Հայերեն   English   Русский  

Մեր ջանքերը պետք է լինեն համառ եւ գիտակից. Լևոն Արոնյան


  
դիտումներ: 363

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաև: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում:

Միանում եմ բոլորիդ Հայաստանում եւ սփյուռքում, եւ հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից որոնք կարող է վտանգել են այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ եւ գիտակից: Առողջ եւ մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն և հանրային ինստիտուտների ամրապնդումը , կանանց դերի եւ ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ:

Անչափ կարեւոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով` մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին եւ հողին:

Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: