Հայերեն   English   Русский  

ՀՀ նոր վարչապետը պետք է հրաժարվի մադրիդյան սկզբունքներից. Արթուր Թովմասյան


  
դիտումներ: 606

Հայաստանի այսօրվա ներքին անկայունությունը իր ազդեցությունը թողնում է առաջնագծի վրա. դա բերում է հակառակորդի ոգևորությանը:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Նա շեշտեց, որ կայուն Հայաստան և հզոր Սփյուռք ունենալով` պատերազմի վերսկսման պարագայում, պաշտպանության բանակը ի վիճակի կլինի շատ կարճ ժամանակամիջոցում կասեցնել հակառակորդի գրոհը և այն տեղափոխել վերջինիս տարածք:

Ա. Թովմասյանը գտնում է, որ այս օրերին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ակնկալիքներ ունի Հայաստանի նոր վարչապետից ` բանակցային գործընթացում սպասելով համեմատաբար մեղմ դիրքորոշման:

«Կարծում եմ, որ նոր վարչապետը նախ պետք է ծանոթանա ամբողջ բանակցային գործընթացի պատմությանը, ինչը ժամանակ է պահանջում: Բացի այդ պետք է հրաժարվի նաև բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքներից»,- նկատեց պատգամավորը:

Ա. Թովմասյանի կարծիքով` նոր վարչապետը կարող է հենց սկզբից հայտարարել, որ բանակցային ձևաչափը թերի է, քանի որ Արցախի իշխանությունները չեն մասնակցում, և նշել, որ լիազորված չէ բանակցելու Արցախի ժողովրդի անունից:

«Կարծում եմ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ևս գիտակցում են, որ այն հիմնարար փաստաթուղթը, որը կստորագրվի առանց Արցախի իշխանությունների մասնակցության, չի կարող իրագործվել»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Հայաստանի ներքին անկայունությանը` Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարը նշեց, որ չեն խառնվում Հայաստանի ներքին գործերին:

«Հայաստանի քաղաքական լիդերները պետք է մայիսի 1-ին իմաստուն որոշում կայացնեն և այդ որոշումը, որ կընդունվի ՀՀ խորհրդարանում, մենք կողջունենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այս օրերին Արցախի նախագահի Երևանում գտնվելուն, Ա. Թովմասյանը նշեց, որ վերջինս, լինելով էությամբ խաղաղարար, մտահոգված է ոչ միայն Արցախի, այլև համայն հայության ճակատագրով. «Արցախի նախագահը կապի մեջ է պաշտպանության նախարարի հետ և վերահսկում է իրավիճակը առաջնագծում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: