Հայերեն   English   Русский  

​«Ամենաթանկ պարգևն ինձ համար Հայրենիքի կողմից գնահատված լինելն է». Դանիել Վարուժան Հեջինյան


  
դիտումներ: 4120

Հարցազրույց Հալեպում ծնված ամերիկաբնակ նկարիչ, քանդակագործ, գրող, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանի հետ:

- Պարո՛ն Հեջինյան, սկսենք մեր զրույցը Ձեր արմատներից:

- Մեծ հայրս` Դանիել Հեջինյանը, 1921 թ. օսմանյան կնիքով մի թղթի կտոր է ստանում՝ որպես երաշխիք ապահովության և սեփականության իրավունքի և իր ընտանիքի հետ տեղահանվում է իր բնօրրան Արաբկիրից՝ բռնելով գաղթի անորոշ ճանապարհը: Հայրս` Արմենակը, ծնված 1900 թվականին Արաբկիրում, Հալեպում ամուսնանում է մորս` Բեատրիսի հետ: Բեատրիս Բարսեղյանը ծնվել էր 1910 թ. Այնթապում և Հալեպ էր գաղթել մոր, չորս քույրերի և եղբոր հետ: Դեր Զորի անապատներում մահացել էր նրա կրտսեր քույրը, իսկ ավելի ուշ՝ մայրը՝ Արաքսին: 1950 թ. մարտի 10-ին ծնվեցի ես: Ինձ անվանեցին մեծ հորս՝ Դանիելի և Եղեռնի ժամանակ նահատակված բանաստեղծ Դանիել Վարուժանի անունով:

- Ինչպե՞ս ընտրեցիք նկարչության ճանապարհը, Ձեր ընտանիքում ո՞վ է Ձեզ ուղղորդել, գերդաստանում ունեցե՞լ եք արդյոք արվեստագետներ:

- Մարդիկ իրենք են մասնագիտություն ընտրում, բայց արվեստի պարագան այլ է։ Այստեղ մասնագիտությունն է ընտրում նկարչին. կա՛մ ծնվում ես նկարիչ, կա՛մ ոչ։ Իմ կյանքում եղավ մի փուլ, երբ հորս կամքին ենթարկվելով տեղափոխվեցի բժշկական համալսարան, որտեղ սովորեցի մեկ տարի և ապացուցեցի հորս, որ կարող եմ: Չեմ հիշում որևէ այլ ժամանակահատված, երբ այդքան տառապած լինեմ։ Առանց արվեստի իմ կյանքն օրեցօր մոխրագույն էր դառնում։

Մեծ հայրս արհեստավարժ մետաղագործ էր և առանց երաժշտական կրթություն ունենալու՝ նվագում էր ցանկացած նվագարան, իսկ մայրս գործում էր գեղեցկագույն քրոշեներ, որոնք շատ նրբաճաշակ էին: Թերևս գերդաստանիս մեջ ես առաջին նկարիչն եմ։ Մանուկ հասակում իմ նկարչական հակումները ողջունում էր քրոջս ամուսինը՝ Եղիա Ատուրյանը, ոգևորության մեծ լիցք ստացել եմ նաև արաբերենի ուսուցչիցս։

- Կարո՞ղ եք հիշել՝ ինչ թեմայով էր Ձեր առաջին նկարը:

- Առաջին նկարս 7-րդ դասարանում ջրաներկով արված ռեալիստական մի աշխատանք էր, թեման` «Հայերենի իմ ուսուցիչը»: Հայաստանի սփյուռքի կոմիտեն բանաստեղծությունների և նկարների մրցույթ էր հայտարարել, հաղթողներին ուղարկելու էին Հայաստան՝ անցկացնելու ամառային արձակուրդը: Նկարում պատկերել էի դասարանը, աշակերտներին, հայերենի ուսուցչին՝ կանգնած գրատախտակի մոտ: Նկարի կենտրոնական մասում գրատախտակն էր, որի վրա կավիճով գծված էր Մեսրոպ Մաշտոցի կիսադեմը՝ իր ստեղծած Այբ, Բեն, Գիմ տառերով: Այդ նկարով ես միաձուլում էի մեր անցյալը Մաշտոցի՝ հայերենի առաջին ուսուցչի և հայերենի ներկա ուսուցչի կերպարներով, իսկ ապագան՝ մատաղ սերնդով: Սակայն խոր հիասթափություն ապրեցի, երբ պատահականորեն տնօրենի սենյակի մոտ՝ աղբարկղում հայտնաբերեցի դուրս ցցված իմ փաթեթավորված նկարը: Հասկացա, որ տնօրենը նկարը չի ուղարկել մրցույթի, հաղթել են այն աշակերտները, որոնց հաղթանակը կանխորոշված էր արդեն: Այս դեպքն ինձ վրա խոր ազդեցություն թողեց, հասկացա, թե ինչքան անարդարություններ կան աշխարհում։

- Պատմեք Ձեր առաջին հաղթանակների, ցուցահանդեսների մասին, ի՞նչ տվեցին դրանք:

- Առանձնացնեմ մի քանիսը: Առաջինը 1968-ին Սիրիայում ստացած պետական մրցանակն էր։ Հայտարարված էր մրցույթ երիտասարդ հեղափոխականների միության զինանշանի համար, որին ներկայացա միանգամից 2 տարբերակով: Այդ հաղթանակից հետո ունեցա հպարտության զգացում։ Առաջին պարգևին հետևեց իմ անհատական ցուցահանդեսը, որը պետական հովանու ներքո բացվեց 1969-ին, Հալեպի ազգային պատկերասրահում։ Դա ևս ինձ համար մեծ նվաճում էր։ Դրան հաջորդեց ուսում ստանալու նպատակով Հայաստան մեկնելս, որը ևս դյուրին չէր, քանի որ հերթի մեջ վաղուց սպասող երիտասարդներ կային, սակայն ընտրվեցի ես։ 1969-ին ընդունվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, դիպլոմային աշխատանքս՝ «1915 թ. լուսաբացին», նվիրված էր Հայոց ցեղասպանության հիշատակին:

Իրադարձային էր նաև Հայաստանում իմ առաջին անհատական ցուցահանդեսը, որը կայացավ 1977 թ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախաձեռնությամբ, կոմիտեի սրահում: Նվաճում կարող եմ համարել Միացյալ Նահանգներում յոթ հայկական եկեղեցիներ նկարազարդելու հնարավորությունը, իմ կյանքում մեծ առաջխաղացում էր նաև ամերիկյան արվեստի շուկա մտնելը «Դայանսըն» ցուցասրահի միջոցով, իմ գործերը սկսեցին ցուցադրվել նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ 2004-2017 թթ. ԱՄՆ-ում և Հայաստանում ունեցել եմ 25 ցուցահանդես:

Իմ կյանքի ամենամեծ երազանքը, սակայն, Հայրենիքում անհատական ցուցահանդես ունենալն էր: 2014 թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց իմ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

- Ո՞րն է Ձեր գործերից Ձեր անունն առավել ճանաչելի դարձրել:

- Իմ բոլոր աշխատանքներն իմ երեխաներն են, և դժվար է դրանցից որևէ մեկն առանձնացնել, դրանց մեջ կտեսնեք XX դարի գեղարվեստական նվաճումներից սնված տարրեր, սակայն իմ արվեստում դրանք ստացել են այլ իմաստավորում։ Մոնումենտալությամբ աչքի են ընկնում «Երկու հանրապետություն՝ մեկ հայրենիք» նկարը, որը նվիրել եմ Հայաստանի կառավարությանը, «Սիրո կերոնը», որը պահվում է ՀԱՊ-ի հավաքածուում, «Դարի ոճիրը», որը կազմում է «Արվեստի խաղաղությունը» նկարաշարի մի մասը և այլն։

- Ո՞ւմ եք արվեստի աշխարհում համարում Ձեր ուսուցիչը:

- Հիշեցի հորս խոսքերը, որ հաճախ էր ասում. «Իմ տղան ուսուցիչ չի ունեցած, այս տղան մատիտը բռնել ու գծել է»: Իմ ուսուցիչն ամենից առաջ եղել է բնությունը, սովորել եմ շինարարից, վաճառականից, արհեստավորից և բոլորից: Մեծ վարպետներից ինձ հմայել են Ռեմբրանդտի գույների կոնտրաստները՝ իրենց զարմանալի անցումներով։ Տարվել եմ նաև Դելակրուայի արվեստով և առհասարակ ռոմանտիզմով, հետագայում նաև Դալիի աշխարհով, Սեզանի գույներով։ Ինձ հուզել են նաև Սարգիս Մուրադյանի «Վերջին գիշեր. Կոմիտաս» գործի խորհրդավորությունը և Սարյանի հայրենի աշխարհի ու բնության գույները։

- Դուք նաև գրում եք. ո՞ր աշխարհում եք Ձեզ առավել ինքնադրսևորված զգում:

- Եթե լույս աշխարհ ես եկել իբրև արվեստագետ, ապա քեզ համար կարևոր է գաղափարը և դրա գեղագիտական ներկայացումը։ Կանես դա գրելով, թե նկարելով, ամենևին էլ էական չէ, բայց, բնականաբար, ինձ առավել մեծ թևեր է տալիս նկարչությունը։ Ես ինձ համարում եմ նկարիչ: Գրականությունն ինձ օգնում է, որ ավելի լավ նկարեմ և ճիշտ հակառակը՝ նկարչությունն ինձ օգնում է, որ լավ գրեմ:

- 2003 թ. Բոստոնում հիմնադրել եք «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը. ո՞րն է կազմակերպության նպատակը ։

- «Արվեստի խաղաղությունը» (Peace of Art, Inc.) անշահույթ կրթական, մարդասիրական կազմակերպություն է՝ ձոնված աշխարհի խաղաղության պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր քաջություն են ունեցել իրենց կյանքը վտանգելու մարդկության բարօրության համար: Կազմակերպությունն արվեստը ծառայեցնում է խաղաղությանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանի հեղինակության բարձրացումը արտերկրում, որևէ քաղաքական կամ կրոնական ուղղվածություն չունի:

2003 թ. սկսած՝ կազմակերպության՝ Հայոց ցեղասպանությունը հիշատակող ամենամյա պաստառները կոչ են անում միջազգային հանրությանը, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահին, Միավորված ազգերի կազմակերպությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ուզում եմ հավելել նաև, որ կազմակերպության հիմնադրումից մինչ օրս չի եղել որևէ դրամահավաք, ոչ մի նյութական գնահատանք համայնքի և այլ կազմակերպությունների կողմից: Ամբողջ գործունեությունը եղել է իմ անձնական ջանքերով և սեփական միջոցներով:

- Ուշագրավ է նաև 2014 թ. Մասաչուսեթս նահանգի Լոուելի քաղաքապետարանի մուտքի առջև տեղադրված «Մոր ձեռքերը» խաչքար-հուշարձանը։ Ինչպե՞ս ծագեց գաղափարը։

- Հուշարձանը ստեղծելիս իմ ոգեշնչման աղբյուրը հենց մորս ձեռքերն էին, որոնք անընդհատ հյուսում էին… Բնորդի դերում քրոջս՝ Լենայի ձեռքերն են: Մայրս երեխա էր, երբ տեսավ արհավիրքն իր մանկական աչքերով: Նա ողջ կյանքում կրեց Եղեռնի ահասարսուռ պատկերներն ու դրանք թախծոտ երգերի և ակամա արցունքների միջոցով փոխանցեց իր զավակներին:

Աշխարհի 42 երկրներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող գրեթե 230 հուշարձան կա, սակայն դրանք մեծ մասամբ գտնվում են հայկական եկեղեցիներին կամ կազմակերպություններին պատկանող տարածքներում: Այս հուշարձանն առաջինն է Սփյուռքում՝ տեղադրված քաղաքի կառավարական շենքի առջև: Այն հատուկ է նաև նրանով, որ ստեղծված է բրոնզի և գրանիտի համադրությամբ. քարը խորհրդանշում է մարմինը՝ «Հայրենիքը», իսկ բրոնզը՝ հոգին՝ «Սփյուռքը»:

- Մրցանակների, պատվոգրերի, մեդալների եք արժանացել, ո՞րն է Ձեզ համար ամենաթանկը:

- Ամենաթանկ պարգևն ինձ համար Հայրենիքի կողմից գնահատված լինելն է, որն ընդունում եմ մեծ խոնարհումով և պարտավորվածությամբ։

2014-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարն ինձ պարգևատրել է «Արշիլ Գորկի» շքանշանով: 2015-ին ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի կողմից պարգևատրվել եմ Ազատության մրցանակով: 2015-ին նախագահ Սերժ Սարգսյանից ստացել եմ «Մովսես Խորենացի» մեդալ, 2016-ին՝ Երախտագիտության մեդալ, 2016-ին Ազգային ժողովի կողմից՝ Ոսկե մեդալ, 2017-ին Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից պարգևատրվել եմ Նանսենի ոսկե հուշամեդալով… Շատ են այդ պարգևները, պարտավորեցնող, սակայն, որքան էլ հաճելի է գնահատված լինելը, ես միշտ աշխատել եմ առանց որևէ ակնկալիքի:

- Պարո՛ն Հեջինյան, լրացավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Այս տարի ի՞նչ նոր մտահղացումներ ունեք:

- Ինչպես նախորդ 22 տարիների ընթացքում, այս տարի նույնպես «Արվեստի խաղաղությունը» շարունակելու է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում բարձրացնելով էլեկտրոնային վահանակներ:

Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով հազարավոր քաղաքացիներ զոհվեցին, այդ թվում՝ նաև հայեր, շատերը, ստիպողաբար թողնելով իրենց բնօրրանը, բռնեցին գաղթի անհայտ ճանապարհը: Ուստի այս տարվա վահանակը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը խլեց 1,5 միլիոն մարդու կյանք, իսկ 393,700 հայեր արտաքսվեցին իրենց բնակավայրերից և դարձան գաղթական: Վահանակի վրա պատկերված է դատարկ և փշալարերով պատված թռչնաբույն, որտեղից բռնի ուժով վտարվել են թռչունները և այլևս անկարող են վերադառնալ, ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովուրդը, որ օսմանյան կայսրության հրամանով ստիպված եղավ լքել իր բնօրանն ու բռնել գաղթի, սովի, հալածանքի ու մահվան ճանապարհը:

Նախատեսվում է նաև այս տարվա մայիսին Մասաչուսեթսի տարբեր քաղաքներում բարձրացնել Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված վահանակներ:

1996 թ. Բոստոնում առաջին անգամ բարձրացրեցի մեծադիր ցուցապաստառներ, որոնցով Հայոց ցեղասպանության փաստը դուրս բերվեց համայնքային փակ դռներից և ներկայացվեց ամերիկյան հասարակությանը: Ցուցապաստառի վրա գրված էր. «Ոճիրն ընդդեմ մի ժողովրդի ոճիր է մարդկության դեմ»: Այն մեծ աղմուկ բարձրացրեց թուրքական համայնքում, ահաբեկչական նամակների տարափ սկսվեց, սական դրանք չազդեցին ինձ վրա, և իմ գործունեությունը դարձավ շարունակական ու ամենամյա:

Հիշարժան է նաև 2012 թ. բարձրացված ցուցապաստառը, որում ասվում է. «Պարո՛ն նախագահ, մի՛ շրջվեք մեջքով: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»: Վահանակն ուղղված էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որին կոչ էր արվում հարգել 2008 թ. իր տված խոստումը:

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը 2015 թ. ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և Կանադայում բարձրացրեց հարյուր վահանակ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մեր ամենամյա վահանակները Բոստոնի շրջակայքում մնալու են ապրիլի 9-30-ը, մեր կազմակերպությունը հաղորդագրություն է ուղարկում բոլոր լրատվամիջոցներին, ինչպես նաև հեռուստաընկերություններին՝ եթերով հեռարձակելու համար: Հեռարձակումը պիտի լինի անգլերեն և հայերեն: Երկրորդ վահանակը կբարձրանա մայիսի 10-ից:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: