Հայերեն   English   Русский  

​«Գործ ունենք հեղափոխական իրավիճակի հետ». Հովհաննես Հովհաննիսյան


  
դիտումներ: 3937

ՀՀ Հանրային խորհրդի անդամ, փիլիսոփա, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհանիսյանն իր տեսակետն է հայտնել «Անկախին» Հայաստանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

-Նախ կարծում եմ՝ տարիների ընթացքում ձևավորվել և երկրում հասունացել է մի իրավիճակ, որ «վերևինները» չեն կարող կառավարել հին ձևով, իսկ «ներքևիններն» այլևս չեն ուզում ապրել նախկինի պես: Այլ կերպ ասած՝ գործ ունենք հեղափոխական իրավիճակի հետ: Թեև պետք է նկատել, որ ամեն մի ճգնաժամ նաև նոր հնարավորություններ է պարունակում: Ինչպես չի կարելի միանշանակ պնդել, որ ատոմի միջուկի ճեղքման արդյունքում առաջացող էներգիան ինքնին դրական է կամ բացասական, այդպես էլ հասարակական ակտիվության և ընդվզումի էներգիան կարող է ունենալ թե´ կառուցողական, թե´ ապակառուցողական դրսևորումներ:

Ձևավորված իրավիճակից նվազագույն վնասներով և առավելագույն արդյունքներով ելքը կարող էր լինել ֆորմալ և ոչ ֆորմալ լիդերների 3 րոպեանոց «բանակցության» հնարավորության գրագետ օգտագործումը: Մինչդեռ դրա տապալումն ավելի թեժացրեց իրավիճակը:

Ամեն մի կառուցողական քննարկում անհրաժեշտ է սկսել ընդհանուր մտահոգությունների (ստեղծված սոցիալ-տնտեսական անբարենպաստ վիճակ, կառավարման համակարգում առկա ապօրինություններ ու արգահատելի երևույթներ, արտաքին սպառնալիքներ ա այլն) ձևակերպմամբ, ինչը տվյալ դեպքում բացակայում էր: Ցավոք, բացակայում է նաև այսօր: Մինչդեռ պրոբլեմները կարող են ինչպես միավորել հանրային ներուժը, ուղղորդել դրանց լուծմանը, այնպես էլ կարող են պառակտել հասարակությանը և թշնամացնել կողմերին: Խնդիրը ճիշտ մոտեցումների մեջ է:

Չթերագնահատելով ընդդիմադիրների կողմից կիրառվող տեխնոլոգիաները՝ այդուհանդերձ, համաձայն չեմ այն թեզի հետ, որ ժողովրդին փողոց է հանել ընդդիմության այս կամ այն լիդերը: Ժողովրդին փողոց են հանել տարիների ընթացքում կուտակված սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, տնտեսական ծանր վիճակը, պաշտոնյաների ապօրինություններն ու անպատժելիությունը, կառավարման համակարգում քրեաօլիգարխիկ երևույթները, անհարգալից վերաբերմունքը քաղաքացու և նրա իրավունքների նկատմամբ և վերջապես հին խնդիրներին նոր լուծումներ տալու երիտասարդների ավյունը:

Միտքս թող արտառոց չհնչի, բայց կարծում եմ տեղին կլինի ասել, որ ժողովրդին փողոց են հանել իշխանություններն իրենց անհեռատեսությամբ, տարիներ շարունակ կուտակված խնդիրներին անձեռնհասությամբ և անտարբերությամբ:

Այդուհանդերձ հասարակությունը և երկիրը ցնցումներից զերծ պահելու նպատակով դեռևս մեծ է օրվա իշխանությունների և քաղաքական ընդդիմության լիդերների պատասխանատվությունն ու հնարավորությունը բանակցելու, խնդիրների լուծման ուղղությամբ սթափ և համատեղ ջանքեր գործադրելու առումներով: Կարծում եմ՝ պահը դեռ բաց թողնված չէ, և, ըստ իս, ճիշտ կլիներ դեռևս չձևավորված կառավարությունը կազմավորել հենց պառլամենտարիզմի տրամաբանությամբ, այդինքն, դրա տարբեր օղակներում հակամարտ ուժերի ներգրավմամբ: Կարևոր չէ՝ այդ կառավարությունը կկոչվի «ազգային համաձայնության», «գործակցության», «անցումային», թե այլ, կարևորը՝ երկիրը ցնցումների մեջ չընկնի և լուծվեն կուտակված խնդիրները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: