Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը տեղի չի ունենա


  
դիտումներ: 1578

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:

Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: