Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովի նոր ընտրությունները կլինեն ճգնաժամից դուրս գալու ամենաքաղաքակիրթ և տրամաբանական ճանապարհը. Հովհաննես Հովհաննիսյան


  
դիտումներ: 39

Հանրային խորհրդի անդամ, փիլիսոփա, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանն, Անկախ-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե սպասելի՞ էին արդյոք այս զարգացումները մեր երկրում, ասում է.

«Այո՛: Տրամաբանական է, որ արմատական ընդդիմությունը և նրան աջակցող ըմբոստ հանրությունը իշխանության առաջին դեմքի հրաժարականով չէին բավարարվելու: Իշխանությունների սպասողական կեցվածքի, կոնստրուկտիվ նախաձեռնողականության բացակայության ու անորոշության ֆոնի վրա իրադարձություններն սկսվել և այժմ էլ զարգանում են ընդդիմության սցենարով: Թերևս սպասելի է, որ իրավիճակի լիցքաթափումն ու ժամանակավոր հանգուցալուծումը տրվի թեև արդեն իսկ լեգիտիմության խնդիր ունեցող, սակայն դեռևս լեգալ ԱԺ-ում: Ազգային ժողովի նոր ընտրությունները կլինեն ճգնաժամից դուրս գալու ամենաքաղաքակիրթ և տրամաբանական ճանապարհը: Մնում է մեկ հարց. ո՞վ է ղեկավարելու անցումային կառավարությունը: Քաղաքական դաշտում ուժերի վերադասավորման ներկա գործընթացների և միտումների համատեքստում (ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններից ընդամենը 13 ձայն է պակասում արմատական ընդդիմությանը) ամենայն հավանականությամբ նա կլինի արմատական ընդդիմության թեկնածուն: Մանավանդ, որ նման նախադեպ ԱԺ-ում եղել է 1998թ, երբ մեկ օրվա մեջ պատգամավորների մեծ մասը համալրեց «Երկրապահի» շարքերը:

Էականն այն է, համաժողովրդականի վերածված այս շարժման էներգիան որքանո՞վ կծառայի տարիների ընթացքում կուտակված և քաղաքացիներին փողոց դուր բերած սոցիալական անարդարության, ամենաթողության, կառավարման համակարգում քրեաօլիգարխիկ երևույթների, տնտեսական մտահոգիչ վիճակի, սոցիալական խնդիրների, քաղաքացիների իրավունքների ոտնահարման պրակտիկաների հաղթահարմանը: Շատ կարևոր է, որ ԱԺ-ում սպասվող առաջիկա «բախումների» կիզակետում լինեն այս խնդիրներն ու դրանց լուծման ռեալ, իրատեսական ծրագրերը: Կարևոր է, որ քաղաքաքական դերակատարները ի վիճակի լինեն վեր կանգնելու նեղ անձնական, խմբային-կլանային ու կուսակցական շահերից և առաջնորդվեն պետական և ազգային մտածողությամբ, որի պարագայում շահելու են բոլորը: Այլապես սոսկ դերակատարների փոփոխությամբ, առանց արժեքային համակարգի, քաղաքական կառավարման չափորոշիչների էական փոփոխության, մեծ ակնկալիքներ ունենալ հնարավոր չէ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: