Հայերեն   English   Русский  

Բիբլիոբուսի դրամաշնորհի պայմանագիրը ստորագրվեց


  
դիտումներ: 1808

Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Չինաստանի դեսպանության դրամաշնորհով շարժական գրադարանային կենտրոն՝ «Գրաբուս» ( «Բիբլիոբուս») ձեռք կբերի (60 հազար դոլար կտրամադրի Չինաստանի դեսպանությունը և 30 հազար դոլար՝ «Ա.Ա Թրաքս» ընկերությունը): Այդ մասին քառակողմ համաձայնագիրն այսօր կնքվեց Հայաստանի Ազգային գրադարանում։ է


«Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ ի դեմս մեր հրաշալի բարեկամ դեսպան Թյան Էռլունի, արդեն երրորդ անգամ է օժանդակում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնություններին: Նրանց աջակցությամբ պետական մի շարք թանգարաններում մենք ներդրեցինք «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, կարողացանք ձեռք բերել շարժական կինոթատրոններ ու ավելի քան 200 կինոցուցադրություն իրականացնել Հանրապետության ամբողջ տարածքում: Այս ծրագիրը ևս շարունակական բնույթ է կրում: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև հայկական արտադրության այս հրաշալի «Գրաբուսի» համար, որը կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին ու համապատասխան ժամանակացույցով կաշխատի մարզի բոլոր քաղաքներում ու համայնքներում»,- համաձայնագրի ստորագրմանը հաջորդած իր խոսքում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության նախաձեռնողականությունը, օգտակար, անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք այդ նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը»,- արձագանքեց Հայաստանում Չինաստանի դեսպանը:

«Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ, «Գրաբուսը» պատրաստ կլինի շուրջ երկու ամսից: Այն կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր:

«Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր՝ շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»:

«Ա.Ա. Թրաքս» մայր ընկերությունը 1970 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հիմնադրել է ամերիկահայ գործարար Վահե Նիկողոսի Կարապետյանը: Մեկ տարի առաջ ընկերության մասնաճյուղը բացվեց նաև Երևանում: Նախկին «Ռոբոտների գործարանի» տարածքում ընկերությունն արտադրում է բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաներ՝ ԿԱՄԱԶ-ի հենքի վրա: Գործարանի հայաստանյան մասնաճյուղի համահիմնադիրը Վահե Կարենի Կարապետյանն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: