Հայերեն   English   Русский  

​Խաղողի փոքրիկ այգիներից մինչև բարձրակարգ գինիների արտադրություն


  
դիտումներ: 2269

Հաջող գինեգործության համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձր որակի խաղող,

որակյալ հումքային նյութեր, այնուհետև՝ հետևողական աշխատանք, ավանդույթներով մշակված ու հղկված տեխնոլոգիաներ ու պատասխանատու մոտեցում: Եվ բարձրակարգ գինին կստացվի:

Դեռևս ոչ այնքան հեռավոր 1996 թվականին Արմավիրի Վանանդ ու Տալվորիկ գյուղերի տարածքում՝ ընդամենը 15 հեկտար այգիներում, իր գործարար պատմությունը սկսեց Կասամանյանների ընտանիքը, որը հետագայում հիմք դարձավ «Նոյան Տապան» բարձրակարգ գինիների համար:

Այգիների կեսը մնացել էր ԽՍՀՄ տարիներից, բայց լավ պահպանված էր, մի մասն էլ ընտանիքն ավելացրել էր սեփական ուժերով, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Սկսեցին սեփական միջոցներով, որոնք ընտանեկան խնայողություններ էին, ընտանիքով էլ աշխատեցին ու ընդլայնվեցին՝ ամեն տարի ինչ-որ չափով մեծացնելով այգիները: 2001 թ. Կասամանյաններն արդեն ստեղծեցին մեծ ագրարային ֆերմա՝ սեփական տեխնիկայով, ամեն ինչով: Հիմա 108 հեկտար այգիներ ունեն: Մինչև 2011 թվականը միայն խաղողագործությամբ էին զբաղվում, իսկ աճեցված խաղողն էլ հանձնում տարբեր գործարանների: Իսկ 2011 թվականից արդեն նախաձեռնեցին գինու արտադրությունը:

«Այդ ժամանակ գինին արդեն ուզում էր «շնչել» Հայաստանում, ակտուալ էր, արդեն գործարաններ կային, որոնք հաջողություններ ունեին, ու մենք էլ որոշեցինք, որ պետք է գինի արտադրել: Սկսեցինք ավելի ուշադիր հետևել մեր խաղողի այգիներին, որ ոչ թե բերքի քանակը շատ լինի, այլև որակը կատարյալ լինի: Խաղողը վաճառելու խնդիր ընդհանրապես չկար, բայց մտածեցինք, որ կարող ենք մեր բերքը ինքներս վերամշակել: Տարբեր երկրներում հանդիպումներ ունեցանք ու եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է լավ գինեգործ լինել: Ու սկսեցինք ավելի լուրջ խորանալ, Իտալիայից գինեգործ հրավիրեցինք, տեղացի գինեգործներին ներգրավեցինք մեր աշխատանքներում ու արդեն սկսեցինք քայլեր անել գինու արտադրության ոլորտում: Ես ինքս շրջեցի եվրոպական տարբեր երկրների խաղողի այգիներում, ծանոթացա նրանց ավանդույթներին, մոտեցումներին, տեխնոլոգիաներին ու քաղաքականություններին: Եվրոպայում ինչպե՞ս է. սկզբում պապն է զբաղվել այդ գործով, հետո՝ որդին, հետո՝ թոռը, այդպես սերնդեսերունդ այդ գործը փոխանցվել է: Եվ ուսումնասիրությունների այդ ընթացքում հասկացանք, որ լավ գինի ստանալու համար պետք է ունենանք լավ խաղող»,- «Անկախին» պատմեց «Նոյան Տապան վինյարդս» ընկերության սեփականատեր, տնօրեն Դավիթ Կասամանյանը:

Ահա «Նոյան Տապան» գինիների արտադրությունը սկսվում է այգուց, հետո շարունակվում ճիշտ բերքահավաքով, հավաքված բերքը ճիշտ պահելով, այնուհետև՝ ճիշտ վերամշակմամբ: Սկզբում արտադրվում էր երկու տեսակի «Նոյան Տապան» գինի և վաճառում էր շատ քիչ՝ մի քանի հազար շիշ: Բայց ընկերությունն արդեն այնքան է աճել ու տարածվել, որ թե՛ արտադրությունը և թե՛ վաճառքը աճել է մոտ 10 անգամ: Հիմա արդեն արտադրում են 4 տեսակի գինի՝ սպիտակ, կարմիր ու վարդագույն անապակ, շուտով կթողարկվի 2014 թվականի բերքից ստացված «ռեզերվ» գինին, որ մինչ այժմ պահվում էր կաղնե տակառներում: Պատրաստվում են նաև ներկայացնել 5-րդ տեսակի՝ նռան գինի:

Ընկերությունում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, այդ թվում նաև արտասահմանցի: Իսկ ընդհանուր առմամբ, կախված սեզոնից, այս ընկերությունում աշխատում է ավելի քան 100 մարդ: Ու հիշենք՝ ամեն ինչ սկսվել է մի ընտանիքի ուժերով ու ջանքերով:

«Ամեն ինչ կապերի, աշխատասիրության վրա է հիմնված, որը տարիների ընթացքում է լինում, արդյունքը՝ նույնպես: Երբ երեկոյան աչքերդ փակում ես, ամբողջ օրը ամփոփվում է աչքերիդ առջև ու հասկանում ես, թե որքան շատ ես աշխատել, ուրեմն կարող ես հաջողության հասնել: Հաջողության բանաձևը խնդիրները տեսնելն է, դրանց ճիշտ ժամանակին լուծումներ տալը, իսկ ամենակարևորը աշխատասիրությունն է ու քո անցնելիք ճանապարհին հավատալը, վստահ լինելը, որ կարող ես անցնել այդ ճանապարհը: Շատ կարևոր ատրիբուտներ կան բիզնեսում, որ հանգեցնում են հաջողության կամ ընդհակառակը՝ ձախողման: Բացառված չէ, որ շատ աշխատես, չարչարվես, բայց ճիշտ ուղու վրա չլինես, ոչինչ էլ չստացվի: Կարևորը նման հանգամանքներում սեփական սխալները գիտակցելն է ու չհանձնվելը, այլ համբերատար ճիշտ ուղին փնտրելն ու գտնելը,- նշում է Դավիթ Կասամանյանը:- Պետք է ինքդ քեզ հարց տաս, առաջին հերթին ինքդ քեզնից պահանջես, պետք է այդ ունակությունն ունենաս: Իսկ եթե անկեղծ լինենք՝ ես իմ հաջողության գրավականն իմ ազնվությունն եմ համարում. դա իմ զենքն է»,- նշում է երիտասարդ ձեռներեցը:

Դավիթ Կասամանյան

Ազնվությունը միշտ փոխհատուցվում է, վստահ է «Նոյան Տապան վինյարդսի» սեփականատերը, բիզնեսում առանց ազնվության հնարավոր չէ հարաբերություններ հաստատել, աշխատել ու համագործակցել այլ մարդկանց հետ: Անազնիվ մարդու հետ ոչ ոք չի ցանկանում հարաբերություն ունենալ, էլ ուր մնաց վստահել ու աշխատել:

«Իհարկե կարող ես կարծել, թե ուրիշներին խաբելով՝ կարող ես տևական ժամանակ հասնել նպատակներիդ, բայց պիտի շեշտեմ՝ այդ «ուրիշները» շատ չեն, վատ համբավն արագ է տարածվում: Բացի այդ, անազնվությունը բացասական էներգիա է կուտակում անազնիվ մարդու շուրջ, իսկ բիզնեսում հաջողելու համար դրական լիցքեր, դրական էներգիա, պոզիտիվ մտածելակերպ է պետք, դրական էներգիան միշտ օգնում է, իսկ նեգատիվը միշտ խանգարում է,- նշում է «Նոյան Տապան վինյարդսի» տնօրենը և շարունակում:- Մեկ անգամ ևս կրկնեմ՝ հաջողակ լինելու համար մարդ նախ պետք է աշխատասեր լինի, հնարամիտ, պատասխանատու, խնդիրներին ճիշտ մոտեցում ու լուծումներ տա ու միշտ հավատա սեփական ուժերին: Կան մարդիկ, ովքեր նայելով այլոց հաջողություններին՝ կարծում են, թե ամեն ինչ հեշտ ու հանգիստ է, բայց իրականությունը բոլորովին այլ է: Բիզնեսն առանց դժվարությունների չի լինում: Անգամ ամենակայացած համարվող բիզնեսներն ամեն օր նորանոր դժվարություններ են հաղթահարում: Մենք էլ ու դա անում ենք կամքի շնորհիվ»:

«Նոյան Տապան» գինիները սկզբում բացառապես արտահանվել են, ներկայումս ներկայացված են նաև հայկական շուկայում: Արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն, մերձբալթյան երկրներ, եվրոպական 6 երկրներ և ԱՄՆ: Եվ արտահանման աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել:

«Խնդիրն այն է, որ աշխարհի գինու քարտեզի վրա Հայաստանը դեռ չկա, որքան էլ դա մեզ դուր չգա: Իմիջ ձեռք բերելու, հայտնի լինելու, աշխարհի գինեգործական քարտեզի վրա մեր ուրույն տեղը զբաղեցնելու համար ժամանակ, մեծ ներդրումներ ու ջանքեր են պետք»,- նշում է գործարարը և հույս հայտնում, որ գոնե 5 տարուց Հայաստանը կսկսեն ճանաչել որպես գինու երկիր:

Դրանից հետո հայ գինեգործների համար ավելի հեշտ կլինի գինու միջազգային շուկաներ դուրս գալ ու արտահանում կազմակերպել: Իսկ արտահանման շուկաներն ընդլայնելու համար իրենք, ինչպես նշում է Դավիթ Կասամանյանը, աշխատում են ամեն օր, քանի որ հայկական շուկան փոքր է ու ոչ այնքան վճարունակ: Ի դեպ, այս փաստի գիտակցումը կարևոր է բոլոր հայ գործարարների համար, որոնք պարտավոր են մտածել միջազգային շուկաների մասին, եթե ուզում են, որ իրենց բիզնեսներն ընդլայնվեն: Այնպես որ պետք է սկսել միջազգային շուկային հետաքրքրող ու մրցունակ ապրանք կամ ծառայություն ստեղծելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: