Հայերեն   English   Русский  

​Ինչպես գիտական արդյունքները նյութականացնել՝ հիմնելով սեփական բիզնեսը


  
դիտումներ: 10651

Մոտիվացնող թրեյնինգներում, գրականության մեջ հաճախ ենք հանդիպում այն մտքին, որ ավելի լավ է կարդալ մեկ գիրք ու դրանից ստացված գիտելիքները կիրառել կյանքում, քան կարդալ հազար գիրք, բայց չկիրառել գեթ մեկից ստացված գիտելիքները:

Հայաստանում գործում է մի բիզնես, որը նախաձեռնել է երիտասարդ գիտնականը: Խոսքը «Համշեն Տուրի» մասին է, որի հիմնադիրը թուրքագետ Գևորգ Պետրոսյանն է: Այս ընկերությունն ուխտագնացություն, էքսկուրսիաներ է կազմակերպում դեպի ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձաններ, պատմական վայրեր: Սեփական բիզնեսը սկսելու որոշումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Ինչպես «Անկախին» պատմեց «Համշեն Տուրի» հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, ինքը, լինելով թուրքագետ, բայց միևնույն ժամանակ հետաքրքրված լինելով ճանապարհորդություններով, նախկինում էլ տարբեր տուրիստական կազմակերպությունների հետ աշխատել էր՝ մատուցելով գիդի ծառայություններ: Բայց 2015 թ. Թուրքիայում առաջացան նոր իրողություններ, բավական լարված իրավիճակ, ինչի հետևանքով այդ ուղղությամբ զբոսաշրջային հետաքրքրվածությունը կտրուկ անկում ապրեց: Ու հենց այդ ժամանակ էլ Գևորգ Պետրոսյանը որոշեց ստեղծել դեպի Թուրքիա ուղևորությունների նոր ուղղություներ՝ ավելի անվտանգ ու ապահով:

«Ես որոշեցի ստեղծել նոր ուղղություն, որն այդ ժամանակահատվածի՝ 2015 թվականի Թուրքիայի համար ավելի անվտանգ էր: Այսինքն՝ դեպի Համշեն, որը քրդական շրջաններից դուրս էր, ավելի ապահով ու անվտանգ: Ի դեպ, մեր կազմակերպության անունն էլ հենց «Համշեն Տուր» դրվեց: Հետագայում, երբ Թուրքիայում իրավիճակը սկսեց հանդարտվել, սկսեցինք նաև դեպի դասական համարվող Արևմտյան Հայաստան էլ գնալ, որն ամենից մեծ հետաքրքրությունն էր առաջացնում: Մեր գործունեությունը բացարձակապես պատմա-մշակութային տուրիզմն էր, որն ուղղված էր հիմնականում ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական ժառանգությանը ծանոթանալուն, ինչը մենք կոչում ենք Արևմտյան Հայաստան, սակայն այն մի քիչ ավելի լայն հասկացություն է և ներառում է ոչ միայն մեր պատկերացրած դասական տարածքները՝ Արևմտյան Հայաստանը, այլև Կիլիկիան, Ստամբուլը, Համշենը՝ իրենց հայկական ժառանգությամբ: Բայց մեր գործունեությունը, բացի մարդկանց զուտ այդ ժառանգությանը ծանոթացնելուց, ևս մի քանի խնդիր էր լուծում: Իմ փորձից համոզվել էի, որ որոշ հուշարձանների նկատմամբ թուրքական պետության ու տեղացիների ուշադրությունը մեծանում է, սկսում էին հետևել այդ հուշարձաններին, այդ ժառանգությանը: Բացի այդ, այնտեղ կան բազմաթիվ հայ բնակիչներ՝ և՛ բացահայտ, և՛, ինչպես սիրում ենք ասել, ծպտյալ հայեր, որոնք նաև շփումներ էին հաստատում մեզ հետ եկողների հետ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նա ընդգծեց նաև, որ իրենց աշխատանքի կարևորագույն մասը, ընկերության հիմքը գիդերն են, որոնք բացառապես թուրքագետ են, ընդ որում, կան հանրությանն ավելի հայտնի մասնագետներ, այդ թվում՝ Հայկ Գաբրիելյանը, Մխիթար Հայրապետյանը, նոր մարդիկ կան, բայց բոլորը մասնագիտությամբ թուրքագետ են: Ըստ նրա՝ սա կարևոր էր իրենց՝ որպես տուրօպերատորի, աշխատանքի ամբողջ ցիկլն ապահովելու համար. անվտանգություն, հարմարավետություն, կոմունիկացիա և այլն: «Համշեն Տուրի» գործը հիմնված է որակյալ թուրքագետների աշխատանքի վրա:

Այսպես 2016 թվականից սկսեց գործել «Համշեն Տուրը»: Հիմնադիրն իր գործունեության շեշտը դրեց թիմի ներկայացուցիչների վրա: Հիմնադիր Գևորգ Պետրոսյանը, օրինակ, հաճախ է հեռուստատեսությամբ, հոդվածներով ու հրապարակումներով հանդես գալիս, հաճախ է հարցազրույցներ տալիս, փաստորեն, որպես թուրքագետ, որոշակի հանրային իմիջ ունի, ինչպես և ընկերության մյուս գիդերը, ինչը «Համշեն Տուրի» գործունեության սկզբնական շրջանի հաղթաթուղթն էր:

Ներկայումս «Համշեն Տուրի» հետ համագործակցող գիդերը 5 հոգի են, աշխատանքներում ընդգրկված են նաև հիմնադիր Գևորգ Պետրոսյանն ու մենեջերի գործառույթներ կատարող մեկ աշխատակից, մնացած ծառայությունները պատվիրվում են: Իսկ գիդերն էլ «Համշեն Տուրի» հետ համագործակցում են՝ ունենալով այլ աշխատանք ըստ իրենց հիմնական մասնագիտության՝ թուրքագիտության: Սկզբնական փուլում ընկերությունը շաբաթական մոտ մեկ խումբ էր կարողանում տանել Թուրքիայի տարածք՝ հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու: Իսկ հիմա տուրիստական սեզոնին լինում է այնպես, որ միաժամանակ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվում են 4-5 խմբեր:

Ուշագրավ է, որ այս բիզնեսը հիմնել է երիտասարդ գիտնականը, և հետաքրքիր է նաև հասկանալ՝ բիզնեսը չի՞ խանգարում գիտական գործունեությանը, կամ հակառակը:

«Այս դեպքում դժվար չէ գիտություն-բիզնես համադրությունը, քանի որ ոլորտները հնարավորինս իրար մոտ են և նույնիսկ լրացնում են իրար: Ես ինձ համարում եմ գիտնական, բայց նաև ցանկանում եմ լավ ապրել. շատ պարզ մարդկային ցանկություն է: Ուզում եմ լավ ապրել, ուզում եմ՝ իմ ընտանիքի սոցիալական վիճակը բարվոք լինի, իսկ գիտությամբ այդ ամենին հասնելը, նոր բան չեմ ասելու, այսօրվա դրությամբ շատ ավելի բարդ է: Եվ երկրորդ՝ սա և՛ գումար աշխատելու, և՛ մասնագիտական խնդիրներ լուծելու տարբերակ էր, որովհետև, մեծ հաշվով, իմ ամեն մի այցը ինձ համար, որպես թուրքագետի, նաև դաշտային աշխատանք է: Այսինքն՝ ես փորձեցի գիտության ոլորտում իմ ստացած գիտելիքը, հաջողությունն ու անունը նաև նյութականացնել: Ամենապարզ ցանկությունը, որ ստիպեց բիզնես-գործունեություն ծավալել, գումար աշխատելն էր, իսկ այն գումարը, որ ստանում եմ այս գործունեությամբ, և այն հեռանկարները, որ կարող են բացվել, գիտությունում չէր լինի: Իհարկե ես շարունակում եմ զբաղվել գիտությամբ, փորձել եմ այնպիսի ոլորտ, գործունեության այնպիսի ձև ընտրել, որով իմ կյանքի երկու կարևոր մղումները՝ ապահովված ապրելը և սիրած գիտությամբ զբաղվելը, հնարավոր լինի զուգորդել, համատեղել: Ու իմ գործունեությունից ստացված ֆինանսական, նյութական հաջողությունները նաև փոխանցում եմ գիտական աշխատանքին: Այսինքն՝ իմ ուսումնասիրությունների, աշխատանքների համար, որոնք պետք է ինչ-որ ֆինանսավորում ունենային, ինքս այդ ֆինանսավորման հարցերը հոգում եմ: Մյուս կողմից՝ գիտական ասպարեզում իմ ստացած յուրաքանչյուր նոր գիտելիք ու փորձ նաև կիրառում եմ բիզնեսում»,- նշում է նա:

Համենայն դեպս, լուրջ նյութական ռեսուրսներ ու ներդրումներ չեն էլ պահանջվել. ֆեյսբուքյան գովազդների համար որոշակի փոքր գումար ու անդադար աշխատանք՝ սեփական փորձի ու գիտելիքների ներդրում, ժամանակի ու ջանքերի գերլարում: Գործունեության սկզբնական ժամանակահատվածում «Համշեն Տուրի» այսպես ասած՝ «ամեն ինչը» Գևորգ Պետրոսյանն էր՝ և՛ հիմնադիրը, և՛ ղեկավարը, և՛ մենեջերը, և՛ գիդը, և՛ բանվորը, ամեն ինչ մենակ էր անում:

«Ես սա սկսել եմ բացառապես միայնակ, կարելի է ասել՝ որպես «մարդ-ընկերություն», բայց հաջողվեց: Դա, կրկնում եմ, հիմնականում պայմանավորված էր նրանով, որ ինձ ճանաչում էին, սկզբում խմբերը ինձ ճանաչելով ինձ հետ մեկնեցին Թուրքիա»: Ու հենց առաջին խմբերից ստացված գումարները նորից ներդրվում էին ավելի ինստիտուցիոնալ դառնալու համար: Ամեն մի նոր տուրը նշանակում է նոր ներդրում «Համշեն Տուրում», ու այսպես «Համշեն Տուրը» քայլ առ քայլ «մարդ-ընկերությունից» վերածվեց ավելի դասական սխեմայով գործող ընկերության: Ապագայում նախատեսվում է այլ ուղղություններ ևս բացել, ավելի ընդլայնվել: Իսկ բիզնեսի հետագա զարգացումը, վստահ է Գևորգ Պետրոսյանը, իր համար ավելի շատ ազատ ժամանակ, միջոցներ ու հնարավորություններ կստեղծի գիտությամբ զբաղվելու համար:

«Համշեն Տուրը», որպես բիզնես, շատ առանձնահատկություններ ունի. այստեղ թե՛ ռիսկերն են ուրիշ, թե՛ էմոցիոնալ դաշտը: Այսինքն՝ մարդիկ մեկնում են վայրեր, ուր մենք պատմական հիշողություն ունենք, ընդ որում՝ խիստ ցավալի հիշողություն, այնտեղ շատ մեծ հուզականություն ու պատասխանատվություն կա: Մյուս կողմից՝ «Համշեն Տուրն» աշխատում է մի երկրում, որի հետ մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ չունի: Եվ այս ամենը «Համշեն Տուրի» աշխատանքները շատ ավելի առանձնահատուկ են դարձնում:

«Մեզնից պահանջվում է խոսքի մեջ մաքսիմալ զգույշ ու նուրբ լինել, պետք է աշխատել շատ ավելի մեծ պատասխանատվությամբ, ավելի երկար մտածելով, որովհետև սա շատ էմոցիաների վրա է հիմնված, ու պետք է կարողանալ այդ էմոցիաների «տակից դուրս գալ»: Բայց երբ դա հաջողվում է, արդեն նյութականից վեր հոգևոր, հոգեբանական հաճույքն անգնահատելի է: Մենք զբոսաշրջային խմբի յուրաքանչյուր անդամի փորձում ենք տալ նաև որոշակի ինֆորմացիա՝ գիտելիք, ինչը նույնպես շատ կարևոր է: Պետք է լինես օբյեկտիվ, չընկնես զգայական դաշտ: Մենք սրան հասել ենք պատասխանատվության, նրբանկատության ու անհատական աշխատանքի շնորհիվ»,- նշում է «Համշեն Տուրի» հիմնադիրը:

Նա, ինչպես խոստովանեց, հանուն բիզնեսի զոհել է իր ժամանակն ու էներգիան: Բայց սա այն գործն է, որով կարելի է և՛ գումար վաստակել, և՛ հոգեկան բավարարություն ստանալ՝ աշխատելով մասնագիտությամբ: «Դրանից ավելի հաճելի բան դժվար է պատկերացնել: Իսկ մնացած բարդությունները, որոնք կան՝ գերծանրաբեռնվածություն, լարվածություն, ջանքեր, փոխհատուցվում են հենց այդ դրական էներգիայով, ինչն էլ մեր հաջողության հիմնական գրավականն եմ համարում»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: