Հայերեն   English   Русский  

​Եթե հանդգնում ես բեմ բարձրանալ, ուրեմն ասելիք ունես


  
դիտումներ: 9250

1982-ից Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր:

Այս առիթով էլ զրուցել ենք «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ:

- Պարո՛ն Գինոսյան, ի՞նչ յուրահատուկ զգացողություններ է արթնացնում պարը, որ բնորոշ չէ արվեստի ուրիշ ոչ մի տեսակի: Եվ ինչպե՞ս է այն փոխում մարդկանց կյանքը:

- Կոմիտասն ասել է՝ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: Պարն այն եզակի մշակույթն է, որ ներդաշնակում է հոգին ու մարմինը: Պարի մեջ կատարյալ կերպով միահյուսվում են նաև գիտակցությունն ու ենթագիտակցությունը: Խոսքը, իհարկե, իրական պարի մասին է, որն ունի ծագումնաբանություն, հենք, ստուգաբանություն: Եվ դա վերաբերում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային գանձարանին պատկանող պարերին, որոնց մեջ յուրաքանչյուր ժողովուրդ ինչ-որ խոհ ու հավատալիք է դրել:

Պարը հզոր ազդեցություն է թողնում մարդու վրա: Կոմիտասն ասում էր՝ ինչ հնարավոր չէ երեխային տալ հինգ դասի, հինգ քարոզի միջոցով, հնարավոր է ընդամենը մեկ պարի օգնությամբ, որովհետև երեխան բաց է և չի գիտակցում, որ պարի ընթացքում կատարած շարժումները հետադարձ կապով ներազդում են իր ենթագիտակցության վրա: Երեխան, երբ դեռևս անգիտակից վիճակում որևէ երաժշտություն է լսում, սկսում է ձեռքերը թափահարել, ոտքերը շարժել: Արդեն կանգնելուց հետո ճոճվում է, զսպանակում վերև-ներքև: Այդ զիստային զսպանակավոր շարժումներն ընկած են հայկական պարի հիմքում, որի մեջ նաև մարմնի միջոցով հոգին առ Աստված տանելու խորհուրդ կա, քանի որ մեր նախնիների հավատալիքներով երկնքում ապրում էին հայոց աստվածները, իսկ գետնի տակ՝ չար ոգիները, որոնց էլ հարվածում էին ոտքի շարժումներով, ինչն ուներ նաև մեր կենցաղից, մեր կյանքից չարը վանելու միտում: Այս տեսանկյունից մարդը հանդիպում է պարին հենց առաջին իսկ էմոցիոնալ շարժման ժամանակ:

Պարը մարդկանց ինչ-որ բան փոխանցելու միջոց է: Եթե հանդգնում ես բեմ բարձրանալ, ուրեմն ասելիք ունես: Ինձ համար բեմը խորան է, և յուրաքանչյուր ոք, որ չունի առաքյալի սիրտ և չունի ասելիք, չպիտի բարձրանա խորան, չպիտի բարձրանա բեմ, որովհետև նման մարդիկ ուղղակի պղծում են բեմը, խորանը: Եթե բարձրանում ես խորան, բարձրանում ես բեմ, նշանակում է՝ լցվել ես հորդելու աստիճան: Ինչ վերաբերում է մեր ազգային պարին, այն մեզ հայ լինելու հպարտությունը վերադարձնելու եզակի միջոց է՝ կարճ ժամանակահատվածում դարձնելով առավել ինքնաճանաչ և անխոցելի:

- Մեր այս խառնակ օրերում ի՞նչ խնդիր ունի լուծելու ազգային պարը, և արդյոք կարո՞ղ է հաղթահարել ծառացած խնդիրները: Որո՞նք են հայկական պարի առանձնահատկությունները:

- Խորհրդային Միության առաջին ժամանակահատվածում ազգային պարը հետապնդվել է, որովհետև այն արժանապատվություն և ըմբոստություն է ներարկում մարդու մեջ: Ազգային ոգով ուղղորդվողը կառավարելի չէ: Մեր պարարվեստն առնվազն մի քանի հազար տարվա պատմություն ունի, այնպես որ պարը կդիմանա այս արհավիրքներին, այլ խնդիր է՝ մենք կդիմանա՞նք, թե՞ ոչ:

Գագիկ Գինոսյան

Ինչ վերաբերում է առանձնահատկություններին, մեկ նախադասությամբ դժվար է ամփոփել: Պարզապես հայ ազգային պարն ունի մի հստակ գիծ՝ կերտում է կատարյալ, հզոր կերպարներ՝ ինքնամաքրվելու կարողությամբ: Նաև մեր պարերը սեփական արժանապատվությունը պաշտպանելու (ոչ թե ագրեսիվ) ուժ են սերմանում: Պարը մարմնի լեզու է և էմոցիոնալ մեծ դաշտ է ստեղծում: Դեռևս հին ժամանակներից հայերը պարել են փակ շրջանով, որովհետև այդ դեպքում է միայն լիարժեք առաջանում համընդհանուր հոգևոր դաշտ, որից սնվում են բոլորը, դա դարձնում է մարդկանց միանման մտածող, նույն հույզին պատկանող: Փակ շրջանով պարող մարդիկ ինչ-որ էներգիա են արտադրում, որը հավասարաչափ վերադառնում է բոլորին՝ դարձնելով համաձույլ, զերծ պահելով պառակտումից, ինչն այսօր հաճախ տեսնում ենք մեր ազգի մեջ, որովհետև համախմբող ոչինչ չունենք: Այս տեսանկյունից անելիքները շատ-շատ են:

- Պարո՛ն Գինոսյան, ազգային պարի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեն մեր երիտասարդները: Գո՞հ եք նրանցից:

- Երիտասարդությունն իր ծնողների, հասարակության, հեռուստատեսության, կրթական համակարգի ծնունդ է: Շատ դեպքերում, փնովելով երիտասարդությանը, ինքներս մեզ ենք փնովում: Մենք անհավասար պատերազմի մեջ ենք, որտեղ հոգևոր դաշտը, ազգն ապականող մշակույթը 20-ից ավելի հեռուստաընկերություններում խեղվում է, իսկ տարբեր ոլորտներում իրենց գործին գիտակ մարդիկ (Սամվել Կարապետյան, Դանիել Երաժիշտ և այլն) չունեն լրատվական որևէ լծակ, ինչը դժվարացնում է նոր սերունդ կերտելու առաքելությունը: Ընդհանուր առմամբ, ծայրահեղությունները հաշվի չառած, բավականին ուշիմ և կյանքի մարտահրավերներն ընդունող երիտասարդություն ունենք:

- Ի՞նչն է այսօր իրարից շատ տարբեր երիտասարդներին միավորում ազգային պարի շուրջ:

- Երիտասարդները շատ տարբեր ազդեցություններ են կրում իրենց վրա, սակայն շատ, հաճախ հանդիպելով ազգային մշակույթին, միանգամից կերպավորվում են հոգեպես: Չպետք է մարդուն ասել՝ հայրենասեր եղիր: Երբեմն շատերը դա բառացի են հասկանում: Ո́չ: Հենց միայն ազգային պարեր սովորեցնելու միջոցով մարդը կարող է գալ իր ազգային ինքնությանը, հասկանալ մշակույթի զորեղ կողմերը: Սա էլ դաստիարակության մի ձև է: Մենք պետք է ոչ ամբիցիոզ, ոչ պաթետիկ դարձվածքներով, այլ գործնականում մարդուն բերենք հայրենասիրության:

- Պարոն Գինոսյան, Դուք ղեկավարում եք «Կարին» երգի-պարի խումբը: Ո՞րն է Ձեր գործունեության հիմքը: Նաև արդեն երկար տարիներ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադ համալիրում և «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացնում եք ազգային պարերը՝ համախմբելով հարյուրավոր երիտասարդների: Ինչպե՞ս ծնվեց միտքը, ի՞նչ եք հասկացել այս տարիների ընթացքում:

- Ես արձակ բանաստեղծություններ եմ գրում, աֆորիզմներ, «Ողջույն, տղե́րք» խորագրով գիրք ունեմ, որտեղ նոթեր են պատերազմի, իմ զոհված հրամանատարների, մեր ջոկատի, իմ ընկերների մասին: Եվ այս տարիների ընթացքում ինչով էլ որ զբաղվել եմ, տողատակում անպայման եղել է նույն միտումը՝ ազգային ինքնություն, ազգային արժանապատվություն, հայրենատիրություն: «Կարինը» հիմնվել է 2001-ին: Ի սկզբանե այն չի ստեղծվել բեմ բարձրանալու համար: Հիմնական նպատակը եղել է մեծերից սովորածը, ներսում կուտակվածը հաջորդ սերնդին փոխանցելը: Ես եղել եմ Հայրիկ Մուրադյանի սանը: Երբ եղավ «Կարինի» առաջին համերգը ստեղծումից մոտ երեք տարի անց, մարդկանց արձագանքներն ավելի քան զարմացնող էին: Իսկ մենահամերգից հետո նրանց հետաքրքրությունն ավելի մեծացավ: Այդ ժամանակ էլ հենց՝ 13 տարի առաջ, որոշեցինք հանդիպումներ կազմակերպել «Նարեկացի» արվեստի միությունում (ապահովում էր տարածքը և սարքավորումները) ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը` բոլոր ցանկացողներին ազգային պարեր սովորեցնելու համար: Տարիների ընթացքում մարդկանց թիվն այնքան ավելացավ, որ արդեն 7 տարի է, ինչ «Նարեկացի»-ում դասերն անցկացվում են ձմռանը, իսկ մնացած ամիսներին տեղափոխվում ենք Կասկադ համալիր: Այս հանդիպումները շատ ոգևորիչ են երիտասարդների, նաև արտասահմանցիների համար, որոնք զարմանում են՝ ինչպես կարող են այսքան մարդ միաժամանակ պարել:

- Վերջին տարիներին ազգային երգն ու պարը դասավանդվում է հայկական դպրոցներում որպես պարտադիր ուսուցման առարկա: Այդ քայլն ի՞նչ հաջողություններ է ունեցել:

- Ազգային երգ ու պար առարկան արդեն չորրորդ տարին է, որ կրթական համակարգ ենք մտցրել, և այն դասավանդվում է Հայաստանի 220 դպրոցներում: Հայկական մշակութային ժանրը պարերգային ժանրն է, և պարերգերը շատ ավելի են եղել մեզանում, քան պարերը կամ երգերն առանձին: Այդ սահմանազատումը մտցվել է խորհրդային տարիներին: Այդ պատճառով մենք խնդիր դրեցինք, որ երկուսը միասին լինեն: Ուսուցիչները փաստում են, որ այն երեխաները, որոնք ինչ-ինչ պատճառներով այնքան էլ խանդավառությամբ չեն մոտենում առարկային, մեկ անգամ Կասկադում հայտնվելուց, այդ հուզական հոգեվիճակը վերապրելուց հետո ամբողջությամբ փոխվում են և սկսում սիրով հաճախել դասերին:

Գագիկ Գինոսյան

- Ընդհանրապես պարարվեստի բնագավառում այսօր ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունենք:

- Հայաստանում ընդհանուր խառնաշփոթ է և́ քաղաքական դաշտում, և́ գիտական, և́ կրթական, և́ տնտեսական: Կեղծ պրոպագանդվող արժեքների պատճառով մարդիկ կորցնում են իրականը: Հաճախ տեսնում ենք արհեստականորեն թելադրվող քաղաքականություն, եղած լավն անպայման պախարակելու, որպես հետադիմություն ներկայացնելու միտում: Կան նաև ազգային պարը փնովողներ: Եվ ծիծաղելի է, որ նրանք հիմնականում սևամորթների՝ ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող պարատեսակները քարոզողներն են: Չեմ ուզում որևէ ազգի կամ ցեղի վիրավորել, բայց եթե անկիրթ, դեռևս կիսամերկ ապրող ցեղախմբերի պարերը դիտարկվում են որպես առաջընթաց, իսկ սեփական ազգային մշակույթը, որը հազարամյակների փորձություն է բռնել, որպես հետադիմություն, ապա ես պատրաստ եմ հետադեմ լինել: Չկա ժամանակակից մշակույթ հասկացություն, կա ժամանակավոր և հավերժի մշակույթ, որովհետև ժամանակակից ասվածը շատ հարաբերական է. ժամանակը արագ է փոխվում, և ժամանակակիցը դառնում է թափոն: Հիշենք՝ Միության փլուզումից հետո քանի˜ պարատեսակներ (հիփ-հոփ, ռեփ, լամբադա և այլն) եկան, կեղտոտեցին մարդկային հոգիները և անցան, իսկ ազգային մշակույթն անցյալ ու ներկա չունի, այն հավերժական է:

- Որքանո՞վ եք կարևորում Պարի միջազգային օրվա գոյությունը: Ինչպե՞ս է այն նշվում Հայաստանում:

- Մեկ տարի առաջ ես դարձա Պարի միջազգային խորհրդի անդամ: Այդ օրը հենց տվյալ կառույցի կողմից է ճանաչվել: Նմանատիպ տոն չունենալու պատճառով արդեն մի քանի տարի է՝ փորձում եմ Պարի միջազգային օրն ինչ-որ տոնախմբության վերածել՝ մարդկանց ևս մեկ անգամ ասելով, որ պարը հոգևոր հայելի է, և ինքնաճանաչ լինելու համար պետք է նայել այդ անաղարտ հայելու մեջ՝ հասկանալու, որ պարը ռիթմիկ մարմնամարզություն չէ, այլ հոգևոր-ազգային ասելիք և հույզ կրող մի հզոր շերտ:

- Պարո՛ն Գինոսյան, ի՞նչ կմաղթեք բոլոր պարասեր ընթերցողներին և ոչ միայն:

- Չեմ նախանձում պարել չսիրողներին: Ես պարի միջոցով մարդկանց բնութագրի մասին լիարժեք ինֆորմացիա կարող եմ տալ: Այն մարդը, որը սովորում է կատարելապես տիրապետել իր մարմնին և անել դա ռիթմին համապատասխան՝ ներդաշնակեցնելով հոգևոր ընկալման հետ, դառնում է զորեղ և անխոցելի: Ինքնաճանաչման եզրին հասած մարդուն հնարավոր է ոչնչացնել, բայց ոչ հաղթել: Ուստի պիտի բոլորին հորդորեմ զբաղվել պարով՝ փորձելով գտնել ինքներդ ձեզ:

Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: