Հայերեն   English   Русский  

Տուրիզմի ոլորտը լուրջ հարված ստացավ, և դա բնական ու սպասելի էր


  
դիտումներ: 10730

Երբ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ի երեկոյան Հանրապետության հրապարակում հայտարարեց տոտալ դասադուլ ու գործադուլ և կոչ արեց փակել բոլոր ճանապարհները, արդեն պարզ էր՝ երկրի ենթակառուցվածքները կաթվածահար են լինելու: Սա էլ պայքարի մի եղանակ է, ինչ խոսք: Պարզից էլ պարզ է՝ եթե երկրի ենթակառուցվածքները դադարեցնում են գործունեությունը, պետությունը, որպես օրգանիզմ, հայտնվում է «կլինիկական մահվան» վիճակում: Թե ինչ արդյունքներ կամ հետևանքներ կունենա այս ամենը՝ դեռ շատ վաղ է կանխատեսել: Բայց որ տնտեսության վրա այս ամենն արդեն ազդել է, աներկբա է: Դիտարկենք սա տնտեսության ճյուղերից մեկի՝ տուրիզմի ոլորտի օրինակով:

Ապրիլի 25-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ու դրանից ելքեր փնտրելու հարցերի շուրջ, նշեց նաև, որ այսպես շարժվելով՝ մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ. զբոսաշրջիկները չեն գալիս, ներդրողները վերադառնում են և այլն:

«Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում և տեսնում եմ՝ ինչքանով է ընկնում զբոսաշրջիկությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը: Մենք գալու ենք մի իրավիճակի, երբ այս տնտեսական վիճակը բարձրացնելը դժվար է լինելու»,- հայտարարում էր Կարեն Կարապետյանը:

Իհարկե, նշել տուրիզմը նման բարդ քաղաքական իրավիճակում մի քիչ անարդար է, քանի որ տուրիզմն այն ոլորտն է, որը յուրաքանչյուր երկրում ներքին իրավիճակի անգամ փոքր-ինչ փոփոխությունից անմիջապես տուժում է: Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ: Եվ վերջին 2-3 շաբաթներին Հայաստանում տիրող ներքին իրավիճակի հետևանքով այս ոլորտը կտրուկ անկում է ունեցել:

«Visit Armenia» և «Լոռե թրեվըլ» տուրիստական ընկերությունների տնօրեն Վլադիմիր Գևորգյանը, օրինակ, «Անկախի» հետ զրույցում հայտնեց, որ ներքաղաքական լարվածության այս օրերին իր ղեկավարած ընկերությունը մոտ 50 տոկոս անկում է ունեցել, ու եթե 10-15 օր էլ այսպես շարունակվի, նրա դիտարկմամբ, գոնե տուրիզմի մասով մեր երկիրը մոտ 10-15 տարով հետ կգնա:

«Ես այս օրերին ունեցել եմ մեկ չեղարկում, մի խմբի այցելություն հետաձգվել է հունիս-հուլիս ամիսներին, մեկ խումբ էլ այժմ Հայաստանում է, բայց խոստովանում են, որ վախեցած են: Տուրիզմի գնահատման ամենաառաջին չափանիշը կյանքի, առողջության ապահովությունն է ու անվտանգությունը: Նմանատիպ ցնցումներն անդրադառնում են զբոսաշրջության վրա, սա ամենազգայուն ոլորտն է: Անգամ ամենախաղաղ ցույցերն ու բողոքի ակցիաներն ազդում են տուրիզմի վրա, որովհետև երբ զբոսաշրջիկը գալիս է երկիր, ուզում է հանգստանալ, չի ուզում փողոցի ցուցարարների գոռոցը լսել, ձայնային ազդանշանները լսել կամ 3-4 ժամ մնալ խցանման մեջ: Այդ ամենը, իհարկե, բացասական գործոններ են զբոսաշրջության համար»,- ասաց Վլադիմիր Գևորգյանը՝ հավելելով, որ տուրիստական ընկերությունները դրսում փորձում են բոլորին հանգստացնել՝ ասելով, որ մեր երկրում իրավիճակը նորմալ է:

Առհասարակ գովազդների, մեր երկիրը տարբեր երկրներում ու հարթակներում ներկայացնելու և նման այլ խնդիրների համար տուրիստական ընկերությունները տարեկան միջինը 10-15 մլն դրամ գումար են ծախսում, բայց այս տարի այդ գումարներն էլ չեն օգնի, քանի որ յուրաքանչյուր նման ցնցումից հետո, ինչպես վստահեցնում է Վլադիմիր Գևորգյանը, առնվազն երեք տարի է անհրաժեշտ, որ մարդիկ սկսեն վստահել տվյալ երկրին:

Այսօր Հայաստանում տուրիզմի ոլորտում գործունեություն է ծավալում մոտ 1500 սուբյեկտ: Անվիճելի է, որ տուրիզմը կարևոր նշանակություն ունի ցանկացած երկրի տնտեսության համար, որովհետև կանխիկ փող է մտցնում երկիր և նպաստում է, որ փողն ավելի համաչափ բաշխվի երկրի տարածքում ու ազգաբնակչության շերտերում: Որովհետև տուրիզմը ոչ միայն տուրիստական գործակալություններն են, այլև հյուրանոցներ, ռեստորաններ, սննդի օբյեկտներ, զբոսավարներ, տրանսպորտային ընկերություններ, հանգստի և զվարճանքի օբյեկտներ, առևտուր, հուշանվերների արտադրություն և այլն:

Տուրիզմի ոլորտում հայտնի մեկ այլ՝ «One way tour» ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանն էլ է նշում, որ վերջին օրերի իրավիճակը բացասաբար է անդրադարձել ոլորտի վրա:

«Կան բազմաթիվ պատվերներ, տուրիստական խմբեր, որ պետք է գային Հայաստան և հիմա չեղարկել են իրենց պատվերները: Նույնիսկ մարդ կար, որ կանխավճարի փոխանցում էր արել, կապվեց և ասաց, որ եթե կարող ենք՝ հետ փոխանցենք գումարը: Ու մեր չեղարկված պատվերների մի զգալի մասն ուղղվել է դեպի Վրաստան: Ներքին տուրիզմի ոլորտում նույնպես մեր աշխատանքը պասիվացավ: Մենք արդեն որոշակի հաշվարկներ ենք արել: Եթե կար մոտ 1000 հոգի հաճախորդ, ապա դարձավ մոտ 100-150 հոգի, ռեալ ծրագրված տուրեր չեղարկվեցին: Էլի նույն պատճառաբանությունը, որ իրավիճակը խառն է, ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու, թող կարգավորվի, նոր կորոշեն: Նույն կերպ արտագնա տուրիզմը: Այս օրերին շատ մարդիկ, որոնք նախնական պատվերներ էին տվել, արդեն չեղարկում են այդ պատվերները: Ընդհանուր առմամբ մեզ մոտ անկումը 5-6 անգամ է, և դեռևս անկանխատեսելի է, թե ինչպիսի հետագա զարգացումներ կլինեն: Ամեն դեպքում հույս ունենք, որ վիճակը կկարգավորվի, ամեն ինչ կլավանա, այս դժվարությունները ժամանակավոր են»,- մեզ հետ զրույցում հայտնեց Մաթևոս Բարսեղյանը:

Նույն պատկերն է նաև համեմատաբար նորաստեղծ ընկերությունների դեպքում: «Ֆել Ֆրի տուրս» ընկերության տնօրեն Շողեր Հակոբյանի դիտարկումները, օրինակ, նույնն են. «Ընդհանուր առմամբ շատ վատ է անդրադարձել, պարզ է, հատկապես ներքին տուրիզմի առումով բացասական անդրադարձը զգալի է: Շատերը պարզապես չեղարկում են շուտվանից ամրագրված տուրերը, ընդհանուր առմամբ չեն դիմում տուրերի համար: Թե որքան կշարունակվի՝ չգիտեմ, ամեն դեպքում դա սպասելի էր, վերջիվերջո նման իրադարձություններն առաջին հերթին հենց տուրիզմի ոլորտին են դիպչում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Տուրիստական ընկերությունների շատ ղեկավարներ հույս ունեն, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, փոփոխված իրավիճակում միգուցե ավելի շատ զբոսաշրջիկ հետաքրքրվի Հայաստանով, այդ դեպքում կփոխհատուցվեն այն վնասները, որ այսօր կրում է Հայաստանի տուրիզմի ոլորտը:

«Դրսից տուրիստները վախենում են գալ Հայաստան: Ներքին տուրեր ևս չենք կարողանում կազմակերպել: Բայց համոզված եմ` տուրիզմի ոլորտը Նոր Հայաստանում ավելի մեծ թափով կզարգանա»,- «Անկախի» հետ զրույցում նշեց «Էկոթրեվլ» տուրիստական գործակալության համահիմնադիր Մերի Եղիազարյանը:

Այո, մնում է հուսալ, որ իսկապես իրավիճակը կկարգավորվի ու այս ոլորտը, որ խիստ կարևոր է մեր երկրի համար, վերելք կունենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: