Հայերեն   English   Русский  

Կողմերը պետք է խոհեմություն ունենան և ժամ առաջ նստեն բանակցության․ Սամվել Կարապետյան


  
դիտումներ: 1381

«Բարդ վիճակ է։ Իրար հասկանալու ցանկությունը կարծես չի իշխում»,- ասում է հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով ներքաղաքական ներկա իրավիճակն ու հնարավոր զարգացումները։

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի պաշտոակատարի առաջարկն ընդունելի է։ «Ընտրություն պետք է տեղի ունենա և ամեն քաղաքացի ընտրելու հնարավորություն ունենա,- ասում է նա։-Ողջ հրապարակը համայն հայությունը չէ։ Մեկը՝ ես այլ կերպ եմ մտածում։ Ինձ ու իմ նման հազարավոր մարդկանց ևս պետք է հնարավորություն տրվի ընտրելու»։

Կարապետյանը նաև վստահ է՝ այս անգամ ընտրություններում ընտրակաշառքը չի կարող դեր ունենալ, ինչպես նախորդ ընտրություններին․ «Հնարավորությունները շատ՝ ավելի զգոն և ուշադիր լինելու, գործընթացները հսկելու իմաստով, որ խախտումներ չլինեն։ Բոլորս ուզում ենք, որ դեպի լավը գնա մեր երկիրը, և արդարությունը իշխող լինի։ Կարծում եմ, որ եթե ընտրություններ լինեն, նախկինի նման հաստատ չի լինելու, ավելի արդար ընտրություններ անցկացնելու հնարավորոթյուն և ցանկություն կա»։

«Ամեն ինչ պետք է արվի ավելի խոհեմ ու կշռադատված՝ ի շահ երկրի կայունության,- ասում է Կարապետյանը և հավելում։- Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հանկարծ Ադրբեջանը սահմանն անցնի ու Ասկերան հասնի, կգտնվեն մարդիկ, որ կասեն․ «Դա մեզ շեղելու համար է արվում»։ Մինչդեռ սահմանին լրջագույն վտանգ կա։ Չի կարելի այսքան տրվել գլխապտույտ և անհեթեթ իրավիճակի։ Այս պահին ամեն ժամ ավելի երերացնում է մեր պետության հիմքերը ամեն իմաստով։ Կողմերը պետք է խոհեմություն ունենան և ժամ առաջ նստեն բանակցության։ Սա արդեն հայրենիքին ակնհայտ վնաս է տալիս, չի կարելի այսպես շարունակել»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: