Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ին տրված էր հումանիտար միջանցք, բայց նրանք ընտրեցին քաղաքական ինքնասպանության ճանապարհը. Արմեն Գրիգորյան


  
դիտումներ: 5784

Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների, շարժման հետագա քայլերի ու անելիքների, հնարավոր սցենարների վերաբերյալ «Անկախը» զրուցել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ:

- Պարո՛ն Գրիգորյան, ԱԺ-ի երեկվա քվեարկությունը ստեղծեց բոլորովին նոր իրավիճակ, դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

- Մենք երեկ ավելի շատ, այսպես ասած, քաղաքագիտական տրամաբանության շրջանակներում էինք մտածում, և կարծում էինք, որ ՀՀԿ-ականները միանշանակ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին, քանի որ հակառակ պարագայի հետևանքը լիելու էր այն, ինչը մենք տեսնում ենք այդ քվեարկությունից հետո: Մենք դա կանխատեսել էինք: Քաղաքագիտական տրամաբանությունն այն էր, որ եթե հանրապետականը դեմ քվեարկեց փողոցում կանգնած 200 հազար ժողովրդի թեկնածուին, որն ունի տոտալ աջակցություն հանրության կողմից, եթե այդ 56 հոգով դեմ են քվեարկում, ապա հաջորդ օրը ավելի մեծ ու բուռն գործողություններ են լինելու, որպեսզի ճնշեն: Կարող եմ ասել, որ հանրապետականներից մի քանիսն արդեն ֆեյսբուքից են ջնջվել: Այսինքն՝ իրենք պետք է գիտակցեին, որ հակառակ պարագայում իրենք ընդհանրապես են գնալու: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն, այսօրվա այս մեծ ալիքը զգալով, գնալու է զիջումների, ու ես ավելի շատ մտածում եմ, որ հենց իրենք են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու վարչապետի պաշտոնում:

- Խնդրում եմ ավելի մանրամասնել. ստեղծված իրավիճակում Դուք իրադարձությունների զարգացման ինչպիսի՞ ուղղություններ ու սցենարներ եք տեսնում:

- Հանրապետականը հանձնվելու է: Երկար ձգելու տարբերակ չունի, ամբողջ համակարգը փլուզվում է: Եթե իրենք շարունակեն` ավելի շատ է փլուզվելու: Այսօր արդեն տեսնում եք՝ փողոցում ոստիկան չկա, իրենք այլևս չունեն ոստիկանություն, իրենք այլևս ոչինչ չունեն: Ու եթե անմիջապես չընդունեն կապիտուլյացիան` հաջորդ օրը հանրությունը խմբերով, հազար-հազար հոգիներով գնալու է իրենց տները ու իրենց բերի Ազգային Ժողով, որ առաջադրեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ իրենք սա գիտակցում են ու սեփական կամքով ու նախաձեռնությամբ կհայտարարեն ու կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու: Եվ ես կարծում եմ, որ իրենք ևս մեկ անգամ չեն գնա քաղաքական ինքնասպանության: Որովհետև մի բան է, երբ քեզ տնից հազար հոգով բերեն ԱԺ և ուրիշ բան է, որ դու ինքդ՝ քո կամքով թեկնածու առաջադրես ու ընտրես:

- Բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կարող է ընտրել բոլորովին այլ՝ այս պահին դեռևս չերևացող կամ առերևույթ տրամաբանության մեջ չտեղավորվող տարբերակ:

- Երբ մտածում եմ մի քիչ ռացիոնալության դաշտում, իրենք այլ տարբերակ չունեն: Իրենք նաև փորձել են Մոսկվայի ֆակտորը մեկ անգամ էլ օգտագործել, իսկ Մոսկվան շատ ադեկվատ է գտնվել, քանի որ բոլորս՝ թե՛ մենք և թե՛ ռուսները դասեր ենք քաղել Ուկրաինայից, և ռուսները շատ ադեկվատ են իրենց դրսևորել: Կարող եմ ասել, որ բոլոր ազդակները, որ մենք ստացել ենք Մոսկվայից, մաքսիմում ադեկվատ են:

- Կա՞ որոշակի պատկերացում, թե դրանից հետո ի՞նչ քայլերի հաջորդականություն է լինելու:

- Իհարկե, Հանրապետականին հեռացնում ենք նրա համար, որպեսզի կարողանանք ազատ ու արդար ընտրություններ անցկացնել: Եթե մենք վստահություն ունենայինք, որ Հանրապետականը կարող է ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, ապա նման բան չէինք անի ու կասեինք՝ եկե՛ք գնանք ընտրությունների: Բայց մենք համոզված ենք, որ Հանրապետականը չի կարող ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել: Ուստի ֆունդամենտալ երեք հարց ենք լուծելու՝ ընդունել նոր ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» նոր օրենք և փորձել ԿԸՀ-ում վերնախավը փոխել, որպեսզի կարողանանք գնալ ազատ ու արդար ընտրությունների:

- Ինչպե՞ս եք դա պատկերացնում, երբ ԱԺ-ում, մինչ նոր ընտրությունները, ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ունենալ պարզ թվաբանական մեծամասնություն:

- Եթե իրենք առաջարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, ուրեմն պատրաստ կլինեն նաև նման քայլերի: Ու ոչ թե զուտ ջենտլմենական քայլով, այլ զուտ քաղաքական իրավիճակը հասկանալով: Այսինքն՝ եթե չընդունեն, ամբողջ հանրապետությունը նորից փողոց է փակելու: Այսինքն՝ ես հուսով եմ, որ իրենք դա կհասկանան: Իհարկե, մի քիչ դժվար են հասկանում հանրապետականները, բայց նայե՛ք, Սերժ Սարգսյանին մերժելուց հետո Կարեն Կարապետյանը փորձեց ինչ-որ բան անել, բայց Կարենին էլ մերժեց ժողովուրդը, հիմա 56 հոգի է փորձել ինչ-որ բան անել: Կարեն Կարապետյանի համար երկու-երեք օր պահանջվեց, որ հետ կանգնի, Հանրապետականին՝ մեկ օր պահանջվեց, ես հույս ունեմ, որ մինչև 7 օրը լրանա, նրանք ինչ-որ ավելի ադեկվատ հայտարարությամբ հանդես կգան:

- Այսօր բոլորս էլ գիտենք, որ Հանրապետականը միայն Սերժ Սարգսյանը, միայն Կարեն Կարապետյանը , միայն այն 56 պատգամավորները չէին, այլ մի ամբողջ մեծ համակարգ է, որը տասնամյակներով արմատներ է ձգել, ճյուղավորվել է, համայնքներում, գյուղերում: Արտահերթ ընտրությունների ժամանակ այդ ռեսուրսը չպե՞տք է օգտագործվի:

- Կարծում եմ՝ ոչ: Օրինակ՝ դպրոցների ռեսուրսը երբեք չպետք է օգտագործվի: Խնդիրը ո՞րն է եղել. այս հեղափոխությունն էլ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը 0 հանրային աջակցություն է ունեցել ու ստիպված է եղել բոլոր հնարավոր ռեսուրսները բերել «իր տակ» ու բազմաթիվ ճնշումներով պահել, ինչը, այսպես ասած, «պայթել» է: Հիմա նոր ձևավորվելիք իշխանությունն այդ խնդիրը չի ունենալու, այս հեղափոխությունը, ինչ էլ ուզում ես արա, հաղթելու է ընտրություններում: Այսինքն՝ պետք չի լինելու դպրոցներ, այլ պետական կառույցների ռեսուրսն օգտագործել: Ես համոզված եմ, որ մենք պետք է գնանք նրան, որ պետական համակարգի շատ օղակներ՝ դպրոցներ, համալսարաններ, կրթական հաստատություններ, տարբեր հիմնարկներ ու կառույցներ պարզապես հանենք քաղաքական համակարգից ու նրանց ազատություն տանք՝ թող գնան իրենց հարցերը լուծեն:

- Նիկոլ Փաշինյանն ի՞նչ թիմով է հանդես գալու, ովքե՞ր են կաբինետ կազմելու, ինչպիսի՞ քաղաքականություն է դրսևորվելու տարբեր ոլորտներում, ինչպիսի՞ ծրագիր են ներկայացնելու և այլն: Պատկերացումներ արդեն կա՞ն:

- Այո՛ ընդհանուր պատկերացումներ կան: Թիմը այն մարդիկ են, ովքեր այսօր կանգնած են հարթակում: Բայց այնպես էլ չէ, որ գալու ենք, համակարգը ամբողջությամբ ջնջենք ու զրոյից սկսենք: Մենք գալիս ենք՝ խաղի կանոններ փոխելու և համոզված ենք, որ պետական կառավարման համակարգում բազմաթիվ մարդիկ կան, որոնց եթե տաս հնարավորություն, իրենց ոլորտում ռեկորդներ կսահմանեն: Պետական կառավարման համակարգում մենք տեսնում ենք, որ բազմաթիվ բարեխիղճ, արհեստավարժ մարդիկ կան, այդ մարդկանց հետ մենք դեռ աշխատելու ենք: Հաջորդը՝ այս հեղափոխության ընթացքում ֆանտաստիկ ձևով աշխատեց ապակենտրոնացված կառավարումը, և այս փորձը մենք տանելու ենք պետական կառավարման համակարգ:

- Ամեն դեպքում, եթե ՀՀԿ-ն որոշի իշխանությունը չզիջել, իրավիճակը կարո՞ղ է վերահսկողությունից դուրս գալ:

- Այսպես ասեմ, մեզ համար վերահսկողությունից դուրս չի գա՝ իրենց համար է դուրս գալու: Որովհետև դրա հետևանքով նրանց նկատմամբ արդեն կձևավորվի հանրային ատելություն, ինչը շատ վատ բան է: Ու եթե նրանք խաղաղ, խելամտորեն չհանձնեն իշխանությունը, մենք նրանց նկատմամբ հանրային ատելությունը չենք կասեցնելու՝ պետք էլ չի, որ մենք ինչ-որ բան անենք, մարդիկ են մտածում ու իրենց քայլն անում:

- Շատերին է հետաքրքրում՝ ինչքան է ձգվելու այս վիճակը և դուք երբ կամ ինչից հետո մարդկանց կոչ կանեք վերադառնալ տուն:

- Ինձ թվում է՝ մարդկանց պետք էլ չի լինելու ասել՝ գնացեք տուն, երբ հանգուցալուծվի այս ամենը, այսինքն՝ երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվի վարչապետ, նրանք կգնան: Ինձ թվում է, որ առաջիկա 5-6 օրվա մեջ ամեն ինչ արդեն կարգավորվելու է, հանրապետականն արդեն զգացել է, որ հանրային որևիցե աջակցություն չունի: Մենք արդեն չենք գնում որևէ զիջման ու խոսում ենք վերջնագրերով:






Մեկնաբանություններ - 2

Ռոբերտ Նազարյան     18.05.2018 Արմեն Գրիգորյանը, ըստ իր պատասխանների բացահայտ նեոբոլշևիկ է, իսկ ըստ իմ մեկնաբանության ինքը որակավորվում է որպես բացահայտ ահաբեկիչ, որը զենքի փոխարեն կարող է օգտագործել զոմբիացված ամբոխին իր տեռորիստական նկրտումները իրագործելու ճանապարհին։ Իսկ դուք ասում եք նա քաղաքականագետ է։ Տեռորիստական հակումներ ունեցողին չեք կարողանում տարբերել քաղաքական մտածողություն ունեցող անձից։ Հարցը միայն այն է թե նա որտեղ է իր այդ ահաբեկչության արհեստը սովորել, հաստատ ոչ ԵՊՀ-ում։ Ես իրեն համարում եմ Հայաստանի համար մեկ թշնամին և ես իմ այս եզրակացությանը հանգեցի իր իսկ տված հարցազրույցը լրիվ կարդալով։ Ահաբեկիչը հո պոզով-պոչով չի լինում...

Գրիգորյան Սիրուն     06.05.2018 Իսկ չեք կարծում; որ Սերժը այսքան շուտ զենքը վայր դնողներից չի։Վախենում եմ շատ եմ վախենում անմեղ ժողովրդիս համար։Շատ կասկածելի հրաժարական է.......
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: