Հայերեն   English   Русский  

Հանդիպել են ​Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարը


  
դիտումներ: 230

Ապրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կորտիս Սկապարոտիի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Զինված ուժերի և ՆԱՏՕ-ի կառույցների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, Դաշինքի տարբեր ծրագրերում Ադրբեբջանի մասնակցությունը:

Ըստ տեղեկության՝ Զաքիր Հասանովն իր դժգոհությունն է հայտնել Ադրբեջան սպառազինության մատակարարման «չհիմնավորված սահմանափակման» առնչությամբ: Միևնույն ժամանակ, վերջինս ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին աջակցելը:

Սկապարոտին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին հյուրընկալության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման անցկացմանն աջակցելու համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ապրիլի 19-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կորտիս Սկապարոտիի հանդիպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: