Հայերեն   English   Русский  

​Առաջին էկոտնակները Հայաստանում


  
դիտումներ: 5785

2017 թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի զարգացման հիմնադրամն ամփոփեց «Ձևափոխի՛ր» մրցույթի արդյունքները, որտեղ «Էկոտնակները Հայաստանում» ծրագիրը զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով 15 հազար դոլար մրցանակի: Ակնկալվում է, որ այդ դրամաշնորհի և անհատ ներդրողների օգնությամբ Հայաստանում կկառուցվեն առաջին էկոտնակները՝ զերծ պահելով բնությունն էկոլոգիական վնասներից:

Ծրագրի համահեղինակները լոնդոնաբնակ Լիանա Եփրեմյանը և կանադացի Անիտա Լիբենաունն են: Լիանա Եփրեմյանն ապրում է Լոնդոնում, «Լույս» հիմնադրամի շահառուներից է, այժմ որպես հետազոտող աշխատում է Օքսֆորդի համալսարանում: Նրա հետ զրուցեցինք ծրագրի մանրամասների շուրջ:

- Ցանկալի է, որ խոսենք ծրագրի գաղափարի շուրջ: Կանադացի արշավորդները Հայաստան կատարած այցի ժամանակ հայտնել էին իրենց դժգությունն առ այն, որ թեպետ Հայաստանն աշխարհագրական բարենպաստ դիրք ու հիասքանչ բնություն ունի, պատմություն ու ավանդույթներ, բայց արշավների համար թերևս գրավչության խնդիր ունի. բացակայում են համապատասխան ենթակառուցվածքները գիշերակացի համար: Ուստի Ձեր համահեղինակած ծրագիրը կարծես նպատակ ունի լուծել այս խնդիրը:

- Հայաստանը կատարյալ երկիր է արշավային տուրիզմի համար: Պետք է նշել, որ վերջին տարիներին ոլորտում իսկապես մեծ աճ է գրանցվել: Հայաստանը չբացահայտված է օտարազգի արշավականների համար, բայց մեծ պոտենցիալ ունի մեծ թվով տուրիստներ գրավելու համար: Հայկական լեռնաշխարհի գեղեցկությունը յուրօրինակ է, նրա չբացահայտված լինելը մեկ այլ կուսական հմայք է տալիս: Սակայն Դուք ճիշտ եք, որ համապատասխան ենթակառուցվածքներ չունենք, և մեր ծրագիրը, հուսով ենք, որոշակիորեն այդ բացը կլրացնի: Հակիրճ նշեմ, որ ծրագրի շրջանակներում պիտի ստեղծենք էկոտնակների ցանց, ինչպես նաև աշխատենք համայնքների հետ: Մեր նպատակն է այս ցանցը հասանելի դարձնել ոչ միայն տեղի, այլև օտարազգի տուրիստների, հատկապես՝ եվրոպացիների համար: Ծրագիրը հնարավորություն կտա խթանելու էկոտուրիզմը և նպաստելու համայնքային զարգացմանը: Այսպիսի տնակները կծառայեն բազմօրյա արշավների համար՝ հնարավորություն տալով մեկ տեղից մյուս տեղը տեղափոխվել առանց ծանր ուսապարկի:

- Իսկ ինչպե՞ս տեղեկացաք մրցույթի մանրամասների մասին:

- «Լույս» հիմնադրամի շրջանավարտ եմ, որից պարբերաբար նամակներ եմ ստանում, թե ինչ աշխատատեղեր, ծրագրեր կան Հայաստանում, և երբ նման նամակ տեսա, չէի նկատել, որ պետք է բիզնես ծրագիր մշակեմ։ Կարծեցի, թե պետք է գաղափարը ներկայացնել, իսկ կառավարությունը պետք է իրականացնի այն: Զարմանալի է, բայց նույնիսկ չէի կարդացել, որ մրցանակներ կան նախատեսված։ Տիգրանին ու Անիտային գրեցի, որոշեցինք կազմել ծրագիրը։ Ինձ թվում է` միակ մարդը, որ հավատում էր գաղափարի հաջողությանը, ես էի։ Հավատում էի, որ գոնե երկրորդ փուլ կանցնենք։ Բիզնես պլան երբեք չէի կազմել, ուստի ծրագիրը ծնվեց անքուն գիշերների շնորհիվ։

- Ի՞նչ են էկոտնակները, որտե՞ղ են կառուցվելու, որքան գումար է ներդրվելու ծրագրում:

- Նախնական նախագծով 5 տարվա ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում կտեղադրվի մոտ 12-15 տնակ: Տեղադրման վայրերը որոշվել են՝ ելնելով տվյալ վայրում պատմամշակութային կամ բնական հուշարձանի առկայությունից: Սա դեռևս կճշգրտվի՝ ելնելով համայնքների շահերից և նրանց ցանկությունից: Տնակները կպատրաստվեն նախօրոք, այնուհետև կտեղադրվեն մոտավորապես 1-2 շաբաթում: Ծավալուն աշխատանքներ չենք պատրաստվում կատարել բնության մեջ: Դրանք կլինեն մշակված այնպես, որ պահպանման և շահագործման համար նվազագույն գումար ներդրվի: Օրինակ՝ նախատեսում ենք օգտագործել արևային էներգիան: Ծրագրի բյուջեն մոտ 2 մլն ԱՄՆ դոլար է: Փնտրում ենք օտարազգի ներդրողների, որ գումարի համալրում լինի: Աշխատում ենք Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ և անհատ ներդրողներ գտնելու ուղղությամբ:

- Ի՞նչ փուլերով են ընթանալու դրանց կառուցման աշխատանքները , ովքեր են ծրագրում ներգրավված:

- Երբ ունենանք ֆինանսավորում՝ առաջին տնակի ստեղծումը և տեղադրումը կտևի մոտ 8 ամիս, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տնակի կառուցումը և տեղադրումը կտևի մոտ 3.5 ամիս: Մեր գործընկերներից է «Ստորակետ» կազմակերպությունը, որը Հայաստանում շուկայի առաջատարներից է, այնտեղ է կատարվել տնակների նախագծումը: Տնակների ամրագրման օնլայն պլատֆորմը և բջջային հավելվածի ստեղծումն ու ապահովումը կկատարի AOByte կազմակերպությունը:

Մեր թիմի անդամներից Տիգրան Շահբազյանը պատասխանատու կլինի արշավուղիների հաստատման համար: Նաև նշեմ, որ Տիգրանը «Արմգեոգրաֆիկ» կազմակերպության հիմնադիր տնօրենն է և շաբաթական արշավներ է իրականացնում Հայաստանի տարբեր մարզեր: Տիգրանի փորձն այս առումով մեզ համար անգնահատելի է: Նախատեսում ենք յուրաքանչյուր համայնքում գտնել հետաքրքրված անձինք, որոնք կցանկանան մեզ հետ աշխատել: Ինչպես արդեն նշեցի, համայնքի կարծիքը և դերը շատ կարևոր է մեզ համար, մենք ցանկանում ենք աջակցել համայնքների զարգացմանը, հատկապես՝ հեռավոր հատվածներում: Աշխատանքի հնարավորություն կստեղծվի այն մարդկանց համար, որոնք կցանկանան մասնակցել տնակների սպասարկման, ինչպես նաև սննդի և տրանսպորտի ապահովման ուղղությամբ:

- Իսկ ինչպիսի՞ն են լինելու տնակները:

- Նախատեսում ենք, որ տնակում լինեն ցնցուղ ու խոհանոցային պայմաններ, բայց որոշ հատվածներում՝ սարերում, հավանաբար նման պայմաններով չեն կարող լինել, սակայն շատ արշավականների համար դա այնքան էլ անհրաժեշտ չէ, ավելի կարևոր է, որ գիշերակաց ունենան և հաջորդ օրը շարունակեն արշավը։

- Էկոտնակների կառուցումը կմեծացնի՞ արշավորդների թիվը, ի՞նչ կանխատեսումներ կանեք:

- Իհարկե: Մեր հիմնական թիրախը եվրոպացիներն են, հարևան Վրաստանն էլ այդ առումով մեզ համար շատ լավ օրինակ է: Անհրաժեշտ է մեր երկրի գեղեցկությունը ճիշտ ներկայացնել և շատ ավելի ինտենսիվ: Մեր ծրագրի բյուջեի մի զգալի հատված նախատեսում ենք օգտագործել հենց գովազդի վրա: Իհարկե, այս առումով հրաշալի կլիներ պետական մակարդակով համաձայնություն ձեռք բերել ցածր գներով ավիատոմսեր տրամադրող կազմակերպությունների հետ (օրինակ՝ WizzAir, RyanAir, EasyJet), հենց նույն Վրաստանում այս ավիաընկերությունները չվերթներ ունեն տարբեր եվրոպական երկրներից, դա, ինչ խոսք, նպաստում է տուրիզմի աճին: Մենք հուսով ենք նաև, որ մեր ծրագրի իրագործմանը զուգընթաց կկարողանանք նաև պատկան մարմինների ուշադրությունը սևեռել այս հանգամանքի վրա:

Այդ ծրագրով նախ ուզում ենք Հայաստանը միջազգային զբոսաշրջության համար ճանաչելի դարձնել, համոզված ենք, որ զբոսաշրջիկների թիվը կավելանա։

Մյուս խնդիրը, որն ուզում ենք լուծել այս ծրագրով, ապակենտրոնացումն է: Հայաստանը միայն Երևանը չէ։ Վերջապես, եթե զբոսաշրջիկների թիվն ավելանա, ապա դա տնտեսության վրա ազդեցություն կունենա։

Լ. Ն.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: