Հայերեն   English   Русский  

Բաքվում նախկին նախարարի նկատմամբ դատավարություն է սկսվել


  
դիտումներ: 287

Ապրիլի 24-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանային դատարանում սկսվել է «Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) գործով» տուժող ճանաչված Մաթլաբ Մուսթաֆաևի՝ ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի դեմ հայցի հիման վրա դատավարությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, Մաթլաբ Մուսթաֆաևը դատարան է դիմել, մասնավորապես, ԱԱՆ նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի և ԱԱՆ գլխավոր քննչական վարչության նախկին պետ Մովլան Շիխալիևի առնչությամբ: Հայցադիմումում Մ. Մուսթաֆաևը նշել է, որ նախկին նախարարի հրամանով իրեն զրպարտել են և ձերբակալել, և պահանջել վճարել ավելի քան 100 հազար մանաթ (մոտ 59 հազար ամերիկյան դոլար) փոխհատուցում:

Մուսթաֆաևը եղել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակից, իսկ 2014 թ. որպես տնտեսագետ աշխատել է «Ազերսու» ՓԲԸ-ում: 2014 թ-ին Ազգային անվտանգության նախարարության կողմից անցկացված գործողության ժամանակ ձերբակալվել է՝ մեղադրվելով «զենքի ապօրինի պահում» հոդվածով և 2015 թ-ի ապրիլի 24-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ավելի ուշ Բաքվի վերաքննիչ դատարանը վերանայել է վերջինիս գործը և արդարացրել նրան: Մ. Մուսթաֆաևի եղբայրը՝ գնդապետ Մալիք Մուսթաֆաևը, ով 31 տարի աշխատել է ԱԱՆ-ում, Մաթլաբի կալանավորումից մի քանի օր անց կախվել է:

Ապրիլի 23-ին Բաքվի զինվորական դատարանը կայացրել է հերթական դատավճիռները՝ ընդդեմ լուծարված Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակիցների: Դատարանի որոշմամբ՝ ԱԱՆ գլխավոր վարչության նախկին պետ Սուբահիր Գուրբանովը դատապարտվել է 14, իսկ գեներալ Թեյմուր Գուլիևը 12 տարվա ազատազրկման:

Նշենք, որ «ԱԱՆ գործի» շրջանակներում բազմիցս բարձրացվել է Էլդար Մահմուդովին պատասխանատվության ենթարկու հարցը; Տադավարություններից մեկի ընթացքում Էլդար Մահմուդովի առնչությամբ նույնիսկ հատուկ որոշում է կայացվել: Ըստ ադրբեջանցի իրավաբանների՝ վերոնշյալ գործում ամենամեծ պատասխանատվությունը կրում է Էլդար Մահմուդովը, քանի որ առանց նրա իմացության ԱԱՆ-ում չէին կարող այդքան շատ անօրինականություններ իրականացվել:

Էլդար Մահմուդովը Ազգային անվտանգության նախարարությունը ղեկավարել է 2004-2015 թվականներին: 2014 թ-ին, համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի, Մահմուդովին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում: 2015 թ-ի հոկտեմբերի 17-ին նախագահի հրամանով Էլդար Մահմուդովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նախարարությունը լուծարվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: