Հայերեն   English   Русский  

​Թավշա հեղափոխությունները վերջին 30 տարիներին


  
դիտումներ: 2425

Հեղափոխություն եզրույթը սահմանվում է որպես հիմնաքարային փոփոխություն հասարակական կյանքի որևէ ոլորտում կամ կազմակերպական կառուցվածքում, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում:

Քաղաքական հեղափոխության պարագայում Արիստոտելը երկու ձև է առանձնացնում` ամբողջական անցում նոր սահմանադրության կամ գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում:

XX դարավերջի և XXI դարի հեղափոխությունները՝ ուղղված իշխանափոխությանը, հավաքական կերպով կոչվում են գունավոր կամ թավշյա հեղափոխություն: Այսպիսի հեղափոխությունները խաղաղ բնույթ ունեն, սակայն միշտ չէ, որ խաղաղ ընթացք են ունենում:

Ստորև կներկայացնենք դրվագներ վերջին 30 տարիներին տեղի ունեցած ու հետագա դրական կամ բացասական զարգացումներով աչքի ընկած մի քանի հեղափոխություններից:

1989 թվական. թավշյա հեղափոխությունը Չեխոսլովակիայում

Չեխոսլովակիայում բարեփոխումների կողմնակիցները հաջողությամբ օգտագործում են վերակառուցման ընձեռած հնարավորությունները: Թավշյա հեղափոխության նախաբան է դառնում իշխանությունների կողմից արտոնված ուսանողական ցույցը 1989-ի նոյեմբերի 17-ին: Ցույցն ավարտվում է ոստիկանության հետ բախումներով և զանգվածային ձերբակալություններով: Տեղի ունեցածին հանրության արձագանքը չի սպասեցնում. ողջ երկրում բողոքի ցույցեր են բռնկվում: Չեխիայի և Սլովակիայի տարածքում քաղաքացիական շարժումներ են ձևավորվում, որոնք և համակարգում են բողոքի գործողությունները:

Այդ օրերին շատերը մտավախություն ունեին, որ ԽՍՀՄ-ը կարող է զորքեր մտցնել Չեխոսլովակիա, ինչպես 1968-ին: Բարեբախտաբար նման բան տեղի չունեցավ: Բողոքի գործողությունների գագաթնակետը դարձավ բազմահազարանոց ցույցը Պրահայում, որի հետևանքով կոմունիստները խաղաղ կերպով հանձնեցին իշխանությունը: 1989-ի վերջին ձևավորվում է առաջին ոչ կոմունիստական կառավարությունը Չեխոսլովակիայում: Սոցիալիստական հանրապետությունը դառնում է ֆեդերատիվ հանրապետություն: Իսկ 1993-ի հունվարի 1-ից Չեխոսլովակիայի ֆեդերատիվ հանրապետությունը կազմալուծվում է: Երկրի երկու իրավահաջորդներն էին Չեխիայի Հանրապետությունը և Սլովակիայի Հանրապետությունը:

Հեղափոխության խորհրդանիշ Վացլավ Հավելը դարձավ Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը: Չեխիան նեկայումս ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ է:

2000 թվական. բուլդոզերային հեղափոխություն Հարավսլավիայում

2000 թ. հոկտեմբերին Հարավսլավիայում, որի կազմում էին այն ժամանակ Սերբիան և Մոնտենեգրոն, տեղի ունեցավ հեղափոխություն, որը պատմությանը հայտնի է որպես բուլդոզերային հեղափոխություն: Գրեթե անարյուն հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացվեց Սլոբոդան Միլոշևիչը, որը կարճ ժամանակ անց ձերբակալվեց և հանձնվեց Հաագայի դատարանին մարդկության դեմ իրականացրած ոճիրների համար: Նրա դատավարությունը, սակայն, այդպես էլ ավարտին չհասավ, 2006 թվականին նա մահացավ:

Հեղափոխության հիմքը դարձավ երկրի բնակիչների համբերության սպառումը, նրանք հոգնել էին Միլոշևիչի երկարատև ու անհաջող կառավարումից: Միլոշևիչի ռեժիմի օրոք երկիրը կործանման եզրին էր հասել. քաղաքակիրթ աշխարհի կողմից կիրառվող պատժամիջոցներն ու էմբարգոները, ոչ վաղ անցյալի ռազմական գործողությունները երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ էին ստեղծել:

Հեղափոխության սկիզբը համարվում է 2000 թ. սեպտեմբերի 24-ը, երբ հայտարարվեցին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Թեկնածուներից և ոչ մեկն ընտրվելու համար բավարար քանակի ձայներ չէր հավաքել, պետք է տեղի ունենային երկրորդ փուլի ընտրություններ: Պաշտոնական տվյալներով` Սլոբոդան Միլոշևիչը ստացել էր քվեների 45 տոկոսը, իսկ 19 կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված ընդդիմադիր թեկնածուն` Վոիսլավ Կոշտունիցան` 40 տոկոս: Ընդդմիության պնդումների համաձայն, սակայն, իրենց թեկնածուն ընտրություններում իրականում ստացել էր քվեների կեսից ավելին:

Նրա նախընտրական շտաբի ղեկավարը քաղաքացիներին փողոց դուրս գալու և համընդհանուր գործադուլ անելու կոչ է անում: Արդյունքում՝ մի քանի օր ողջ երկիրը համազգային գործադուլի մեջ էր: Հարյուր հազարավոր քաղաքացիներ Բելգրադում էին հավաքվել` վանկարկելով «վերջ նրան»` նկատի ունենալով երկրի ղեկավարին, որին մեղադրում էին հիպերինֆլյացիայի, նախկին հարավսլավական տարածքում սանձազերծված պատերազմներում պարտության համար:

Հոկտեմբերի 1-ին ցուցարարներին են միանում երկրի խոշորագույն ածուխի հանքի հանքափորները: Շարժման մեջ մեծ դեր ունեին նաև ուսանողները: Օր-օրի լարվող և կառավարումից դուրս եկող իրավիճակում Միլոշևիչը չեղյալ է հայտարարում ընտրությունների արդյունքները: Դա էլ դառնում է նրա վերջի սկիզբը: Հոկտեմբերի 5-ին ընդդիմադիրները նախագահին հրաժարականի վերջնաժամկետ են սահմանում: Միլոշևիչն այն չի ընդունում և որոշում է ցուցարարների դեմ կիրառել ոստիկանության ուժերը: Մի քանի բախումից հետո, սակայն, ուժային կառույցները հրաժարվում են նախագահի հրահանգները կատարելուց և չեզոքության պայմանավորվածություն են ձեռք բերում ցուցարարների հետ: Հարյուրհազարավոր ցուցարարները նախ ներխուժում են խորհրդարանի շենք, ապա հեռուստաաշտարակ: Այստեղ է, որ ցուցարարներից մեկն աչքի է ընկնում` բուլդոզերով ճեղքելով հեռուստաաշտարակի ցանկապատը: Նրան չեն կանգնեցնում անգամ իր ուղղությամբ արձակված կրակոցները: Շուտով հեռուստաաշտարակի շենքում բռնկված հրդեհի պատճառով երկրի բոլոր հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարում է: Պաշտոնական տվյալներով` հեղափոխության հետևանքով 2 մարդ է զոհվել, 30-ն էլ վիրավորվել են:

Շուտով ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ քվեների հաշվարկի ժամանակ սխալ է թույլ տրվել: Առաջին փուլում քվեների 50,2 տոկոսով հաղթող է հայտարարվում Կոշտունիցան: Ելույթ ունենալիս նա խոսք է տալիս, որ շուտով Սերբիան կազատվի իր դեմ կիրառվող պատժամիջոցներից և կդառնա Եվրոպայի մի մասը:

2012-ից Սերբիան բանակցություններ է վարում ԵՄ անդամակցության վերաբերյալ: Ակնկալվում է, որ մինչև 2025-ը Սերբիան ԵՄ անդամ կդառնա:

2003 թվական. վարդերի հեղափոխությունը Վրաստանում

թավշյա  հեղափոխություն

Վարդերի հեղափոխությունը Վրաստանում առաջինն էր ԽՍՀՄ նախկին տարածքում: Երկրի բնակչությունը դժգոհ էր տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, 1992-ից երկիրը ղեկավարող Էդուարդ Շևարնաձեի վարած քաղաքականությունից, կոռուպցիայից և այլն: Համբերության բաժակը լցվում է, երբ կեղծվում են 2003-ի խորհրդարանական ընտրությունները: Ընդդիմադիր շարժման առաջնորդներից Միխայիլ Սահակաշվիլին և Զուրաբ Ժվանիան, հիմնվելով սոցիոլոգիական հարցումների վրա, պնդում էին, որ իրենք են հաղթել: Սահակաշվիլին երկրի բնակչությանը փողոց դուրս գալու և իրենց քվեների համար պայքարելու կոչ է անում: Բազմահազարանոց ցույցերն օրեր են տևում, իսկ վերջին փուլում անգամ ուժային կառույցները հրաժարվում են կատարել նախագահի` ցուցարարների դեմ ուղղված հրահանգները: Նորակազմ խորհրդարանի նիստերի առաջին օրը Սահակաշվիլին և իր կողմնակիցները, վարդերը ձեռքներին, խորհրդարանի շենք են ներխուժում` ընդհատելով Շևարնաձեի ելույթը: Նախագահը հեռանում է խորհրդարանից, իսկ հաջորդ օրը հրաժարական տալիս: Տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթում է Սահակաշվիլին, իսկ նրա շարժման ներկայացուցիչները մեծամասնություն են ստանում խորհրդարանում:

Սահակաշվիլու կառավարման տարիները և դրանց տրվող գնահատականները հակասական են: Նա կարողանում է կենտրոնական իշխանություններին ենթարկեցնել Աջարիան, պայքար մղել կոռուպցիայի դեմ: Սակայն նրա ծավալած ռազմական գործողության հետևանքով Վրաստանը կորցնում է մինչ այդ ինքնավար կարգավիճակ ունեցող Հարավային Օսիան և Աբխազիան: Իսկ ռուս-վրացական հարաբերությունները մինչ օրս լարված են: 5-օրյա պատերազմի հետևանքով երկիրը նաև մեծ տնտեսական ու մարդկային կորուստներ է կրում: 2007-ին, տեղի տալով բողոքի ցույցերին, Սահակաշվիլին հրաժարական է տալիս: Սակայն տեղի ունեցած արտահերթ ընտրություններում նորից վերընտրվում է: Նա իշխանությունից ընտրությունների միջոցով հեռացվում է 2013-ին:

Սահակաշվիլին այժմ քաղաքացիություն չունեցող անձ է, Ուկրաինայից արտաքսվելուց հետո ապրում է Նիդեռլանդներում:

2004 և 2014 թվականներ. հեղափոխություններն Ուկրաինայում

թավշյա  հեղափոխություն

2004-ի նոյեմբերի 21-ին Ուկրաինայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներն ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին ճանաչել: Ընտրություններում միմյանց դեմ պայքարում էին ռուսամետ թեկնածու Վիկտոր Յանուկովիչը և արևմտամետ թեկնածու Վիկտոր Յուշչենկոն: Ընդդիմադիրները` դիմելով երկրի բնակչությանը, կոչ են անում փողոց դուրս գալ և տեր կանգնել իրենց քվեին: Ողջ երկրով մեկ բողոքի ցույցեր են ծավալվում: Օրեր շարունակ Կիևում ցույցերին մասնակցում էին 100-500 հազար քաղաքացիներ: Ցուցարարներն իրենց վրա նարնջագույն ինչ-որ իր էին կրում` որպես տարբերանշան: Իսկ նարնջագույնը Յուշչենկոյի նախընտրական քարոզարշավի գույնն էր: Այստեղից էլ հեղափոխության անվանումը:

Ցույցերի շնորհիվ նոյեմբերի 27-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները չեղարկվում են, և տեղի է ունենում ընտրությունների երրորդ փուլը, որի արդյունքում հաղթում է Յուշչենկոն: Ընտրությունների կազմակերպմանը զուգահեռ երկրի այն ժամանակվա նախագահ Լեոնիդ Կուչման նախաձեռնում է օրենսդրական փոփոխություններ, որոնք նախագահի իրավասությունների մի մասը հանձնում էին խորհրդարանին:

Յուշչենկոն, սակայն, ընտրվելուց հետո չարդարացրեց իր ընտրողների ակնկալիքները: 2010-ին ընտրությունների երկրորդ փուլում նախագահ ընտրվեց Վիկտոր Յանուկովիչը:

2013-ի նոյեմբերի 21-ին` նարնջագույն հեղափոխությունից գրեթե 10 տարի անց, Ուկրաինայում նորից հեղափոխական վիճակ է ստեղծվում: Պատճառը նույնն էր. ցուցարարները ցանկանում էին, որ իրենց երկիրը պրոեվրոպական քաղաքականություն վարի, ոչ թե պրոռուսական: Այս անգամ դժգոհության ալիքի պատճառ դարձավ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետաձգումը: Այս անգամ հեղափոխությունը ստանում է եվրամայդան անվանումը, իսկ բողոքի ակցիաները ամիսներ են տևում: Նոյեմբերի վերջին իշխանությունները բռնի ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ցույցերը հակաիշխանական և հականախագահական բնույթ են ստանում, դեկտեմբերին մի քանի անգամ զանգվածային բախումներ են տեղի ունենում ոստիկանության և ցուցարարների միջև: Բախումների հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվում: Արևմտյան ու ռուսական կողմնորոշում ունեցողների միջև ծագած քաղաքացիական պատերազմի հետևանքով Ղրիմում հանրաքվե է անցկացվում Ուկրաինայի կազմից դուրս գալու և ՌԴ կազմ մտնելու մասին: Դոնբասն էլ ինքնավարություն է հայտարարում: Դոնբասի շուրջ վեճը մինչ օրս լուծում չի ստացել:

թավշյա  հեղափոխություն

Հեղափոխության արդյունքում Յանուկովիչը զրկվում է իշխանությունից, իսկ Ուկրաինան ստորագրում է ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Սակայն Ուկրաինան թանկ գին վճարեց դրա համար: Ռազմական գործողությունների հետևանքով հատկապես մեծ կորուստներ է կրել Ուկրաինայի տնտեսությունը: 2014-ին երկրի ՀՆԱ-ն կրճատվեց 7,5 տոկոսով, իսկ երկրի ազգային արժույթը կրկնակի արժեզրկվեց, ներդրումների զգալի մասը դուրս բերվեց երկրից: ՄԱԿ-ի տվյալներով` 2014-ին ռազմական գործողությունների կենտրոնում գտնվող բնակավայրերին հասցվել է շուրջ 440 մլն դոլարի վնաս: Ըստ տվյալների` ստվերային տնտեսության մասնաբաժինը 2014-ին հասել է ռեկորդային 40 տոկոսի: Տնտեսական անկումը առավել մեծ տեմպով շարունակվեց 2015-ին, երբ երկրի ՀՆԱ-ն կրճատվեց ևս 9,9 տոկոսով: Իսկ գործազուրկների թիվը հասավ 5 միլիոնի (10 տոկոս):

2016-ին տնտեսական անկումը կասեցվեց և 2 տոկոս տնտեսական աճ գրանցվեց, նմանատիպ ցուցանիշներ գրանցվեցին նաև 2017-ին: 2018-ի համար կանխատեսվում է մոտ 3 տոկոս տնտեսական աճ:

2005 թվական. կակաչների հեղափոխությունը Ղրղըզստանում

2005-ին Ղրղըզստանում բողոքի ցույցերի հետևանքով պաշտոնաթող արվեց նախագահ Ասկար Ակաևը, իշխանության եկավ Կուրմանբեկ Բակիևը: Բողոքի ցույցերի պատճառը խորհրդարանական ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդները գնահատել էին ոչ արդար: Երկրի նախագահը, չկարողանալով հանդարտեցնել ծավալված անհնազանդության ցույցերը, ընտանիքի հետ լքեց երկիրը: Նախագահի հեռանալուց հետո ընդդիմության ներսում իշխանության համար պայքար սկսվեց, որում հաղթեց Բակիևը: Մինչ իշխանութան գալը Բակիևը նախորդ նախագահին մեղադրում էր ընտանիքի անդամներին երկրի որոշումների կայացման գործընթացում ներգրավելու և մամուլի ազատությունը ճնշելու համար: Իշխանության գալուց հետո, սակայն, նույն սխալներն ինքը թույլ տվեց: Այս անգամ արդեն տեղի ունեցավ ունեցվածքի վերաբաշխում Բակիևի թիմակիցների միջև: 2010 թ. Բակիևը իշխանությունից հեռացվեց զինված հեղաշրջման միջոցով:

Արաբական գարունը

թավշյա  հեղափոխություն

Առավել տխուր հետևանքներ են ունեցել «արաբական գարուն» հավաքական անունը կրող հեղափոխություններն արաբական երկրներում: 2010-ից սկսված գործընթացի հետևանքով հեղափոխություններ տեղի ունեցան Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, քաղաքացիական պատերազմ ծավալվեց Լիբիայում և Սիրիայում, զանգվածային ցույցեր տեղի ունեցան Բահրեյնում, Ալժիրում, Հորդանանում, Օմանում և այլ արաբական երկրներում: Բողոքի ցույցերի ընթացքում որպես հաղորդակցման և ինքնակազմակերպման միջոց էին ծառայում սոցիալական ցանցերը: Մյուս ընդհանրական կողմն այն էր, որ այս երկրներում ղեկավարներն իշխանության ղեկին էին արդեն տասնամյակներ շարունակ:

Թունիսում երկրորդ «հասմիկների» հեղափոխությունը տեղի ունեցավ 2010-2011 թթ.: 1987-ին նախորդ նախագահին հեղափոխությամբ իշխանազրկած և գահը ստանձնած Բեն Ալին իր կառավարման 23 տարիների ընթացքում այդպես էլ չկատարեց իր խոստումները: Նրա իշխանության տարիներին կոռուպցիան մեծ ծավալների հասավ: Եվ չնայած տնտեսական աճին՝ երկրում մեծ էր նաև գործազրկության մակարդակը, հատկապես՝ կրթված երիտասարդների: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հեղափոխությանը զոհ է դարձել 219 մարդ, վիրավորվել 510-ը: Այսուհանդերձ Թունիսը համարվում է արաբական գարնան արդյունքում շահած միակ երկիրը՝ համեմատաբար ժողովրդավարական իշխանություններ ունի:

Նույնը չի կարելի ասել Եգիպտոսի, Եմենի և Լիբիայի մասին, որոնք այդպես էլ չեն կարողանում վերականգնել տնտեսական նախկին ցուցանիշները և քաղաքական կայունությունը: Իսկ Սիրիայում իշխանափոխության համար սկսված բողոքի ցույցերը վերաճել են քաղաքացիական պատերազմի, որում ներգրավված են աշխարհաքաղաքական հակադիր կողմերի խաղացողներ: Այս երկրում 7 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո խաղաղության հասնելու և երկրի ամբողջականությունը պահպանելու հեռանկար դեռևս չկա:

Վերը բերված օրինակները փաստում են, որ հեղափոխությունները միշտ չէ, որ ցանկալի լուծում են ապահովում: Ավելին, առավել հաճախ, հատկապես վերջին տարիների հեղափոխությունները հանգեցրել են այդ երկրների ապակայունացման, տնտեսական, նույնիսկ տարածքային կորուստների: Պատահական չէ, որ միջազգային ԶԼՄ-ներին օրեր շարունակ հուզող հիմնական հարցն էր, թե հնարավոր կլինի գործընթացը մինչև վերջ հասցնել առանց արյուն հեղելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: