Հայերեն   English   Русский  

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. թավշյա հեղափոխության սցենարները Հայաստանում


  
դիտումներ: 5078

Հայաստանի վարչապետի հրաժարականն իշխանափոխության անկանխատեսելի գործընթացի սկիզբ դրեց: Անկախ այն հանգամանքից, թե Երևանում ովքեր կստանան բարձրագույն պաշտոնները՝ երկիրը ստիպված կլինի լուծել Ռուսաստանի, Ադրբեջանի և մյուս հարևանների հետ հարաբերություններում կուտակված խնդիրները:

Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը նոր թափ է առնում՝ գործընթացում ներքաշելով նոր դերակատարների ու խաղացողների: Բառացիորեն օրերս երկիր ժամանեցին հայկական ծագումով հայտնի ռուսական մեկենասներ Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը: Նրանք մի շարք հանդիպումներ ունեցան, ի թիվս որոնց՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, որը հայկական վերլուծական և հասարակական լայն շրջանակներում ընկալվում է իբրև ռուսական շահերի գործակալ: Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ միլիարդատերերը, որոնք իրենց ֆինանսական և քաղաքական շահերն ունեն Հայաստանում, քննարկել են ստեղծված ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր սցենարները: Հիշեցնեմ, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել բավական բարդ ժամանակաշրջանում, երբ իշխող Հանրապետական կուսակցության հակավարկանիշը նվաճել էր բոլոր ռեկորդները: Բացի սոցիալ-տնտեսական խնդիրներից, քառօրյա պատերազմից հետո խիստ սրվեց անվտանգության հարցը, երբ մարդիկ տեսան բանակի՝ երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկի իրական նյութատեխնիկական վիճակը:

Այն ժամանակ Կարեն Կարապետյանը, ըստ էության, փրկեց կուսակցությունն ու իշխող էլիտային լիակատար ձախողումից և հասարակությանը տրամադրեց լուրջ համակարգային բարեփոխումների մեկնարկին: Սփյուռքի բազմաթիվ ազդեցիկ գործարարներ սատարեցին նրան՝ հայտարարելով, որ պատրաստ են հանրապետության տնտեսությունում պատկառելի գումարներ ներդնել: Սակայն որևէ իրական փոփոխություն երկրում տեղի չունեցավ: Ավելին, Կարեն Կարապետյանի համար իշխանությունը պահպանելը «իդեա ֆիքս» դարձավ: Եթե նա մնար իշխանության ղեկին՝ միանգամայն ձեռնտու էր սփյուռքյան բիզնես էլիտայի շատ ներկայացուցիչների համար: Կարապետյանի մեջ նրանք տեսնում էին իրենց շահերի պաշտպանին, որի միջոցով կարելի էր մուտք ապահովել դեպի երկրի իրական իշխանություն: Այսօր Կարապետյանը, որ կառավարության ժամանակավոր ղեկավարի կարգավիճակում է, կառչել է իշխանությունը պահելու յուրաքանչյուր հնարավորությունից: Սակայն նման սցենարի հաջողությունը քիչ հավանական է, քանի որ նա սահմանադրական լիազորություններ չունի ուժային բլոկի վրա, առանց որի աջակցության դա հնարավոր չէ: Այսպիսի իրավիճակում իշխանության օրենքները պետության օրենքները շրջանցելու մեծ գայթակղություն են առաջացնում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Ինչպես է գործում հայկական քաղաքականությունը

Ֆեոդալաօլիգարխիկ կառույցը թելադրում է իշխանության և ժողովրդի փոխհարաբերությունների կանոնները: Պետական գործառությունն ապահովվում է ներքին առանցքային խմբերի (օլիգարխներ, զինվորականներ) պաշտոնական և ոչ պաշտոնական պայմանավորվածություններով արտաքին ուժերի հետ՝ Ռուսաստանի՝ որպես ռազմական անվտանգության երաշխավորի, հավաքական Արևմուտքի՝ հիմնական ֆինանսական վարկատուի և Իրանի հետ, որը ոչ միայն աշխարհաքաղաքական և տնտեսական, այլև խոր պատմական ու քաղաքակրթական հետաքրքրություններ ունի Հայաստանում: Այդ ներքին և արտաքին գործոնների հավասարակշռության վրա ստեղծվել են ներկայիս հայկական քաղաքական իրողությունները:

Հենց այժմ տեղի ունեցող «թավշյա հեղափոխությունը» պայմանական էլիտայի նկատմամբ վստահության կորստի հետևանքը դարձավ: Վերջին 20 տարիներին այդ էլիտաները զբաղված էին բացառապես իշխանության վերարտադրությամբ՝ անտեսելով հասարակության մեջ եղած ահռելի անհավասարակշռությունը: Շատ փորձագետներ համոզված են, որ հատկապես ժողովրդական ըմբոստության տարերայնությունը հանգեցրեց գլխավոր պահանջի իրականացմանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այսօր Նիկոլ Փաշինյանը՝ ցուցարարների փաստացի առաջնորդը, պահանջում է մաքրել հայկական քաղաքական դաշտը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մնացորդներից: Նա հասկանում է հեղափոխության չգրված օրենքները, ուստի ձգտում է քամել առավելագույնը, քանի դեռ ժողովուրդը տաք է («թեժ էյֆորիայի»՝ ըստ Լենինի):

Շահերի բարդ աստիճանակարգը լուրջ արգելակ է հեղափոխական կրակի համար: Հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում զանազան իշխանավորների և բողոքավորների առանձնասենյակներում: Կողմերից յուրաքանչյուրը կիրառում է ապատեղեկատվության տեխնոլոգիաները՝ օգտագործելով սոցիալական ցանցերը, համակիր ԶԼՄ-ները և ասեկոսեները, որոնք չափազանց արդյունավետ են փոքր հայկական հասարակությունում: Արտասահմանյան դիվանագետները հանդիպումներ են ունենում՝ հայտարարություններ տարածելով, որոնք կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանում է իր օգտին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հասկանալ հիմնական սցենարի կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները:

Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը կհայտնվի ժամանակավոր կառավարության ղեկին և կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործողությունները: Հեղափոխությունների օրենքների տեսանկյունից զարգացման երկու տարբերակ է երևում. կա՛մ իշխանության պահպանում՝ հետագա բռնատիրման գայթակղությամբ, կա՛մ քաղաքական կոնսենսուս այլ ուժերի հետ և աթոռների ձեռքբերում կառավարման ապագա համակարգում:

Այսօր Փաշինյանը ժողովրդական աջակցություն ունի, որը, վերջին հաշվով, կարելի է վերածել ընտրական կապիտալի և իր սակավաթիվ ընդդիմադիր խմբակցությունը դարձնել երկրի առաջատար կուսակցություններից մեկը: Սակայն նման սցենարը ճշմարտացի կլիներ ձևավորված ռազմավարական քաղաքական մշակույթ ունեցող երկրի համար: Հայաստանի դեպքում կարևոր դեր են խաղում սուբյեկտիվ գործոնները (փողը, ԶԼՄ-ները, ազդեցության գործակալները): Փաշինյանը հասկանում է այդ իրողությունները և գնում է նվազագույն դիմադրության ճանապարհով: Նա քաղաքական աջակցություն կստանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որը գլխավորում է խոշոր ֆեոդալ-օլիգարխ Գագիկ Ծառուկյանը:

Նման իրավիճակում մենք կարող ենք ականատես լինել, թե ինչպես է գործում հեղափոխության մյուս օրենքը. պատկերը փոխվում է (Սարգսյանը և ՀՀԿ-ն հեռանում են), բայց պահպանվում է քաղաքական էությունը (տեղի է ունենում ուրիշ օլիգարխների և ֆեոդալների սերտաճում): Դրա ցուցիչը կարող է դառնալ իշխող վարչակարգի ներկայացուցիչների հնարավոր աջակցությունը կառավարման նոր մոդելին: Համակարգի մարդիկ, որոնք ձգտում են պահպանել իրենց նյութական բարիքները և իշխանական լիազորությունները, կսկսեն բացահայտ հավատարմություն արտահայտել նոր առաջնորդներին՝ փոխելով սոսկ քաղաքական շապիկը:

Մյուս խնդիրը՝ ֆինանսական աղբյուրների որոնումը: Ռոմանտիկան և հեղափոխական գաղափարները կարող են փոփոխությունների կարճատև շարժիչ լինել, քանզի միանգամայն ակնհայտ է՝ ժողովուրդ հավաքագրել փողոցներում առօրեական խնդիրների պատճառով հնարավոր չէ: Երկարատև հեռանկարում արդյունավետ աշխատանքի համար շատ փող է անհրաժեշտ, որը կապահովի քաղաքական տեխնոլոգիաների հասանելիությունը: Առայժմ դժվար է ասել, թե ով կդառնա նման դոնոր, բայց համակարգի նախկին անդամները, ձգտելով ներկառուցվել նոր իրողություններին, կարող են ստանձնել այդ դերը:

Արտաքին քաղաքականության բարդությունները

Նիկոլ Փաշինյանը մի քաղաքական ֆիգուր է, որն ունակ է ղեկավարելու երկրի ներքին գործընթացները: Ելնելով նրա հայտարարություններից, վարքագծից և խաղից՝ կարելի է ասել, որ նա ցայտուն «քաղաքական աղվես» է: Սակայն Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունն այլ առաջնորդ է պահանջում արտաքին քաղաքականության մեջ՝ «քաղաքական առյուծ»:

Երկրի առջև ծառացած են լուրջ արտաքին մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնցից գլխավորը ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունն է: Պաշտոնական Բաքուն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը «գրավյալ տարածքների» վերադարձման անհրաժեշտության մասին և ջանասիրաբար այդ հարցն առաջ է տանում տարբեր միջոցներով: Հայկական կողմը, իր հերթին, զուրկ ռազմավարական տեսլականից, փորձում է ժամանակ շահելու նպատակով մարտավարական խուսանավումներ անել: Այդպիսի շարժընթացը հանգեցրել է նրան, որ Երևանը կորցրել է բանակցողի կարգավիճակը առավելությունների դիրքերից (պատերազմը հաղթողի) և դարձել է հակամարտության կողմերից մեկը, որը ստիպված է փոխզիջումների գնալ:

Ստեղծված իրավիճակում երկիրն առարկայորեն ազգային առաջնորդի կարիք ունի, որը ունակ լինի լուրջ քաղաքական խաղ վարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և տարածաշրջանային ուժերի (առաջին հերթին՝ Իրանի) հետ: Լինելով մարտավար՝ Նիկոլն ակտիվ ռևերանսներ արեց Ռուսաստանի առաջ՝ ասելով, թե եվրասիական ուղղությունը գերակա է մնալու: Գլխավոր սխալն այն էր, որ եվրոպական և ամերիկյան ուղղությունները նշվեցին ի միջի այլոց, այն դեպքում, երբ ռուսականն ակնհայտ ընդգծվեց:

Իհարկե, Փաշինյանը հասկանում էր, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրի իշխանության գալով, որտեղ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազան, անհրաժեշտ է առնվազն քաղաքական փոխըմբռնման հասնել Մոսկվայի հետ: Ամենայն հավանականությամբ ամերիկացիների տևական լռությունը և հետագա կաղապարային ու ոչ միանշանակ հայտարարությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ Վաշինգտոնը փորձում էր հասկանալ՝ այնուամենայնիվ, ինչ է տեղի ունենում երկրում, հեղափոխություն համակարգի՞ դեմ (և այդ դեպքում «Բարգավաճ Հայաստանը» և եվրասիական օրակարգը բավական հակասական են), թե՞ քաղաքական հերթափոխի հեղափոխություն (Հանրապետական կուսակցություն):

Ընդհանուր առմամբ նման սցենարը կարելի է դիտարկել որպես փակ քաղաքական զինադադարի օբյեկտիվ ոչ պաշտոնական ստորագրում հեղափոխության և նոր համակարգի միջև, որը միջնաժամկետ հեռանկարում բաղկացած է լինելու ֆեոդալաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նման քաղաքական միջավայրն արմատացել է 25 տարվա ընթացքում, և գտնել այսօր անհրաժեշտ թվով ոչ համակարգային կադրեր պարզապես անհնարին է: Դվար է ասել, թե ինչքան տեղի չի տա իմունիտետը, երբ նոր բջիջների քանակն ակնհայտորեն քիչ կլինի հներից:

Մյուս հնարավոր սցենարը հետևյալն է. հին էլիտան կարող է միավորել ուժերը և հակահարված տալ: Այսօր նրա առջև ծառացած է անձնական անվտանգության երաշխիքների սուր հարցը, և քանի դեռ այդ խնդիրը հրատապ է, նախկին առաջնորդների պայքարը չի կարելի ավարտված համարել: Նման իրավիճակում հաջողությունը մեծապես կախված կլինի այն փաստարկներից, որոնք «վիրավոր համակարգի» առաջնորդները կկարողանան ներկայացնել արտաքին ուժերին: Ամեն դեպքում՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, և երիտասարդ հայկական պետությունը պետք է հաղթահարի հետհեղափոխական բոլոր փուլերն ու խոչընդոտները, որոնցից շատերը մահացու վտանգավոր են: Ապագա ազգային շինարարության հաջողությունը կախված կլինի պրոֆեսիոնալ և սառնասիրտ մոտեցումից:

Արեգ Գալստյան

http://www.forbes.ru/biznes/360733-vse-tolko-nachi...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: