Հայերեն   English   Русский  

​Երրորդ համաշխարհային պատերազմը դեռ առջևո՞ւմ է


  
դիտումներ: 354

Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարման և Սիրիայում Արևմուտքի իրականացրած հրթիռակոծումից հետո շատերն ամեն վայրկյան սպասում են երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին։ Ոմանք կարծում են, որ երրորդ համաշխարհայինն արդեն սկսվել է, պարզապես դրսևորումն է ոչ դասական։ Երրորդ տեսակետի համաձայն՝ երրորդ համաշխարհայինն այս անգամ էլ չի սկսվի․ մարդկությունը դեռ ժամանակ ունի մինչ համաշխարհային նոր արհավիրքը։

Իսկ երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսակցությունները սկսվեցին, երբ ապրիլի լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ ուժերով հրթիռակոծեցին Սիրիան։ Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Սիրիայի ուղղությամբ արձակվել է 100-ից ավել հրթիռ, որոնց մեծ մասը սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են։

Հրթիռակոծության պատճառը Արևելյան Ղուտայի Դումա բնակավայրում քիմիական զենքի կիրառման մասին լուրերն էին։ Սիրիայի իշխանությունները, ռուսական կողմը հերքում են քիմիական զենքի կիրառաման լուրերը։ Ավելին, Ռուսաստանը պնդում է, որ քիմիական հարձակումը բեմադրվել է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից։ Ընդդիմադիր ակտիվիստները, հակառակը, պնդում են, որ քիմիական հարձակում է եղել, որի հետևանքով 70 մարդ է զոհվել։

Սիրիական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ և փորձագետներին տեղում ուսումնասիրություն կատարելու հնարավորություն տալ։ Արևմուտքը, սակայն, չսպասելով համապատասխան կառույցի եզրակացությանը, հարվածներ հասցրեց Սիրիային։ Ըստ հայտարարությունների՝ թիրախում եղել են այն օբյեկտները, որոնք կարող են առնչություն ունենալ քիմիական զենքի արտադրության հետ։

Ուշագրավ է, որ One America News Network-ի հաղորդմամբ՝ իրենց լրագրողները ժամանել են Դումա քաղաք և այդտեղ չեն գտել քիմիական հարձակման հետքեր։ Ավելին, հիվանդանոցում բժիշկը ամերիկացի լրագրողներին պատմել է, որ ենթադրյալ քիմիական հարձակման օրը մի խումբ ակտիվիստներ աղմուկ-աղաղակով իբր տուժածների են հիվանդանոց բերել և տեսանկարահանել գործընթացը։ Նկարահանումն ավարտելուց հետո իրենց իրերը հավաքել և հեռացել են, այդ թվում և ենթադրյալ տուժողները։

Չնայած մինչ հարձակումը հնչեցրած կոշտ հռետորաբանությանը՝ Ռուսաստանն ուղղակիորեն դեռ չի պատասխանել Արևմուտքի հարվածներին։ Սակայն տեսակետ կա, որ սիրիական ուժերի անվան տակ ռուսներն են հակահարված հասցրել արձակված հրթիռներին։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ կանխատեսելի էր, որ ռազմագործողությունները կթիրախավորեն քիմիական զենքի պատրաստման և պահպանման օբյեկտները, ինչպես նաև հնարավորինս կշրջանցեն Սիրիայի տարածքում ներկայություն ունեցող այլ արտաքին ուժերի դիրքերը:

«Փաստացի այս հրթիռակոծումը կարելի է դիտարկել վերջին օրերին սիրիական հակամարտության շուրջ ծավալված լարվածության հանգուցալուծում: Տեղի ունեցած իրադարձությունները խոսում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ սրանով լարվածության ռազմական փուլը կավարտվի: Մեծ հավանականություն կա, որ հետագա գործընթացները կտեղափոխվեն առավելապես տեղեկատվական, քաղաքական հարթություն: Հիմքեր կստեղծվեն սիրիական հակամարտության կարգավորմանը միտված նոր քաղաքական գործընթացի համար»,- ասում է նա։

Պետրոսյանի կարծիքով, սակայն, լարվածությունը սիրիական թատերաբեմում կպահպանվի, քանի որ այդ լարվածությունը պայմանավորված է ոչ միայն սիրիական հիմնախնդրով։ Սիրիան ընդամենը բազուկներ ցուցադրելու հարթակ է:

Վերլուծաբանների կարծիքով՝ Արևմուտքի հրթիռային հարվածն ընդամենը կորցրած ազդեցությունը հետ բերելու նպատակ ուներ. վերջին շրջանում ԱՄՆ-ի դերակատարությունը Սիրիայում թուլացել էր, անգամ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին։ Քիմիական զենքի կիրառման լուրից և դրան հաջորդած հրթիռակոծությունից հետո, բնականաբար, Սիրիայից ԱՄՆ-ի հեռանալու մասին խոսք լինել չի կարող, ավելին, նա կրկին դարձավ խնդրի վերջնական կարգավորման հարցում իր ասելիքն ունեցող դերակատար։

Իսկ թե ինչու ավիահարվածները չուղղվեցին Ասադի ուժերի ուղղությամբ՝ փորձելով կտրուկ իրավիճակ փոխել Սիրիայում, տեսակետները տարբեր են։ Վարկածներից մեկի համաձայն՝ Ասադն իր ուժերը տեղաբաշխել էր Ռուսական ռազմաբազաների հարևանությամբ։ Հնարավոր չէր լինի հարվածել Ասադին՝ առանց ռուսական զինուժին վնասելու։ Իսկ ռուսական զինուժին հարվածելն արդեն կնշանակեր երրորդ համաշխարհային պատերազմի բացահայտ մեկնարկ։

Ուշագրավ է, որ Սիրիայում իրականացված ավիահարվածները ողջունել է Թուրքիան։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն անվանել է մարդկային խղճի դրսևորման հաղթանակ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայում համագործակցում են եռակողմ ձևաչափով։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրիքայի դիրքորոշումը չի խանգարի ռուս-թուրքական համագործակցությանը Սիրիայում։ «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մի շարք հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները տարբերվում են: Դա չի խանգարի շարունակել մտքեր փոխանակել, շարունակել քննարկել այդ տարաձայնությունները»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով, սակայն, նույնը չի կարելի ասել Իրանի առումով։ «Դա կասկածի տակ է դնում և լուրջ հարցականներ է առաջ բերում այս եռակողմ ձևաչափի հետագա գործունեության առումով։ Համենայն դեպս, իրանական կողմը բավականին անհանգստացած է Թուրքիայի նման վարքագծով»,- ասում է նա՝ հավելելով, որ սա չի նշանակում, թե վաղն ևեթ այդ գործակցությունը դադարելու է, բայց ակնհայտ է, որ նման վարքագծի պայմաններում գործակցության ձևաչափի մյուս երկու կողմի մոտ լուրջ խնդիրներ են առաջանալու, նաև՝ սեփական հասարակությանը բացատրելու, թե ինչու է Թուրքիան ներգրավված այս գործընթացներում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: