Հայերեն   English   Русский  

​Թավշյա հեղափոխությո՞ւն…Հայաստանյան քաղաքական վերջին զարգացումները


  
դիտումներ: 1249

Մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» արշավն ընդդեմ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: 14 օրերի ընթացքում մասնակիցները քայլեցին շուրջ 200 կմ՝ կատարելով 306 000 քայլ:

Ապրիլի 13-ին` ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մեկնարկեց շուրջօրյա հանրահավաքը՝ վերաճելով զանգվածային բողոքի երթերի: «Իմ քայլը» նախաձեռնությանը միացավ նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը` ընդհանուր կարգախոս հռչակելով «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Ապրիլի 14-ին բողոքի երթի մասնակիցները ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք: Փաշինյանն այն անվանեց «սիմվոլիկ ակցիա», որի նպատակն էր ցույց տալ, որ Հանրային ռադիոն և հեռուստատեսությունը չեն ծառայում հանրությանը, մինչդեռ պետական ֆինանսավորում են ստանում: Փաշինյանը փորձեց ուղիղ եթերով հայտարարություն անել, սակայն չհաջողվեց: Նա իր հայտարարությունը հնչեցրեց ակցիային ներկա լրատվամիջոցներով:

Ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավարտվել է իրենց ծրագրի առաջին փուլը և վաղվանից սկսվելու են քաղաքացիական խաղաղ անհնազանդություններ իրականացնել քաղաքի տարբեր հատվածներում։

Ապրիլի 16-ին կաթվածահար եղավ մայրաքաղաքի բնականոն երթևեկությունը, մասամբ նաև մետրոյի աշխատանքը: Մի քանի ժամում Փաշինյանի կողմնակիցները փակեցին Երևանի կենտրոնի գրեթե բոլոր փողոցները։ «Փակիր փողոցը» գործողությունից հետո ցուցարարները հավաքվեցին Բաղրամյան պողոտայում՝ փորձելով առաջանալ դեպի Ազգային ժողովի շենք, որը հսկում էին մեծ թվով ոստիկանական ուժեր փշալարերով պատնեշի միջոցով: Փաշինյանի պահանջը՝ թույլ տալ իրեն և իր համակիրներին անցնել փշալարերից այն կողմ և մտնել Ազգային ժողովի շենք, չընդունվեց, որից հետո Փաշինյանն անցավ փշալարերի վրայով՝ ստանալով վնասվածքներ և տեղափոխվելով հիվանդանոց: Ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներ սկսվեցին, ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, այդ թվում և լուսաձայնային նռնակներ: Մի շարք քաղաքացիներ վնասվածքներով հոսպիտալացվեցին: Մի քանիսը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցում: Ավելի ուշ՝ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո, Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին «Ելքի» գործընկերները՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Մանե Թանդիլյանը: Նրանք ընդգծեցին, որ այդտեղ են ոչ թե Նիկոլ Փաշինյանին միանալու, այլ հնարավոր բռնությունները կանխելու համար: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է խոչընդոտեն ապրիլի 17-ին պատգամավորների և Սերժ Սարգսյանի մուտքը Ազգային ժողով՝ այդպիսով խաթարելով վարչապետի ընտրությունը:

Ապրիլի 17-ի առավոտյան պատգամավորներն անարգել հասան Ազգային ժողովի շենք: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարներն իրենց գործողությունները կանեն մյուս կառավարական հաստատությունները կաթվածահար անելու և ապակենտրոնացված պայքար իրականացնելու ուղղությամբ։ Ցուցարարների մի մասը երթով շարժվեց դեպի Գլխավոր դատախազության շենք՝ շրջափակելով այն: Ցուցարարների մի մասն էլ շրջափակեց Վճռաբեկ դատարանի շենքը, մյուսները շարժվեցին դեպի նախարարությունների նոր շենք:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդի թավշյա հեղափոխության մեկնարկի մասին՝ կոչ անելով գյուղերում և քաղաքներում շրջափակել գյուղապետարանների, քաղաքապետարանների, մարզպետարանների շենքերը։ Իսկ այդ ընթացքում Հայաստանի խորհրդարանը հատուկ նիստում Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ 77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նույն օրը երեկոյան հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ ապրիլի 18-ից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երևան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»,- հայտարարեց նա։

Քաղաքը կաթվածահար չեղավ, սակայն խոչընդոտվեց մի շարք փողոցների երթևեկությունը, մի խումբ ակտիվիստներ բերման ենթարկվեցին, իսկ Փաշինյանն իր համակիրների հետ քայլեց դեպի Բաղրամյան պողոտա, որն այլևս փակ չէր, հասավ վարչապետի նստավայր, դիմեց Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ այսուհետ ամեն ինչ կանի, որպեսզի նա աշխարհին նայի փշալարերի հետևից: Այնուհետև երթի մասնակիցները շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր հատվածներ՝ կանգառներ կատարելով ԵՊՀ-ում, Երևանի քաղաքապետարանի առջև, նախարարությունների շենքի մոտ և այլուր:

Երևանում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ բողոքի օջախներ բռնկվեցին նաև Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում:

Վանաձորի պայքարին միացավ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա վանաձորցիներին կոչ արեց համաքաղաքային դասադուլ և գործադուլ իրականացնել: Փոստանջյանն անգամ հասավ դպրոցներ՝ տնօրեններից պահանջելով բացել ուսումնական հաստատությունների դռները և թույլ տալ աշակերտներին «միանալու համահայկական պայքարին»:

Երևանյան իրադարձությունների միջազգային արձագանքը

ՄերժիրՍերժին

Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Որոշ երկրների լրատվամիջոցներ (BBC, «Ռուսթավի 2», Deutsche Welle, New York Times, The Washington Post, Associated Press, The Guardian և այլն) թղթակիցներ ու նկարահանող խմբեր են գործուղել Երևան անմիջականորեն հետևելու և լուսաբանելու տեղի ունեցող իրադարձությունները: Ռուսական մի քանի լրատվամիջոցներ անգամ գրել են, թե «Հայաստանում մայդան է սկսվել»:

Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումներին պաշտոնապես արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը. «Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին: Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, արձագանքելով հայաստանյան իրադարձություններին, նշել է. «Մենք տիրապետում ենք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բոլոր մանրամասներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները: Մենք արդեն արձանագրել ենք, որ ապրիլի 16-ին ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ: Իրավապահ մարմինները պետք է զերծ նման նռնակների օգտագործումից: Թեև դրանք մահաբեր ազդեցության նռնակներ չեն, դրանք էլ կարող են լուրջ վնաս հասցնել և լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հուսով են, որ այդ ամենը տեղի է ունենում օրինականության շրջանակներում:

Վարչապետի ընտրությունը ֆեյք կառավարության, «օվերդոզի» և հանգած հրաբուխների մթնոլորտում

Խորհրդարանում ապրիլի 17-ին վարչապետի ընտրությունը հարթ չանցավ։ Առաջին անգամ ընդդիմադիր պատգամավորները երես առ երես նախագահ Սերժ Սարգսյանին քննադատելու և փոխադարձ քննադատություն լսելու հնարավորություն ունեցան։

«Առաջին անգամ վեց տարվա մեջ վերջապես այստեղ է Սերժ Սարգսյանը, և կարող ենք հարցեր տալ, ելույթներ ունենալ,- հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը,- մինչ այսօր ով եկել է, կապ չի ունեցել ոչ մի բանի հետ։ Մենք Հայաստանում ունենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք ինստիտուտներ։ Այստեղ ինչ քննարկում են, մարդիկ նայում են Ձեր նկարին։ Մենք դեմ ենք Ձեր երրորդ պաշտոնավարման ժամկետին։ Ձեզ ասելու ենք, թե ինչ է կատարվում։ Կա երկու աշխարհ, Ձեր աշխարհը, և աշխարհ, որտեղ մենք ենք ապրում։ Դուք շրջապատել եք Ձեզ մարդկանցով, որոնք չեն ասում, թե ինչ է կատարվում։ Կամ ասում են՝ Դուք փոփոխություններ չեք անում։ Սա ֆեյք պառլամենտական համակարգ է»։

Սերժ Սարգսյանին շտապեց պաշտպանել հանրապետականի «ծանր հրետանին»։ Արմեն Աշոտյանը, դիմելով Մարուքյանին, ասաց․ «Դուք շատ բարդ ընտրություն եք արել, կատարել եք քաղաքական համակարգը կայացնելու քայլ: Ես հասկանում եմ, որ այդ «օվերդոզը» կարող է հուզականության հետևանք լինի, որովհետև կա ինչ-որ գին, որը պետք է վճարվի: Պարոն Մարուքյան, Սերժ Սարգսյանի նկարի հետ խոսելու փոխարեն կարող եք այսօր կողմ քվեարկել և վայելել նրա ներկայությունն ԱԺ-ում և ուղիղ հարցեր տալ»:

Հանրապետական Սամվել Ֆարմանյանն էլ հայտարարեց, թե պատմությունը դեռ կտա իր գնահատականը Սերժ Սարգսյանին։

Մարուքյանն իր ամփոփիչ ելույթում արձագանքեց նաև Աշոտյանին․ «Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: Աշոտյանն ասում է՝ եկեք սիրենք միմյանց: Ձեզ ոնց կարելի է սիրել, դուք սիրելու բա՞ն եք, որ սիրենք: Ձեր ղեկավարած նախարարությունը նայեք, ձեր ղեկավարած երկիրը նայեք, տնտեսությունը նայեք: Պերիկլեսից եք խոսում, ձեր կուսակցությունում այնպիսի մարդիկ կան, որ գյուղի դպրոցն իրենց անունով են կոչում: Ի՞նչ Պերիկլես»։

Սերժ Սարգսյանի քննադատություններին միացավ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։ Նա կորսված տասնամյակ որակեց Սարգսյանի նախագահության տարիները և հիշեց 2008-ին Սերժ Սարգսյանի տված խոստումները, որոնք մնացել են անկատար, և ներկայացրեց բացասական ցուցանիշները։

Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այդ ցուցանիշներին և խոստումները չկատարելու մեղադրանքներին, ասաց․ «Ելույթներում պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս իշխանության, որպեսզի արդարացնեն վատ վիճակը: Մեջբերվում են կոնտեքստից հանված խոստումներ և դրանք ներկայացվում որպես չկատարված խոստումներ: Կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, որ իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին: Դա արվում է վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հիմա լավ անել: Սա է ուղերձը: Սա պարզունակ մարտավարություն է, բայց միգուցե կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համատեքստում»։

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ 2007-2017 թթ. տասնամյակում երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատերազմական իրավիճակ հաղթահարել, այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել. «Կարիք չկա ամեն գնով սևացնել: Վստահ եմ, որ շրջանառվող իբր ամփոփումների փոխարեն դեռ լուրջ վերլուծություններ կլինեն այդ ժամանակահատվածի համար»:

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ նշելով. «Դուք շատ համոզիչ ապացուցեիք, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ էին: Այսինքն՝ Դուք ցույց տվեցիք, որ այլևս չկա ՀՀ նախագահի նկարի իշխանություն: Կա քաղաքական ուժի իշխանություն: Երկրորդ շնորհակալությունը կապված է Ձեր բարի գալուստի հետ: Եվ որպեսզի ապրենք լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ դրանք չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: