Հայերեն   English   Русский  

​Կամո Ունանյան. «Հաջողության հասնելու համար հարկավոր է համարձակ լինել»


  
դիտումներ: 4520

Ապրիլի 20-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած կարատեի WSF վարկածով աշխարհի առաջնությունում մեր հայրենակից, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը նվաճեց ոսկե մեդալ: Ստուգատեսին մասնակցում էին 45 պետությունների մարզիկներ: Հայ մարզիկը չորս մենամարտ անցկացրեց՝ տպավորիչ հաղթանակներ տանելով Ռումինիայի, Ադրբեջանի, Իրանի և Բուլղարիայի ներկայացուցիչների նկատմամբ:

«Անկախի» հետ զրույցում Կամո Ունանյանը խոսում է մրցաշարից ստացած տպավորությունների մասին՝ նշելով, որ յուրաքանչյուր հաղթանակ լրացուցիչ վստահություն է հաղորդում նոր հաջողություններ գրանցելու ճանապարհին:

- Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Թուրքիա էիք մեկնել կողոսկրի վնասվածքով, մտավախություն չունեի՞ք, որ մասնակցությունը կարող է լուրջ հետևանքներ թողնել առողջության և հետագա մարզական ուղու վրա:

- Շնորհակալ եմ: Վնասվածքը ստացել էի ապրիլի 7-ին, Գերմանիայում կայացած WKF վարկածով միջազգային խոշոր մրցաշարի կիսաեզրափակչում, բայց և դարձել էի ստուգատեսի հաղթող: Վնասվածքս լուրջ էր, և ցանկալի կլիներ, որ որևէ մրցման չմասնակցեի, քանի որ հետևանքները կարող էին անդառնալի լինել: Եթե աշխարհի առաջնությունը Թուրքիայում չլիներ, գուցե և չմասնակցեի: Թե՛ մարզիչս, թե՛ բժիշկը դեմ էին, որ մասնակցեի, սակայն վերջնական որոշումը ես կայացրի:

Նշեմ, որ առաջին անգամ չէր, որ Թուրքիայում մասնակցում էի մրցաշարի, սակայն նմանատիպ խոշոր ստուգատես առաջին անգամ էր այնտեղ անցկացվում: Հաղթանակն ինձ ոգևորեց և ուժ տվեց: Ցանկալի կլինի, որ բոլոր մարզիկները մարտական տրամադրված մեկնեն Թուրքիա ու մասնակցեն մրցաշարերի: Անհնարին ոչինչ չկա: Բարդություններն ու դժվարությունները հնարավոր է հաղթահարել: Եթե վստահ ես ուժերիդ և տրամադրված ես մարտական, ապա ոչինչ չի կարող խանգարել:

- Առաջնության ընթացքում 4 մենամարտ անցկացրիք՝ տպավորիչ հաղթանակներ տոնելով. որևէ մենամարտ կառանձնացնե՞ք:

- Աշխարհի առաջնությանը հեշտ մրցակիցներ չեն լինում, այդտեղ մասնակցում են ուժեղագույնները: Սակայն նշեմ, որ ամենից դժվարն ինձ համար Ադրբեջանի ներկայացուցչի հետ մենամարտն էր 1/4 եզրափակչում: Նաև մրցավարների կողմնակալ վերաբերմունք կար: Նրանց մեծամասնությունը՝ Թուրքիայի, Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչ մրցավարները, աջակցում և ամեն կերպ փորձում էին հաղթանակը շնորհել մրցակցիս: Սա նաև հոգեբանական գրոհ էր, բայց ես չընկճվեցի և հաղթեցի 2:1 հաշվով:

- Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել կարատեով: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- 1995 թվականից Վայքում սկսել եմ զբաղվել այս մարզաձևով: 90-ական թվականներին գրեթե բոլորը տարված էին Բրյուս Լիի ֆիլմերով: Ցանկանում էին նմանվել և կրկնօրինակել նրան: Ես էլ բացառություն չէի: Այդպես սկսվեց իմ մարզական ուղին, սկսեցի մասնակցել մրցաշարերի՝ հետագայում հանդես գալով պատանիների, երիտասարդների, մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: 1998 թ. տեղափոխվեցի Ղազախստան: 2000-2004 թթ. հանդես եմ եկել Ղազախստանի հավաքականի կազմում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Մեծ ցանկություն ունեի հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: Վերադարձա հայրենիք կրթություն ստանալու և մարզական ուղիս շարունակելու նպատակով:

- Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար: Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Մարզիկների կարծիքները տարբեր են այս հարցի շուրջ: Հարկավոր է մեծ կամքի ուժ: Եթե կա նպատակ, ապա պետք է ամեն գնով առաջ շարժվել, հաղթահարել դժվարությունները, վնասվածքները, հիասթափությունները: Շատ հաճախ մարզիկները, վնասվածք ստանալով, թողնում են սպորտը, քանի որ բուժման և վերականգնման համար երկար ժամանակ է պահանջվում, և այդ ընթացքում կորցնում են ձեռք բերած որակները: Ես գերադասում եմ շարունակել մարզվել, եթե անգամ խորհուրդ չի տրվում, և հաջողություններ գրանցել: Չեմ ուզում երբևէ ափսոսալ: Քաջ գիտակցում եմ, որ ունակ եմ հաղթելու: Հաջողության հասնելու համար հարկավոր է համարձակ լինել:

Սպորտը կյանքիս անբաժանելի մասն է: Այն ինձ ստիպում է առաջ շարժվել, ոչնչի առաջ կանգ չառնել: Միշտ փորձում եմ բարելավել արդյունքներս, նորանոր հաջողություններ գրանցել: Առանց սպորտի կյանքս անիմաստ է դառնում: Մարզադահլիճն ու պարապմունքներն ինձ համար ավելի գերադասելի են, քան սրճարանները, հանգիստն ու ժամանցային վայրերը:

Մարզադահլիճն իմ երկրորդ տունն է: Մազիչս՝ Տիգրան Մուրադյանը, և՛ ծնող է, և՛ ընկեր, և՛ խորհրդատու: Այդ հարաբերություններից է կախված նաև մարզիկի հաջողության գրավականը:

- Սպորտում շատ հաճախ մարզիկները չեն կարողանում խուսափել մրցավարների կողմնակալ վերաբերմունքից և ստիպված են լինում պայքարել ոչ միայն մրցակցի, այլև մրցավարների դեմ:

- Կարիերայիս ընթացքում մշտապես բախվել եմ մրցավարական անարդարություններին, հատկապես՝ Ղազախստանում հանդես գալու ժամանակ: Այնտեղ ամեն ինչ անում էին, որ չհաղթեմ, չընդգրկվեմ հավաքականի կազմում և չմասնակցեմ միջազգային մրցաշարերին: Պրոֆեսիոնալ մարզիկներն իրենց կարիերայի ընթացքում չեն կարող խուսափել նման վերաբերմունքից: Շատ հաճախ մարզիկները զրկվում են պայքարը շարունակելու հնարավորությունից, մեդալներից: Ես այդ ամենին ուշադրություն չեմ դարձնում, կարելի է ասել՝ կոփվել եմ այդ առումով: Այդ պահին իհարկե ընկճվում ես, բայց հարկավոր է արագ սթափվել: Կան մարզիկներ, որոնք չեն կարողանում հաղթահարել այդ ընկճվածությունը, հրաժարվում են պարապել ու մարզվել, անգամ հեռանում են սպորտից: Չպետք է մրցավարական անարդարությունների պատճառով կորցնել հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հարկավոր է դրսևորել կամք ու լավատեսություն՝ հաջորդ մրցումներում հաջողություններ գրանցելու համար: Արդարացումը թույլերի համար է: Օրինակ՝ մարտին Սլովակիայում մասնակցեցի միջազգային մրցաշարի, որտեղ չեխ մրցավարի կողմնապահության պատճառով պարտվեցի: Վերադառնալով հայրենիք՝ անմիջապես վերսկսեցի մարզումները՝ առանց պարապմունք բաց թողնելու:

- Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն եք, միջազգային մրցաշարերի հաղթող: Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ հաղթում եք և վեր է խոյանում հայոց եռագույնը: Կա՞ պատասխանատվություն:

- Զգացողություններս բառերով արտահայտել չեմ կարող: Տարիներ շարունակ աշխատում ես, գնում դեպի հաղթանակ՝ դժվարություններ հաղթահարելով, ոչնչի առջև կանգ չառնելով: Յուրաքանչյուր մարզիկ զգում է այդ պատասխանատվությունը, քանի որ ոչ միայն իրեն, այլև երկիրն է ներկայացնում: Ուստի հարկավոր է ամեն ինչ անել պատվով ներկայանալու համար: Այժմ ինձ ժամանակ է հարկավոր՝ վնասվածքները բուժելու և լիարժեք վերականգնվելու համար: Ցանկություն ունեմ մասնակցելու հուլիսի 27-29-ը Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս ընթացքում կզբաղվեմ պրոդյուսերական աշխատանքով, հայրենասիրական ֆիլմ եմ նկարահանելու:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: