Հայերեն   English   Русский  

​Պարը՝ ռիթմ, պարը՝ կյանք


  
դիտումներ: 4215

Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը:

Ի՞նչ նշանակություն ունի պարը մեր կյանքում ու ինչ է ընդհանրապես այն մեզ տալիս:

Պարը ցանկացած տարիքի համար լավ մարզավիճակում լինելու միջոց է: Այդ զբաղմունքը, օգտակար լինելուց զատ, հաճելի է:

Պաշտպանում է սիրտը

Պարը գերազանց զբաղմունք է նրանց համար, ովքեր սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի ենթակա են: Իտալացիների կատարած հետազոտության համաձայն՝ սրտային անբավարարություն ունեցողները, զբաղվելով պարով՝ ֆիզիկական մարզման այդ տեսակով, նպաստում են այդ կերպ սրտի առողջացմանն ու շնչառության կարգավորմանը:

Օգնում է նիհարել

Նորություն չէ, որ պարն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Journal of Physiological Anthropology հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն՝ աէրոբիկան, որ պարային շարժումների վրա է հիմնված, նույնքան արդյունավետ է քաշից ազատվելու խնդրում, որքան հեծանվասպորտն ու վազքը:

Էներգիա է տալիս

Եթե զգում եք, որ էներգիան չի բավարարում, ապա պարերը կօգնեն լիցքավորվելու էներգիայով: Մեկ այլ գիտական հետազոտության համաձայն՝ ամենօրյա պարային զբաղմունքը ոչ միայն ֆիզիկական վիճակն է բարելավում, այլև մեծահասակներին է էներգիայով զինում:

Ավելի ճկուն, դիմացկուն և ուժեղ

Պարի դասերը հիմնականում սկսվում են մարզումներից, որոնց նպատակն է բոլոր մկանային խմբերի ակտիվացումը: Իսկ շատ պարային ժանրերում ցատկեր են կատարվում, որոնց շնորհիվ հատկապես ուժեղանում են ոտքի մկանները:

Պարը ֆիզիկական մարզում է, որն ավելի համբերատար է դարձնում. մարզումից մարզում օրգանիզմն ավելի դիմացկուն է դառնում, աստիճանաբար մեծ ծանրաբեռնությունների վարժվում:

Երջանիկ է դարձնում: Պարը մի գործողություն է, որը յուրաքանչյուր մարդ պարզապես վայելում է: Պարողների դեմքին ասես միշտ լայն ժպիտ է դրոշմված: Պարելիս ժպտալն ու ծիծաղելը լրիվ բնական է, քանի որ այդ զբաղմունքը հնարավորություն է տալիս վայելելու կյանքն ու ինքդ քեզ:

Ի տարբերություն մյուս ֆիզիկական մարզատեսակների, պարով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում, սահմանափակումներ չկան:

Պար՝ սթրեսի ու ընկճախտի դեմ

Ապացուցված է , որ պարի միջոցով հնարավոր է կանխել ընկճախտն (դեպրեսիա) ու ավելի ինքնավստահ դառնալ: Այսօր ընկճախտը դեռահասների շրջանում ավելի ու ավելի լայն տարածում ունի, իսկ վերջերս հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ պարային շարժումներ ընդգրկող թերապիան ոչ միայն օգնում է ազատվելու դեպրեսիայից, այլև պայքարելու սթրեսի դեմ, քանի որ այն կարգավորում է օրգանիզմում սերոտոնինի ու դոփամինի մակարդակը: Քանի որ պարը նաև սոցիալական գործողություն է, օգնում է ազատվելու միայնակության զգացումից, որից հիմնականում հաճախ տառապում են մեծահասակները:

Բարձրացնում է ինքնագնահատականը

Օգնում է ինքնավստահ լինել. ամեն անգամ, երբ նոր պարային շարժում ես սովորում, ավելանում է վստահությունը, իսկ տրամադրությունը բարձրանում է: Ու այդ ինքնավստահությունը տարածվում է կյանքի բոլոր ոլորտների վրա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական ամուր կապերն ու ընկերների հետ շփումը օգնում են բարձրացնելու ինքնագնահատականը, կյանքի հանդեպ դրական վերաբերմունք է ձևավորվում: Պարի օգնությամբ բազում ընկերներ ես ձեռք բերում: Ուստի կարելի է այսօր ևեթ որևէ պարային խմբակի անդամագրվել:

Բարելավում է հիշողությունը

Հետազոտության համաձայն՝ պարերը կարող են բարելավել հիշողությունն ու կանխել ծերունական տկարամտությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ աէրոբիկայով զբաղմունքը կանխում է հիպոկամպի ծավալի կրճատումը, իսկ դա ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է հիշողության համար: Հիպոկամպը բնականորեն փոքրանում է մեծանալուն զուգընթաց, ու դա հաճախ հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների, երբեմն էլ՝ տկարամտության:

Ալցհեյմերի հիվանդության դեմ

Տարեցների շրջանում անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ պարերը հաճախ օգնում են խուսափելու Ալցհեյմերի հիվանդությունից: Բացի այդ, ապացույցներ կան, որ արդեն այդ ախտով տառապողների մոտ պարերի օգնությամբ հնարավոր է վերականգնել հիշողությունը, երբ հատկապես հիվանդը պարում է իրեն նախկինում լավ ծանոթ երաժշտության ներքո:

Ավելի խելացի է դարձնում

Դարեր շարունակ պարերի օգուտների մասին է խոսվում: Այսօր ապացուցված է նաև ուղեղի համար պարի դրական նշանակությունը: Խելացի մարդու հիմնական որակ է համարվում որոշումներ կայացնելու ունակությունը: Իսկ այդ հմտությունը զարգացնելու գերազանց միջոց է այն զբաղմունքը, որը պահանջում է անընդհատ արագ (վայրկյանների ընթացքում) որոշում կայացնելը: Դրա համար, ասում են, բավական է պարային շարժումներ յուրացնելը՝ մտապահելով դրանց հերթականությունը:

Իհարկե, ընդհանուր առմամբ, նույն նպատակին օգնում է ցանկացած նոր բանի ուսումնասիրությունը. դա կարող է լինել ցանկացած նոր հմտություն: Սակայն պարերը խթանում են ուղեղը, հարկադրում նոր լուծումներ գտնել, իսկ դրա համար շահեկան են բարդ պարերը, քանի որ նոր նեյրոնային կապեր են ստեղծում:

Երաժշտությունը

Պարային բազմաթիվ ոճեր գոյություն ունեն. ջազ, սալսա, մերենգե, բաչատա, հիփ-հոփ ևն, բոլորն էլ տարբեր ռիթմեր են ենթադրում: Եվ յուրաքանչյուր ոճ յուրովի է օգտակար, յուրաքանչյուրն էլ առողջ ապրելակերպի գրավական կարելի է համարել: Ուրեմն պետք է պարզապես գտնել քոնը, այն երաժշտությունը, որն ավելի համահունչ է զգայականի հետ, ու պարապել կանոնավոր կերպով, որ այդ հաճելի զբաղմունքը նաև օգուտ տա:

Պարերի ազդեցությունն ուղեղի վրա հետաքրքրում է գիտնականներին տարիներ շարունակ: ԱՄՆ-ի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մասնագետների հետազոտության համաձայն՝ պարերով զբաղվող տարեցների մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունն էականորեն նվազ է խաչբառեր լուծողների ու անգամ շատ կարդացողների համեմատ:

Շատ երկրներում պարային թերապիան հաջողությամբ կիրառվում է ուղեղի հիվանդությունների բուժման նպատակով, քանի որ պարի ժամանակ ուղեղում միանգամից մի քանի օջախ է ակտիվանում. տարածական կողմնորոշումը, շարժումների ուժն ու էմոցիոնալ վիճակը միահյուսվում են: Պարը միավորում է երաժշտությունը, շարժումը, զգացմունքն ու միտքը: Այսինքն՝ ներգրավված են գրեթե բոլոր զգայական կետերը, մասնավորապես՝ տեսողական, լսողական, կինեստետիկ: Երաժշտությունը խթանում է հաճույքի կենտրոնը, ավելացնում է սերոտոնինը ուղեղում, իսկ պարը՝ սենսորային ու շարժողական պրոցեսները: Նման մշտական ծանրաբեռնվածության ազդեցությամբ ուղեղը ավելի լավ է սկսում աշխատել, զարգացնել ունակությունները, ամրապնդել հիշողությունը: Հետազոտողների խոսքով՝ պարերը նաև մտավոր աշխատանք են ներառում:

Պարն արվեստ է, հետևաբար պարով զբաղվողների ստեղծարար ունակություններն են զարգանում:

Պարերը ֆիզիկական մարզումների գերազանց վարժություններ են ամեն տարիքի մարդկանց համար, այսինքն՝ պարել կարող են բոլորը՝ սկսած 2 տարեկանից մինչև 102 տարեկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: