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները մեր Սահմանադրությունն ասում էր, որ համայնքները խոշորացնելուց կամ բաժանելուց առաջ պետք է անցկացվեն հանրային քննարկումներ ու տեղական հանրաքվեներ: Այդպես առաջին երեք խոշորացված համայնքները՝ Դիլիջանը, Թումանյանն ու Տաթևը հանրաքվեներ են անցկացրել: Այդ հանրաքվեներն անցկացնելուց առաջ մարդիկ գնացել են, ներկայացրել են, մարդկանց կարծիքը հարցրել են, տրամաբանորեն բացատրել են նրանց, ու ամեն ինչ նորմալ է եղել:

Հաջորդ 15 համայնքների խոշորացման ժամանակ արդեն Սահմանադրությունը փոխվել էր, և չնայած հանրաքվեներ չեն անցկացվել, լայն քննարկումներ անցկացվել են: Այսինքն՝ այդ մարդկանց էլ հարցերը բացատրվել, պարզաբանվել են, փորձել են խոսել, հասկանալ խնդիրները ու որոշ չափով էլի մարդկանց լսել են: Իսկ վերջին 34 համայնքները, որ խոշորացվել են, արդեն ո՛չ հանրաքվե անցկացնելու նորմը կա, ո՛չ էլ իրենք այդքան ցանկություն ունեին կամ միգուցե չեն հասցրել նորմալ ներկայացնել ու մարդկանց իրազեկել արվող քայլերի մասին: Եվ այս 34 համայնքների դեպքում բնակչների ընդգրկվածությունը որոշումների կայացման մեջ բավականին ցածր է եղել կամ կարելի է ասել՝ ընդհանրապես չի եղել: Ու եթե տեղի մարդկանց կարծիքը չեն հարցնում՝ սխալների հավանականությունն է մեծանում:

Ունենք նաև խնդիր, որ վերլուծություններ քիչ են արվում՝ տնտեսական վերլուծություններ, կառավարման վերլուծություններ, ռեսուրսների վերլուծություններ, ենթակառուցվածքների վերլուծություններ: Դրանք պետք է արվեն, պետք է հասկանալ՝ որևիցե երկու համայնք իրար հետ միացնելով՝ հնարավոր կլինի՞ լրացուցիչ արդյունք ստանալ:

- Երբ համայնքների խոշորացման հայեցակարգը դեռևս քննարկման փուլում էր, խոշորացման անհրաժեշտության հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ խոշորացմամբ համայնքների կարողություններն են մեծացվում, կառավարման համակարգն է ապակենտրոնացվում, ստեղծվում են նոր հնարավորություններ: Այս երեք ուղղություններով ի՞նչ ունենք այսօր:

- Դեռ ունենք միայն ռեսուրսների հզորացում: Ինչ վերաբերում է ապակենտրոնացմանը, ապա ասում են՝ քանի դեռ չենք հասել վերջնական փուլին, քանի չունենք համայնքների վերջնական քարտեզը, չենք կարող հասկանալ, թե որ լիզորությունները պետք է տեղական իշխանություններին տանք: Ուստի ասում են՝ եկե՛ք սպասենք՝ խոշորացման վերջնական քարտեզին, որին կհաջորդի ապակենտրոնացումը: Իմ սուբյեկտիվ կարծիքով էլ պետք է դեռ սպասել, բայց չպետք է սպասել մինչև վերջին օրը: Այսինքն՝ մենք պետք է ունենանք հստակ պատկերացում, թե մոտավորապես որ լիազորություններն ենք ապակենտրոնացնելու, որպեսզի ըստ դրա հիմնավորենք այն ձևավորված փնջերի մեծությունը, որ ուզում ենք ստանալ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն արդեն մշակել է ապակենտրոնացման ճանապարհային քարտեզը, ու ըստ դրա՝ փորձելու են հասկանալ, թե այդ ապակենտրոնացումն ինչպես է տեղի ունենալու:

- Ձեր կարծիքով՝ ո՞ր ծառայություններն են, որ պետք է լիազորվեն ՏԻՄ-երին, և որոնք ոչ: Որվհետև բոլորս էլ հասկանում ենք, որ տարածքային ինքնակառավարման վերջնական նպատակը, ի վերջո, որակյալ հանրային ծառայություններ մատուցելն է:

- Իհարկե կրթությունը, սոցիալական ծառայությունը, առողջապահությունը՝ առաջնային մակարդակում: Հիմնականում դրանք են, այսինքն՝ սոցիալական ոլորտը՝ իր ենթաոլորտներով: Կարծում եմ, որ ամենակարևոր բանը, որ պետք է լինի, համայնքին տնտեսական գործունեության հնարավորություն տալն է: Ես չեմ ասում այն տրամաբանությամբ, որ կառավարությունն այսօր ունի: Կառավարության տրամաբանությունն ասում է, որ համայնքը պետք է բիզնեսով զբաղվի: Ես ասում եմ՝ ոչ թե համայնքը պետք է բիզնեսով զբաղվի, այլ համայնքին պետք է բիզնեսի վրա որոշակի ազդեցություն ունենալու հնարավորություն տանք: Այսինքն՝ համայնքն ուղղակիորեն չպետք է զբաղվի բիզնեսով, այլ շահութահարկի, եկամտահարկի մասով պետք է հնարավորություն տրվի, որ ՏԻՄ-ը ազդեցություն ունենա: Այսօր մեր համայնքներն այդ հնարավորությունից զրկված են, և համայնքը տնտեսական քաղաքականություն չի կարողանում վարել:

- Դա չի՞ հանգեցնում մոտիվացիայի պակասի:

- Իհարկե հանգեցնում է, դա հանգեցնում է նրան, որ համայնքում բիզնես անող մարդը հաշվի չի նստում համայնքի հետ, բիզնեսն ու համայնքը կտրվում են իրարից: Այսինքն՝ համայնքային զարգացում նպատակը չի իրականացվում, պարզապես որոշակի անձանց զարգացում է լինում տվյալ համայնքում, իսկ համայնքը շարունակում է մնալ իր թշվառ վիճակում: Մարդիկ կան, որ օգտագործում են համայնքի ռեսուրսները, վայրը, բնությունը և հարստանում են, և կան մարդիկ, որոնք այդ համայնքներում ապրում են և այդ բիզնեսներից ոչինչ չեն ստանում: Փաստորեն, համայնք-բիզնես հարաբերությունը դեռ մի կողմ դրած՝ նաև կոնֆլիկտ է առաջանում հենց այդ մարդկանց միջև, և դա վնասում է նաև բիզնեսին:

- Պարո՛ն Արտաշեսյան, Ձեր կարծիքով՝ որքա՞ն ժամանակ է պետք հասկանալու համար խոշորացման արդյունավետությունն ու անարդյունավետությունը և գնահատելու համար՝ հասե՞լ ենք, արդյոք, դրված նպատակներին:

- Իմ կարծիքով՝ առաջին զգալի տարբերությունը կլինի երկրորդ ընտրությունների ժամանակ: Եթե ունենանք երկրորդ ընտրություններն ու տեսնենք, որ նույն տրամաբանությունը շարժվում է՝ հակակշիռների մեխանիզմը կա, ես կասեմ, որ մենք հաջողություն ունենք, դրան գումարած՝ երկրորդ ընտրությունների ժամանակ ունենալու ենք ավելի գիտակցված ընտրություն: Այսինքն՝ եթե առաջին ընտրությունների ժամանակ մարդիկ դեռ չէին պատկերացնում այս ամբողջ համակարգն ու գործընթացները, ապա այս 5 տարիները կօգնեն բնակիչներին հասկանալու, թե հաջորդ ընտրություններին իրենք ինչպես պետք է վերաբերվեն թեկնածուներին, պրոցեսներին, հարցերին ու խնդիրներին: Իսկ քաղաքականության առումով պետք է հասկանանք, թե այդ ապակենտրոնացումը երբ է իրականանալու և խոշորացման հիման վրա որ լիազորությունները եկան ու հասան համայնքին: Եթե տեսնենք, որ զգալի մաս է եկել համայնքին ու այսօրվա իշխանությունները ուժեղացել են, որոշումներ են կայացնում, այլ ոչ թե իրենց թույլ ու տկար են զգում, կհասկանանք, որ ոլորտը զարգացում ունի:

Երրորդ՝ ֆինանսական առումով կկարողանանք գնահատել, երբ զգանք, որ համայնքն իր բյուջեով կայուն է և կարողանում է հոգալ ոչ միայն այսօրվա ծախսերը, այլև ապագայի համար լրացուցիչ ծառայություններ ստեղծել: Կարծում եմ՝ այս բոլորին էլ հնարավոր կլինի հասնել, երբ բյուջեի կառուցվածք փոխվի, երբ քաղաքականություն փոխվի, երբ ընկալումները փոխվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: